Եվրոպայի առաջնությունը՝ վիրուսի «բուծարան»

1461

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ վերջին շաբաթում Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների թիվը, երկարատև անկումից հետո՝ աճել է 10 տոկոսով, և դրա պատճառներից մեկը, թեկուզև՝ ոչ միակը, կարող է լինել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։

Ճիշտ է, վարակվածության թվերը գրեթե չեն աճում Եվրոպայի «միջուկը» հանդիսացող խոշոր երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, բայց դրա փոխարեն՝ դրանք չափազանց մեծ աճ ունեն «ծայրամասերում»՝ Բրիտանիայում և Ռուսաստանում։

Ընդ որում՝ շատ վարակակիրներ են հայտնաբերվել Լոնդոն և Սանկտ Պետերբուրգ այցելած ֆուտբոլային երկրպագուների շրջանում։ Պետերբուրգից վերադարձած ֆինն յուրաքանչյուր հինգերորդ երկրպագուի մոտ հայտնաբերվել է վիրուսը, իսկ Պետերբուրգը հիմա ռուսաստանյան ռեկորդներ է սահմանում  կորոնավիրուսի հետևանքով մահերի թվով։ Շոտլանդիայում պարզվել է, որ 1 294 նոր դեպքերը  կապված են այն ֆուտբոլասերների հետ, որոնք Լոնդոն են մեկնել Շոտլանդիա-Անգլիա խաղին հետևելու համար։

Իսկ ընդհանուր առմամբ՝ ԱՀԿ-ն վարակվածության աճը կապում է կորոնավիրուսի նոր շտամմների տարածման, մարդկանց շփումների սահմանափակումները մեղմացնելու կամ չեղարկելու և պատվաստման ոչ բավարար տեմպերի հետ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՈւիմբլդոն․ Ռոջեր Ֆեդերերը պայքարից դուրս թողեց Ռիշար Գասկեին
Հաջորդ հոդվածըՈւիմբլդոն․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան