‘Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության լավագույն 11-ը ‘

962

Ավարտվեց մինչև 21 տարեկանների Եվրոպայի 19-րդ առաջնությունը, որտեղ, ինչպես հին մայրցամաքի ազգային հավաքականների մրցաշարում, հանդիպեցին Իսպանիան և Իտալիան: Միանգամից եզրակացնել, թե այս երկրների երիտասարդները լավագույնն են Եվրոպայում, և տարիներ հետո նույն ֆուտբոլիստները կհանդիպեն, օրինակ, Եվրո 2020-ին՝ սխալ կլինի: Նախ՝ այդ տարիքում տաղանդ համարվող մեկ ֆուտբոլիստ չէ, որ հետագայում ձախողել է հասուն ֆուտբոլիստի կարիերան, և հետո՝ նույն գերմանիացի երիտասարդները ոչ թե հավաքականի ապագան են, այլ ներկան:

Բայց մեծահասակների վերջին Եվրոյի հետ ընդհանրությունները բավականին շատ են: Այստեղ էլ իսպանացիները մրցաշարի գլխավոր ֆավորիտն էին համարվում, այստեղ էլ նրանք իրենց լավագույն խաղը ցուցադրեցին հենց եզրափակչում: Եվ ինչպես անցյալ ամռանը, երբ ամբողջ մրցաշարի ընթացքում բոլոր թիմերի ուժեղագույն ուղեղը Պիրլոն էր, բայց եզրափակչում նրան գերազանցեց Չավին, այստեղ էլ մրցաշարի լավագույն կառուցող կիսապաշտպանը իտալացի էր՝ Վերատին, բայց նրան եզրափակչում գերազանցեց Տյագո Ալկանտարան:

«Կարմիր ֆուրիայի» երիտասարդները այս հաղթանակով մի փոքր հանգստացրին ՉավԻնյեստայի արժանի փոխարինող փնտրող իսպանական ֆուտբոլի երկրպագուներին:

Անդրադառնանք մրցաշարի լավագույն ֆուտբոլիստներին՝ ըստ խաղային դիրքերի, որտեղ գերակշռում են իսպանացիները:

Դարպասապահ՝ Օրյան Նիլանդ

Կարելի էր, իհարկե, ընտրել Դավիդ Դե Խեային, ով շուտով կսկսի համարվել նաև ազգային հավաքականի փոխարինող, բայց այդժամ գայթակղությունը շատ մեծ կլիներ՝ բոլոր դիրքերում ընտրել իսպանացիներին: ԱԱ 1998-ից հետո նորվեգական ֆուտբոլը միայն անկում է ապրում, և այս խաղացողների սերունդը ունակ է շտկելու իրավիճակը: Նիլանդը լավ խաղ ցուցադրեց խմբային փուլում, բայց իր լավագույն խաղն անցկացրեց իսպանացիների դեմ 1/4-ում: «Մոլդեն» արդեն բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում դարպասապահի վերաբերյալ:

Աջ պաշտպան՝ Մարտին Մոնտոյա

Մինչև եզրափակիչը մրցաշարի լավագույն աջ պաշտպան կարելի էր համարել Ջուլիո Դոնատիին, բայց Մոնտոյան եզրափակչում ցույց տվեց, որ արժանի է Դանի Ալվեշի ապագա փոխարինողը համարվել: Մոնտոյան թե՛ առջևում, թե՛ պաշտպանությունում իր վստահ խաղով հաղթեց մրցակցությունը «Բունդեսլիգայի» ավարտված խաղաշրջանի հայտնություններից մեկի՝ Դանի Կարվախալի դեմ, ով արդեն «Ռեալ Մադրիդի» խաղացող է:

Կենտրոնական պաշտպան՝ Մատեո Բիանկետի

Մինչև եզրափակիչը՝ իտալացիներն ընդամենը մեկ գոլ էին բաց թողել, այն էլ՝ 11 մ-ից: Բիանկետի-Կանդիրոլա զույգը, ինչպես միշտ, խոստանում է լավ ապագա «Սկուադրա Աձուրայի» պաշտպանության կենտրոնի համար: Բիանկետիի «Վերոնան» այս տարի վերադարձել է «Սերիա Ա», և մենք հնարավորություն կունենանք նրա խաղին ավելի լավ ծանոթանալ:

Կենտրոնանական պաշտպան՝ Մարկ Բարտրա

Բարսան անդադար Պիկեին խաղընկեր է փնտրում, իսկ լուծումը, այս Եվրոյից հետո թվում է, թե տանը պետք է փնտրել: Ուժեղ է թե՛ ֆիզիկապես, թե՛ դիրք գրավելու առումով, և ավելի տպավորիչ է, քան իր խաղընկեր Ինյիգո Մարտինեսը, ում Բարսան ևս ցանկանում է:

