Եվրո-2020. Անգլիան հաղթեց խոշոր հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

1837

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը դարձավ 11 երկրների 11 քաղաքներում անցկացվող Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը:

Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում տեղի ունեցած խաղում անգլիացիները 4:0 հաշվով հաղթեցին Անդրեյ Շևչենկոյի գլխավորությամբ հանդես եկող Ուկարինայի հավաքականին, որը պատմության մեջ առաջին անգամ խաղաց Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում: Անգլիայի հավաքականը պատմության առաջին թիմն է, որը Եվրոպայի առաջնությունում սեփական դարպասն անառիկ է պահում 5 խաղերում անընդմեջ:

րիտանական թիմն ակտիվ սկսեց խաղը և խփեց արագ գոլ: Չորրորդ րոպեին հաշիվը բացեց Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: Սկզբնամասում Անգլիայի հավաքականն ուներ ավելի լավ տեսք, սակայն ուկրաինացիները ոչ միայն աստիճանաբար հավասարեցրին խաղը, այլև տարածքային առավելություն ունեին խաղակեսի վերջնամասում և մի քանի անգամ սպառնացին մրցակցի դարպասին: Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում անգլիացիները խփեցին ևս 2 գոլ: 46-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը, որը ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում աչքի ընկավ գլխի հարվածով: 3 րոպե անց Հարի Քեյնը դարձավ դուբլի հեղինակ՝ գլխի հարվածով հաշիվը դարձնելով 3:0:

63-րդ րոպեին գնդակը նաև չորրորդ անգամ հայտնվեց Ուկրաինայի հավաքականի դարպասում: Փոխարինման դուրս եկած Ջորդան Հենդերսոնը ևս մրցակցի դարպասը գրավեց գլխի հարվածով:

Խաղի մնացած ժամանակահատվածում Ուկրաինայի հավաքականը չկարողացավ լուրջ խնդիրներ առաջացնել մրցակցի համար և լքեց պայքարը:

1966թ. աշխարհի առաջնությունից հետո առաջին անգամ Անգլիայի հավաքականը մեծ մրցաշարերում (ԱԱ, ԵԱ) 4 գոլ խփեց փլեյ-օֆֆում:

Սա Եվրո-2020-ում Անգլիայի հավաքականի միակ հանդիպումն էր, որը թիմը չանցկացրեց տնային «Ուեմբլի» ստադիոնում: Անգլիացիները շարունակում են մնալ Եվրո-2020-ի միակ թիմը, որը գոլ բաց չի թողել մրցաշարում:

Հուլիսի 7-ին Անգլիայում կայանալիք կիսաեզրափակիչում Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի մրցակիցը կլինի Դանիայի հավաքականը, որը հուլիսի 3-ին 2:1 հաշվով հաղթել էր չեխերին: Եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 6-ին դարձյալ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կվիճարկեն Իտալիայի ու Իսպանիայի հավաքականները:

Եվրո-2020, քառորդ եզրափակիչ

Ուկրաինա – Անգլիա՝ 0:4 

Հարի Քեյն, 4, 50, Հարի Մագուայր, 46, Ջորդան Հենդերսոն, 63

Ուկրաինա (3-4-1-2). Գեորգի Բուշչան, Սերգեյ Կրիվցով, Իլիա Զաբարնի, Միկոլա Մատվիենկո, Սերգեյ Սիդորչուկ, Ալեքսանդր Զինչենկո, Ալեքսանդր Կարավաև, Վիտալի Միկոլենկո, Միկոլա Շապարենկո, Ռոման Յարեմչուկ, Անդրեյ Յարմոլենկո:

Անգլիա (4-2-3-1)․ Ջորդան Պիկֆորդ, Կայլ Ուոլքեր, Ջոն Սթոունզ, Հարի Մագուայր, Լյուկ Շոու, Քելվին Ֆիլիպս, Դեքլայն Ռայս, Մեյսոն Մաունթ, Ջեյդոն Սանչո, Ռահիմ Ստերլինգ, Հարի Քեյն։

Նախորդ հոդվածըՀայաստան վերադարձան եւս 15 գերիներ
Հաջորդ հոդվածըԼևոն Արոնյանը՝ Goldmoney Asian Rapid-ի հաղթող