‘Եվրոպայի կազմում լավագույնը Արման Երեմյանն էր’

940

Թաեքվոնդոյի միջազգային և ՌԴ ֆեդերացիաները առաջին անգամ   համատեղ՝ Մոսկվայում,  կազմակերպեցին և անցկացրին Եվրոպա — Ասիա մրցամարտ: Ասիա աշխարհամասը  ներկայացնում էր Իրանը, որը քաշային բոլոր չորս կարգերում հայտավորել  էր աշխարհի գործող չեմպիոններին: Տատամի ելան նաև կազմակերպիչ կողմի`Ռուսաստանի և ասիական մեկ այլ  երկրի` Հորդանանի հավաքականները:

Նորամուծություն էր կատարվել նաև  մրցակարգում: Երկուական րոպե տևողությամբ, երեք ռաունդանոց մենամարտի փոխարեն կիրառվեց երկու ռաունդից բաղկացած հինգական րոպեանոց  մենամարտ, միայն թե  այս պարագայում, ինչպես լինում է, օրինակ, բասկետբոլում կամ վոլեյբոլում, ցանկացած պահի մարզիչը կարող է մրցող մարզիկին արագորեն փոխարինել մեկ ուրիշով:

Արժե նշել , որ եվրոպացիների կազմում բոլորից շատ միավորներ վաստակեցին երևանցի Արման Երեմյանը (80 կգ, 28 միավոր) և Եվրոպայի կրկնակի ու աշխարհի նախկին չեմպիոն, խորվաթ Ֆիլիպ Գրիկը (68 կգ, 26 միավոր):

Թիմային պայքարում հավաքականները դասավորվեցին հետևյալ հաջորդականությամբ. Ասիա (Իրան), Եվրոպա, Ռուսաստան, Հորդանան:

Նման ներկայացուցչական մրցաշարում Եվրոպայի նախկին չեմպիոն Արման Երեմյանի մասնակցությունը պատահական չէ: Անշուշտ, գնահատվել է հայ մարզիկի բարձր կարգը, բացի այդ, լոնդոնյան օլիմպիական խաղերի եվրոպացի մեդալակիրներ, իսպանացի Հեմմե Գարսիան վնասվածք ուներ, իսկ բրոնզե մեդալակիր, լոնդոնցի ծանրքաշային  Մոհամադ Լուտալոյին ոչ մի կերպ  չէր հաջողվել բեռնաթափվել ավելորդ կիլոգրամներից:

Զրույցի ժամանակ Արման Երեմյանն ասել է, որ առաջիկայում կհանգստանա, կապաքինի հին ու նոր  վնասվածքները  և  ամանորի տոներից հետո կսկսի լրջորեն նախապատրաստվել պատասխանատու մրցաշարերին, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամլո ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Կազմակերպիչները պետք ունենան պատասխանատվության իրենց բաժինը ‘
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլին պաշտոնապես խորհրդարանում վարչապետի պաշտոնում առաջադրել է Իվանիշվիլիի թեկնածությունը ‘