Ձախ պաշտպան՝ Ալբերտո Մորենո

Եթե Կապդեվիլյայից հետո իսպանացիները մտահոգ էին ազգային հավաքականի ձախ պաշտպանի համար, ապա երկու տարվա ընթացքում հավաքվեցին միանգամից երեք ուժեղ «լատերալներ»՝ Ժորդի Ալբա, Մոնրեալ և այժմ նաև Ալբերտո Մորենո: «Սևիլյայի» խաղացողը կարծես Մոնտայայի հայելին լիներ ձախ թևում և շատ լավ էր հասկանում, թե երբ պետք է մնալ պաշտպանություն, և երբ նետվել առաջ:

Հենակետային կիսապաշտպան՝ Մարկո Վերատի

ՊՍԺ-ի տեխնիկապես հզոր կիսապաշտպանը ամեն անգամ ավելի է հաստատում իր «Նոր Պիրլո» համարվելու կոչումը: Անդրեան արդեն 34 տարեկան է, և ոչ ոք ներկայիս «Սկուադրա Աձուրայի» կազմից այդքան համոզիչ չի թվում, որքան Վերատին: Անչելոտին ամեն ինչ կանի Մարկոյին իր հետ Մադրիդ տեղափոխելու համար:

Կենտրոնական կիսապաշտպան՝ Տյագո Ալկանտարա

 Բարսայում նրա ապագան շարունակում է մշուշոտ մնալ, իսկ կատալոնական թերթերը ընդհանրապես պնդում են, որ խաղացողը վճռել է լքել իր հարազատ թիմը: Ամեն դեպքում՝ այդ ամենը չխանգարեց իսպանացիների ավագին՝ փայլել Եվրոյում: Եվ նույն կատալոնական «Սպորտը» իտալացիների դեմ եզրափակչում Տյագոյի ձևակերպած «հեթ-տրիկից» հետո այսօր լույս տեսավ «Այս տաղանդը չպետք է գնա» վերնագրով: «Պրեմիեր լիգայի» առաջատարները սպասում են Տյագոյի և Տիտո Վիլանովայի առանձնազրույցին, որից հետո ամեն կերպ կփորձեն փախցնել «Նոր Չավիին»: Ասում են՝ Ռոման Աբրամովիչը երեկ անձամբ է հանդիպել խաղացողի հետ:

Կենտրոնական կիսապաշտպան՝ Լևիս Հոլտբի

«Տոտենհեմի» խաղացողը մի փոքր դանդաղում է իր աճի հարցում և իհարկե իր կարգով զիջում է Մյուլլերին կամ Տոնի Կրոսին: Ազգային հավաքականի հիմնական խաղացող դառնալու համար դեռ շատ բան պետք է ավելացնել, բայց ահա «Տոտենհեմի» համար դառնալ «Նոր Մոդրիչ»՝ արդեն հիմա կարելի է:

Աջ եզրային հարձակվող՝ Ջիորջինյո Վեյնալդում

Փայլեց խմբային փուլում, բայց չերևաց իսպանացիների և իտալացիների դեմ խաղերում: ՊՍՎ-ի 10 համարը ակտիվ է, արագ և գոլային նշանառությամբ, եթե հավատանք հոլանդական մամուլին, ապա Ջիորջինյոն դեռևս շատ հեռու է իր ամբողջ պոտենցիալը ցուցադրելուց:

Ձախ եզրային հարձակվող՝ Իսկո

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստը, ով ունի ամենը գերաստղ դառնալու համար: Իսկոն նոր անուն չէ երևի թե և ոչ մի ֆուտբոլասերի համար: Դարձավ երկու փայլուն գոլի հեղինակ, յուրաքանչյուր խաղում տանջեց մրցակիցներին և ապացուցեց, որ արժանի է իր տրանսֆերի համար պահանջվող 30 մլն €-ին: Հաջորդ մրցաշրջանում, որտեղ էլ որ լինի, նրան ընդամենը խաղային ժամանակ է պետք, և կարելի կլինի վստահ ասել, որ ազգային հավաքականի հետ կմեկնի Բրազիլիա:

Կենտրոնական հարձակվող՝ Ալվարո Մորատա

«Ռեալ Մադրիդի» հարձակվողը, թեև մեկնարկային կազմի խաղացող չէր, հասցրեց իր 4 գոլերով դառնալ մրցաշարի լավագույն ռմբարկու: Մորատայի մասին կարելի է ասել, որ նա կլասիկ «9» չէ և ավելի շատ նման է Դավիդ Վիլյային: Մադրիդի «Ռեալում» Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է գնել կամ Կավանիին, կամ Լուիս Սուարեսին, այնպես որ՝ Մորատայի ապագան Մադրիդում շատ բարդ է թվում: 

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. բարի գալուստ «Լիվերպուլ». Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Սերժ Սարգսյանը կառավարում է «խնայող տնտեսուհու նման» ‘