‘ Եվրոպական ֆուտբոլի արգենտինացի աստղային հարձակվողները’

1946

Եվրոպայում Արգենտինան շատ հայտնի ֆուտբոլիստներ է ունեցել. Ալֆրեդո Դի Ստեֆանոյից մինչև Դիեգո Մարադոնա, Գաբրիել Բատիստուտա և Էրնան Կրեսպո: Արգենտինացիները հիանալի են իրենց դրսևորել Եվրոպայում, և այժմ հերթն է պատմելու այն հարձակվողների մասին, ովքեր առանձնանում են այս մրցաշրջանում:

Լիոնել Մեսսին ռեկորդներ է սահմանում, Սերխիո Ագուերոն փայլում է Անգլիայի Պրեմիեր լիգայում, Իտալիայի առաջնությունում արգենտինացիները զգում են իրենց ինչպես տանը: Ներկայացնում ենք Եվրոպայում հաջող ելույթ ունեցող արգենտինացի հարձակվողներին: 

Լեո Մեսսի, «Բարսելոնա»

«Լեո Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: Նա առաջիկայում էլ կզարմացնի մեզ»,-բազմիցս հայտարարել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկե: Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում իր 400-րդ գոլը խփեց, նոյեմբերին հեթ-տրիկի հեղինակ դառնալով «Սևիլիայի» դեմ խաղում` գերազանցեց Տելմո Սարրայի ռեկորդը. վերջինիս անվան դիմաց 251 գոլ է գրանցված Իսպանիայի առաջնություններում: Սարրայի ռեկորդը գերազանցելուց երեք օր անց Մեսսին հեթ-տրիկ ձևակերպեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի` ԱՊՕԷԼ-ի հետ խաղում ու դարձավ մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն` այս անգամ գերազանցելով Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլ Գոնսալեսի ռեկորդը: 

Սերխիո Ագուերո, «Մանչեսթեր Սիթի»

«Սերխիոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, լավագույն հարձակվողներից մեկը»,-վստահեցնում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին: Այս մրցաշրջանը շատ լավ դասավորվեց Ագուերոյի համար (չհաշված վնսավածքը), ով կարևոր դեր խաղաց թիմի համար կարևոր պահին` Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հեթ-տրիկ ձևակերպելով «Բավարիայի» դեմ խաղում: Ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն 21 խաղում 19 գոլ է խփել: Նախորդ մրցաշրջանում Սերխիոն 34 խաղում 28 գնդակ էր խփել: Զուգահեռ անցկացնելով Մեսսիի և Ռոնալդուի հետ` Ագուերոյի արդյունավետությունը չի նվազում: Իսպանիայում, որտեղ հանդես են գալիս համաշխարհային ֆուտբոլի մերօրյա հսկաները, 26-ամյա հարձակվողը 75 գնդակ է խփել 175 խաղերում, երբ Անգլիա տեղափոխվելուց առաջ նա խաղում էր «Ատլետիկոյում»: 

Կառլոս Տևես, «Յուվենտուս»

«Յուվենտուսի» 6 խաղերում Տևեսի 3 գոլերը օգնեցին հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը: Հավաքականի կազմում 66 խաղ անցկացրած հարձակվողը «Յուվեի» կազմում (2013-14թթ. մրցաշրջանում) 21 գոլի հեղինակ է դարձել 48 խաղերում, օգնել է թիմին հաղթել Իտալիայի առաջնությունում և հասնել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ: Այս մրցաշրջանում «Յուվենտուսը» պատրաստ է չորրորդ անգամ անընդմեջ հաղթել Իտալիայի առաջնությունում, իսկ Տևեսը նահանջելու մտադրություն չունի: 

Մաուրո Իկարդի, «Ինտեր»

Իկարդին շարունակում է զարգանալ «Ինտերում» և վատ հանդես չի գալիս Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունում: Նա Եվրոպա լիգայի 6 խաղերում 4 գնդակի հեղինակ է դարձել, իսկ միլանյան թիմը խմբում առաջին հորիզոնականն է զբաղեցրել:

«Լա-Մասիան» ոչ միայն աշխարհի լավագույն տեղն է ֆուտբոլիստ դառնալ սովորելու համար: Այնտեղ ես շատ բան եմ իմացել կյանքի մասին»,-պատմում է «Բարսելոնայի» ակադեմիայի 21-ամյա սանը: Կես տարով «Ջենոայում» վարձավճարի դիմաց հանդես գալուց հետո Իկարդին կարիերան շարունակեց «Սամպդորիայում», որի կազմում 33 խաղում 11 գնդակ է խփել նախքան «Ինտերի» ֆուտբոլիստ դառնալը:

Պաոլո Դիբալա, «Պալերմո»

«Մասամբ Լեո Մեսսին է, մասամբ Վինչենցո Մոնտելլան: Համաշխարհային մակարդակ»,-Դիբալային այսպես է բնութագրում «Պալերմոյի» նախագահ Մաուրիցիո Ձամպարինին: Դիբալան, ում հաճախ նաև Ագուերո են անվանում, արգենտինացի հեռանկարային ֆուտբոլիստներից է:

