‘Եվրոպայի լիգայի եզրափակիչ` «Բենֆիկա» — «Չելսի»’

1231

Չեմպիոնների լիգայի մասնակիցներով՝ Եվրոպայի լիգայի խաղարկություն: Այսպես կարելի է բնութագրել այս մրցաշրջանի Եվրոպայի լիգան, որը հերթական անգամ իտալական ակումբները չկարևորեցին, իսպանականները նույնպես, իսկ շվեյցարական և թուրքական ակումբները կարողացան հասնել միայն մինչև կիսաեզրափակիչ: Անգլիական 3 ակումբներից էլ 1/4-րդ փուլը միայն «Չելսին» հաղթահարեց՝ հասնելով մինչև եզրափակիչ, որտեղ նրանց մրցակիցը ևս մեկ ՉԼ-ի մասնակից թիմ է՝ «Բենֆիկան»:

Թիմերը վերջին անգամ հանդիպել են նախորդ մրցաշրջանում՝ ՉԼ-ի 1/4-րդ եզրափակչում, որտեղ Դի Մատեոյի թիմը, ինչպես փլեյ-օֆֆ փուլի բոլոր խաղերում, բոլոր առումներով՝ բացի հաշվից, զիջեց իր մրցակցին: Բացի դա՝ «Բենֆիկայի» նախագահ Լուիշ Ֆիլպե Վիեյրան մինչև հիմա համոզված է, որ այդ հակամարտության հաղթողի հարցում մեծ նշանակություն ունեցան մրցավարական կոպիտ սխալները, բայց ինչպես հիշում ենք՝ «Չելսիին» ոչ միայն երկրային ուժերն էին օգնում չեմպիոնության ճանապարհին:

«Բենֆիկան» մրցաշրջանից առաջ ընդհանուր 60 մլն €-ով վաճառեց իր առաջատար կիսապաշտպաններ Աքսել Վիցելին և Խավի Գարսիային, ինչը, թիմի առաջատար հարձակվող Օսկար Կարդոսոյի մարզավիճակի անկման պայմաններում՝ թույլ չտվեց, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել ՉԼ-ի ոչ ամենաբարդ խումբը: Ներքին առաջնությունում Ժորզե Ժեզուշի սաների գործերը փայլուն էին ընթանում՝ մինչև անցած շաբաթ օրը «Պոևտուի» դեմ հանդիպման ավելացրած 2-րդ րոպեն: Կելվինի ձախ ոտքի հարվածից հետո «Բենֆիկայի» մարզչի ծնկաչոք տեսարանն ամբողջապես արտացոլում է պարտության արժեքը, որի պատճառով նրանք գրեթե կորցրին չեմպիոնության հույսերը: Իհարկե, Եվրոպայի լիգայի գավաթը կարող է մեծապես մխիթարել Ժեզուշին և իր սաներին, ովքեր եզրափակչի ճանապահին հաղթահարեցին «Բայեր Լեվերկուզենի», «Բորդոյի» և «Նյուքասլի» կարգի ակումբների:

«Չելսին», որը համեմատաբար հեշտ ճանապարհ ունեցավ դեպի Ամստերդամ, երևի թե անցկացրեց Աբրամովիչի ժամանակաշրջանի վատագույն մրցաշրջանը: Աբրամովիչը երկրպագուների ճնշման և Գվարդիոլայի մերժման պայմաններում որոշեց Դի Մատեոյին թողնել գլխավոր մարզչի պաշտոնում: «Չելսին» նույնպես չկարողացավ հաղթահարել ՉԼ-ի խմբային փուլը, և Դի Մատեոյին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Ռաֆա Բենիտեսը: Իսպանացու նշանակումը թիմի երկրպագուները, մեղմ ասած, լավ չվերաբերվեցին: Անկախ երկրպագուների վերաբերմունքից՝ Բենիտեսն ընդհանուր առմամբ, բացի Աշխարհի ակումբային առաջնությունում «Կորինտիանսին» զիջելուց, կարողացավ լուծել մրցաշրջանի մնացած ժամանակահատվածի կարևորագույն խնդիրը՝ որակավորվել ՉԼ: Բացի այդ՝ նա որոշակիորեն վերակենդանացրեց  Ֆերնանդո Տորեսին և շատ մոտ է Եվրոպայի լիգայում հաղթանակին:

Վերջաբան

«Չելսին», իհարկե, եզրափակչի ընդգծված ֆավորիտն է: Թիմի ֆուտբոլիստները ՉԼ-ից դուրս մնալուց անմիջապես հետո հայտարարեցին,  որ իրենք շատ են ցանկանում հաղթել Եվրոպայի լիգայում: Աբրամովիչի թիմը, մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, հնարավորություն ունի դառնալու առաջին թիմը, որը միաժամանակ իր մոտ կունենա եվրոպական ակումբային երկու գավաթներն էլ: Էդեն Ազարի և Ջոն Տերիի բացակայությունը, իհարկե, իրեն զգալ կտա, բայց «Չելսիի» առջևի իսպանական երկյակը՝ Մատա Տորեսը, ունակ է ավելացնելու իրենց առանց այդ էլ հարուստ տիտղոսների քանակը և երկրպագուների մոտ բարձրացնել Բենիտեսի հեղինակությունը:

Նախորդ հոդվածը‘«Թանգարանների գիշեր» ծրագրին մասնակցում է 88 թանգարան (ծրագիր)’
Հաջորդ հոդվածը‘«Վատիկան բլյուզ». Օպերացիա ժառանգորդ is starting, but աներ, he’s չի շտապում’