‘ԵՎՐՈ-2016. Հայաստանի հավաքականի շանսերը ռեալ են’

1206

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ տեղի է ունեցել ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլի վիճակահանությունը և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը իմացել է իր մրցակիցներին, որոնք են՝ Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի, Ալբանիայի հավաքականները: Խմբից դուրս գալու շանսերի մասին ներկայացնում ենք football365.am-ի վերլուծաբանի հոդվածը, որը հեղինակը վերնագրել է. «ԵՎՐՈ-2016. Հայաստանի հավաքականի շանսերը ռեալ են եւ դա փաստում են նաեւ թվերը»: Հոդվածը՝ ստորև.

«Ամեն ինչ պարզ հաշվարկ է…

Եթե կարողանում ենք կրկնել ԵՎՐՈ-2012-ի ընտրական փուլի արդյունքները, կամ մի քիչ գերազանցում Մունդիալ-2014-ինը՝ մենք առնվազն կլինենք փլեյ-օֆֆ փուլում: Այո, կարող ենք ասել, որ այս անգամ մրցակիցները այլ են, բայց ԵՎՐՈ-2012-ում Իռլանդիան ու Սլովակիան մեզ համար այսօրվա Դանիայից ու Սերբիայից ավելի հզոր էին թվում:

ԵՎՐՈ-2012-ի ընտրականում մենք 10 խաղում վաստակեցինք 17 միավոր եւ գրավեցինք 3-րդ տեղը, ԱԱ-2014-ում՝ 10 խաղում – 13 միավոր, բայց 3 միավոր կորցրեցինք հետնապահի հետ խաղերում:

Հիշեցնենք ԵՎՐՈ-2016-ի ընտրական մրցաշարի կանոնակարգը: Եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք են բերում 1-2 տեղեր գրաված հավաքականները եւ 3-րդ տեղերի պայքարում լավագույն արդյունք ունեցողը: 3-րդ տեղեր գրաված մնացած 8 հավաքականները փլեյ-օֆֆերում կխաղարկեն մնացած 4 ուղեգրերը: 3-րդ տեղերի հաշվարկներում չեն ներառվի իրենց խմբերում վերջին տեղը գրաված թիմերի հետ արդյունքները, որը նշանակում է՝ Հայաստանը արդեն ունի վիրտուալ 6 միավոր:

Մեզ սպասում է 8 «եզրափակիչ», որոնցում 12 միավոր վաստակելը առնվազն կտա փլեյ-օֆֆի ուղեգիր: ԵՎՐՈ-2012-ի եւ ԱԱ-2014-ի ընտրական մրցաշարերում 12 միավոր (6 թիմանոց խմբերում՝ 18 միավոր) վաստակած թիմը 3-րդ տեղից ցածր տեղ չի գրավել:

Ինչ է նշանակում մեզ համար 12 միավոր՝ դա 2 հաղթանակ Ալբանիայի հետ խաղերում, տնային հաղթանակներ (միգուցե արտագնա) սերբերի, դանիացիների նկատմամբ, բայց պայմանով, որ նրանց նկատմամբ կունենանք գնդակների դրական բալանս:

Հավատում ենք, որ դա հասանելի է…

Հիմա գանք խաղացանկին: Այն մեզ համար բարեհաճ է՝ սկսում ենք Դանիայով, հետո հյուրընկալում սերբերին: Մեկնարկային 2 տուրերում 4 միավորը իդեալական կլինի:

Ընտրական ցիկլը ավարտում ենք  երկու տնային խաղերով: «Չեն խանգարում» նաեւ Ֆրանսիայի հետ ընկերական խաղերը: ԵՎՐՈ-2016-ի տանտերերին կընդունենք հոկտեմբերի 14-ին, սերբերի հետ «ճակատամարտից» հետո: Իսկ 2015-ի երեւանյան դիմակայության ժամանակ, որը կկայանա հոկտեբերի 8-ին, հուսով ենք՝ ի օգուտ մեզ պարզ կլինի»:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում ՌԴ դեսպանը հրավիրվել է Մոսկվա’
Հաջորդ հոդվածը‘Կիեւում կկանգնեցվի հուշարձան՝ ի պատիվ Մայդանի’