21-ամյա արգենտինացին վերջերս Իտալիայի առաջնության 5 խաղում անընդմեջ գոլի հեղինակ դարձավ, իսկ նման խաղը նրան պահանջված է դարձնում տրանսֆերային շուկայում: Նա 2012-ին տեղափոխվեց Ապենինյան թերակղզի և հիմա իր լավագույն մրցաշրջանն է անցկացնում, ինչին, հավանաբար, համակ ուշադրությամբ հետևում են Արգենտինայի հավաքականի ղեկավարները: Դիբալայի և նրա հայրենակից Ֆրանկո Վասկեսի ջանքերով «Պալերմոն» Իտալիայի ընթացիկ առաջնությունում վատ տպավորություն չի թողնում: 

Լուսիանո Վիետտո, «Վիլյառեալ»

«Ես երազել եմ խաղալ Եվրոպայում: Կարծում եմ, որ այդ մասին յուրաքանչյուր ֆուտբոլիստ մտածում է մանկության ընթացքում»,-խոստովանել է 21 ամյա Վիետտոն` անցյալ ամռանը արգենտինական «Ռասինգից» Իսպանիա տեղափոխվելով: 2014 թվականի վեջին «Դեպորտիվոյի» դեմ խաղում (3:0) նա դուբլի հեղինակ դարձավ և թիմին օգնեց հասնել առաջնության 5-րդ հորիզոնականին:

«Վիետտոն հիանալի ֆուտբոլիստ է, ով այս պահին մեզ համար հիանալի է խաղում: Նրա հարմարվելու գործընթացը մեր սպասածից ավելի լավ ընթացավ»,-ասում է թիմի մարզիչ Մարսելինոն: Վիետտոն լավ է հանդես գալիս նաև Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունում, որում 5 գոլ է խփել, իսկ «Վիլյառեալը» դուրս է եկել 1/16 եզրափակիչ: 

Գոնսալո Իգուային, «Նապոլի»

«Ռիվեր Փլեյթի» նախկին հարձակվողը «Նապոլիում» առաջին մրցաշրջանի ժամանակ` 2013-ին 46 խաղում 24 գնդակ խփեց: Ընթացիկ մրցաշրջանում Գոնսալոն նպատակ ունի բարելավելու սեփական ցուցանիշը:

«Ուզում եմ անել այն, ինչ արեց Մարադոնան` նվաճել սկուդետոն: Նա Նեապոլին խենթացրեց: Եթե ես էլ կարողանամ, ապա դա իրականացված երազանք կլինի»,-ասել է «Նապոլիի» առաջատարը: Մարադոնան ստիպված էր երեք տարի սպասել, որպեսզի 1986-87թթ. մրցաշրջանում կարողանար չեմպիոնի տիտղոսը նվաճել: Ինչպես երևում է, Իգուայինը ևս դեռ պետք է սպասի. Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Նապոլին» զգալիորեն զիջում է առաջատար «Յուվենտուսին»: 

Ֆրանկո Դի Սանտո, «Վերդեր»

«Անկասկած, մեզ համար դա կորուստ էր,-ասաց «Վերդերի» ղեկավար Վիկտոր Սկրիպնիկը այն բանից հետո, երբ Դի Սանռոն նոյեմբերին վնասեց ծունկը:- Ֆրանկոն հիանալի մարզավիճակում էր: Իհարկե, մենք շատ կցանկանայինք տեսնել նրան խաղադաշտում»: Նախքան հիվանդանոցում հայտնվելը նա հասցրեց Բունդեսլիգայի ռմբարկուական մրցավազքում փայլել: «Չելսիի» և «Ուիգանի» նախկին ֆուտբոլիստը կարևոր դեր խաղաց, որպեսզի թիմը իր պատմության մեջ վատագույն մեկնարկից հետո բարելավվի դիրքերը: Սակայն այժմ էլ «Վերդերին», որը Բունդեսլիգայի 17-րդ տուրից հետո 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում, լարված պայքար է սպասվում ապրելու համար: 

Էդուարդո Սալվիո, «Բենֆիկա»

«Նա սկսում է իրագործել իր պոտենցիալը: Օրինակելի պրոֆեսիոնալ է և հիանալի բնավորությամբ երիտասարդ»,-ասել է մարզիչ Ժորժ Ժեզուշը ֆուտբոլիստի` պորտուգալական ակումբ տեղափոխվելուց հետո: Այս մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը հիանալի մարզավիճակում է և «Բենֆիկային» օգնել է դառնալ երկրի ձմեռային չեմպիոն: «Ատլետիկոյի» կազմում Եվրոպա լիգայի երկակի չեմպիոնը Լիսաբոն տեղափոխվեց 2012-ի օգոստոսին, մինչ այդ իրեն լավ էր դրսևորել նաև 2010-11թթ. մրցշրջանում, երբ «արծիվների» կազմում հանդես էր գալիս վարձավճարով: Նախքան Իսպանիա տեղափոխվելը Սալվիոն հայրենիքում պաշտպանել է «Լանուսի» գույները:

Նախորդ հոդվածը‘Հայոց համազգային շարժման հիմնադիր համագումարը — Մաս 3’
Հաջորդ հոդվածը‘Շենգավիթի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի լիազորությունները դադարեցվել են’