‘Եվրո-ռուսական «հեղաշրջման» վերջն անխուսափելի է ‘

1943

Ախր՝ ձեր ինչի՞ն էր պետք էս ամենը: Ավելի լավ կանեիք՝ օղի կամ վիսկի խմեիք:

Բելինսկու՝ Գոգոլին ուղղված նամակից:

Քարնեգի հիմնադրամի՝ Կովկասյան հարցերով փորձագետ Թոմաս Դե Վաալը, նույն հիմնադրամի մոսկովյան կենտրոնում հրապարակված իր հոդվածներից մեկում հետեւյալ միտքն էր արտահայտել. «Հայաստանի կառավարությունում դժգոհում են, թե ԵՄն իրենց մանեւրելու տեղ չթողեց: Իսկապես այդպես է, քանի որ բրյուսելյան բյուրոկրատիան անհարմար մեքենա է: Բայց պատահածը կարելի է նմանեցնել մի՛ քանի տարի տեւած ու դանդաղ ընթացքով ավտովթարի: Ե՛վ Սարգսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակներն ընդունել էին Ռուսաստանի կողմից՝ երկրի տնտեսության կլանումը, ինչը նրանց թույլ էր տալիս պահպանել քաղաքական վերահսկողությունն ու եվրոպական ոճով մրցակցության չենթարկվելը: Եւ երբ Սարգսյանը փորձեց եվրոպացիների հետ միասին զգուշորեն վերանայել այս գործարքը, նա այլևս ընտրության հնարավորություն չուներ»:

Հիմա եթե չտրվենք ամեն բան ինչ-որ երեւակայական ճնշումներով ու հենց միայն սեպտեմբերի 3-ի «հանկարծահաս աղետով» պայմանավորելու գայթակղությանը, ստացվում է, որ այս փոքրիկ մեջբերումը հրաշալիորեն է բացատրում իրերի իսկական դրությունը: Իսկապես էլ՝ 1998-ի պետական հեղաշրջումից հետո ընկած ողջ ժամանակահատվածում, ամենասովորական թալանից բացի, քոչարյանա-սարգսյանական զույգը զբաղված է եղել միայն սեփական աթոռը ամրապնդելու եւ լայն զանգվածների շրջանում «իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» քաղաքական տհասության ներարկման գործով:  Եւ քանի որ ամեն բան իր գինն ունի, արդյունքում ոչ թե սեպտեբերի 3-ին, այլ դրանից շա՛տ ավելի առաջ է ռուսներին վճարվել այն, ինչը հիմա թունդ արեւմտամետները ներկայացնում են պետականության կորուստ, սուվերենության գահավիժում եւ այլ բարեհունչ անուններով:

Հիմա այս ամբողջ պատմության մեջ ամենացավալին, իհարկե, այն է, որ խայտառակությունը, ինչի մասին խոսում ենք սեպտեմբերյան իրադարձություններից այս կողմ, եւ որն իր գագաթնակետին հասավ ղազախա-բելոռուսական փայլուն մատուցմամբ, գոնե վերջին յոթ-ութ տարիների ընթացքում հունցվեց հենց բրյուսելյան բյուրոկրատական եւ փարիսեցիաբար ձեռքերը լվացող համակարգի միջոցով: Եւ որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի՝ անհրաժեշտ է վերադառնալ արեւելյան գործընկերության կազմման ակունքներ: Հիմա, անշուշտ, բոլորն են մոռացել, թե այս գաղափարն առաջին անգամ հնչեցրած երկրներում ինչպես սիրահոժար համաձայնեցին Քոչարյանի՝ «Հայաստանը տարածաշրջանի ամենակազմակերպված պետությունն է» բանաձեւին, եւ հենց միայն այդ սկզբունքից ելնելով՝ մեզ միացրին Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին ու մյուսներին:

Հիմքում, այսինքն, Եվրոպայում ոչ թե ժողովրդավար Հայաստան տեսնելու մղումն էր, այլ իշխանությունը զավթածների կազմակերպված լինելու հանգամանքը: Եվրոպական էմիսարներին, հավանաբար, թվում էր, թե ինչ կարգուկանոնով սրանք պուտինյան մահակին են հմայված նայում՝ սա իբրեւ Մովսեսի գավազան ընդունելով, նույն շարային քայլքով էլ պատրաստ են լինելու երկրպագել իրենց աստղերին, տարածաշրջանից վռնդելով ատելի Ռուսիային:

