‘Եվրոպայում անհետացել է 10 հազար ներգաղթյալ երեխա’

1103

Ավելի քան 10 հազար ներգաղթյալ երեխաներ անհետացել են Եվրոպա ժամանելուց հետո, հայտարարել է Եվրոպոլը:

Եվրոպոլի ղեկավար Բրայան Դոնալդը Observer թերթին տված հարցազրույցում նշել է, որ խոսքը առնվազն 10 հազար երեխաների մասին է, որոնց գտնվելու վայրի մասին եվրոպական իշխանությունները ոչինչ չգիտեն: Եվրոպոլի ներկայացուցիչների խոսքով՝ երեխաներն անհետացել են այն բանից հետո, երբ գրանցվել են ժամանման երկրի իշխանությունների կողմից:

Եվրոպացի ոստիկանների կարծիքով՝ նրանցից ոմանք, հնարավոր է, սեռական շահագործման զոհ են դարձել, կամ էլ տեղական քրեական խմբավորումները նրանց ստիպում են ստրկական աշխատանք կատարել:

Իտալիայի իշխանությունները դեռ 2015 թ. մայիսին էին տեղեկացրել, որ անցյալ ամառվանից փախստականների ընդունման կենտրոններից անհետացել են հինգ հազար երեխաներ: Հոկտեմբերին Շվեդիայի իշխանություններն էին հաղորդել հազար փախստական երեխաների մասին, որոնք ժամանել էին առանց մեծահասակների ուղեկցության և մի քանի ամսվա ընթացքում կորել էին:

Save the Children հասարակական կազմակերպության տվյալներով՝ անցյալ տարի 26 հազար երեխաներ և անչափահասներ են ժամանել Եվրոպա՝ առանց մեծահասակների ուղեկցության:

Եվրոպոլը նաև տեղեկացրել է, որ մարդկանց առևտրով զբաղվող քրեկան հանցախմբերն այժմ նշանառության տակ են առել հենց փախստականներին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի ճանապարհներ կան’