Եզրակացությունը մեկն է. գործարքը գործարք է` լինի Կրեմլի, թե Բրյուսելի հետ: Եւ հիմա եթե Եվրոպայում իրենց խաբված են զգում, հարկավոր է հիշել, որ 2008-ին սկիզբ առած ու ցայսօր շարունակվող ողջ մեր Պայքարի ընթացքում իրենք էլ հայ ժողովրդին են խաբել՝ բացարձակ հաշվի չառնելով նրա եւ ոչ մի նվիրական ցանկություն ու երազանք: Աբսուրդն այն է, որ հատկապես նրանք, որոնք լիովին տեղավորվում էին եվրոպական իրական աշխարհընկալման շրջանակներում:

Ասեմ ավելին. ի՞նչ խղճով է եվրոպական մամուլը այժմ հեգնում մեր երկրին՝  «Հայաստանին ՄՄ-ում էլ չեն սպասում»-ի կարգի գլխագրերով, կամ՝ թող որ արդարացիորեն, բայց ո՞ր իրավունքով է քննության առնում Մաքսային միության տնտեսական աննպատակահարմարության խնդիրն` այն դեպքում, երբ չորս տարի Բաղրամյան 26-ի հետ բանակցելով՝ որեւէ բան չարեցին, որպեսզի մեր տնտեսությունը գոնե մեկ միլիմետրով ինտեգրվեր եվրոպական ընտանիքին: Ի վերջո, ամպագոռգոռ խոսքերից անդին՝ իրական թվեր կան: Դատեք ինքներդ. վերջին 10 տարվա ընթացքում մեր տնտեսության արտահանումը ԵՄ երկրներ 38%-ից նվազել ու հասել է  8%-ի: Եւ դա այն դեպքում, երբ Մաքսային միության երկրների հետ ՀՀ ամբողջ արտահանման ծավալի 25%-ն է փոխկապակցված: Միայն անցած տարվա ընթացքում Ռուսաստանն ամեն բան արեց, որ իր հայտնի  «համերկրացիների» ծրագրով մեր քաղաքացիներին պատանդ դարձնելուց բացի՝ նաեւ երկու երկրների ապրանքաշջանառությունն ավելացնի մոտ 20%-ով: Նույն տարվա ընթացքում Հայաստան մտած տրանսֆերների 1.7 միլիարդ դոլարից 1.4 միլիարդը միայն արձանագրվել է որպես ռուսական ծագմամբ փող: Չնայած համարյա զրոյական ներդրումներին՝ եղածի համարյա 90%-ը, նույնիսկ Համաշխարհային բանկի տվյալներով, կազմել  են ռուսական ներդրումները:

Ուրեմն, ինչո՞ւ է հիմա նեղսրտում Եվրամիությունը կամ ինչպես Կարեն Բեքարյանն է ասում՝ աշխատում է, Հայաստանի անունը չտալով, մարսել պատահածը, մտքում, այնուամենայնիվ, ռեւանշի հույս փայփայելով: Սրանց ինչո՞ւ է թվում, թե ոչինչ չանելը, ՀՀ քաղաքացուն արհամարհելը, Բաղրամյան 26-ում նստածի՝ իշխանությունն ուզուրպացնելը, մարտի 1-ի արյունն ու երկրում կուտակված դառնությունը նկատել չտալը համադարման էր բոլոր դեպքերում եւ կամ՝ պարտադիր պայման՝ ԵՄ-ին ասոցացվելու համար: Կհանդուրժեի՞ն իրենք որեւէ նման բան իրենց իսկ երկրներում: Իհարկե՝ ոչ: Եւ եթե` ոչ, ամեն բան ասված է:  Անհամեստություն չթվա՝ ինքներս, ուրեմն, ամեն բան կանենք, որ առանց որեւէ մեկի օգնության պատմության աղբանոց նետենք այն, ինչը մի բառով կոչվում է եվրո-ռուսական հեղաշրջում: Ինչպես իմ շատ սիրելի Տիգրան Հայրապետյանն էր ժամանակին նկատել՝ հիվանդի առողջ եսակենտրոնությունը երբեմն կարող է նաեւ պայծատեսության հանգեցնել…

Գոհար Սիմոնյան

 

Նախորդ հոդվածը‘Քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ ազատ է արձակվել 676 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Դեսպան. ԱՄՆ-ն մինչև տարեվերջ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպում է ակնկալում’