‘«ԵրԱԶ»-ի հնդիկ ժառանգները. Հայաստանում հնդկական մակնիշի ավտոբուսներ կարտադրվեն’

1445

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Նախարարության և համաշխարհային համբավ վայելող հնդկական Ashok Leyland կազմակերպության միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ նախատեսվում է Հայաստանում ավտոբուսների արտադրություն հիմնել, որը կթողարկի միջին և մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ։ 

ՀՀ կառավարության այսօր տեղի ունեցած նիստում թույլատրվել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ Երևան քաղաքի Միկոյան 18 հասցեում գտնվող գույքը 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել «MedAK GmbH» գերմանական ընկերությանը` ավտոբուսների արտադրություն կազմակերպելու համար։
Որոշմամբ սահմանվել է, որ նշված գույքի տարեկան վարձավճարն առաջիկա 7 տարվա համար կազմում է 1 մլն դրամ, որն ուղղվելու է ՀՀ պետբյուջե։
Վարձակալը պարտավոր է վարձակալությամբ տրամադրված տարածքում ներկայացված գործարար ծրագրին համապատասխան կազմակերպել միջին և մեծ տեղատարողության մեքենաների /ավտոբուսների/ արտադրություն` 7 տարվա ընթացքում ներդնելով 7 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Գործարանին անհրաժեշտ սարքավորումները և պահեստամասերը կներմուծվեն հնդկական կողմից, Հայաստանում կիրականացվի ավտոբուսների հավաքման ընթացքը։ Գործարանի գործարկման առաջին տարում նախատեսվում է արտադրել մինչև 200 ժամանակակից, բարձրակարգ ավտոբուս։

«Դրանք անաղմուկ են, հարմարավետ նստարաններով, ունեն օդորակման համակարգ։ Արտադրության կազմակերպմամբ ավելի քան 100 նոր աշխատատեղ կստեղծվի։ Մեր մասնագետները կվերաորակավորվեն ընկերության գործարաններում: Հայաստանում արտադրվող ավտոբուսները զգալի էժան կլինեն մինչ օրս ներմուծվող ավտոբուսներից։ Գործարանի շինարարությունը կմեկնարկի 2013թ. առաջին եռամսյակում։ Մինչ այդ հանրությանը կներկայացվեն արտադրվող ավտոբուսների նմուշները», — նշվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Հայտնվում է նաեւ, որ այս նախաձեռնությանը հիմք է դրվել դեռևս 2 տարի առաջ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և Ashok Leyland կազմակերպության գործադիր տնօրեն Պիեռ Գուստավի հանդիպման ընթացքում (Բեգլարյանը նախարարի պաշտոնում նշանակվել է 8 ամիս առաջ՝ 2012-ի հունիսին – iLur.am)։
Իսկ արդեն 2012թ. օգոստոս և սեպտեմբեր ամիսներին նրանց հանդիպման ժամանակ քննարկվել են գործարանի հիմնադրման և արտադրության կազմակերպման մանրամասները։

Ashok Leyland կազմակերպությունը հիմնվել է 1948թ։ Այն տրանսպորտ արտադրող խոշորագույն կազմակերպություններից է, որի արտադրանքն արտոնագրված է Միացյալ Թագավորության կողմից։

Նախորդ հոդվածը‘Հնդկուհին 46 տարվա ընթացքում 400 ծառ է տնկել’
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկ Բիլբաո». Շրջափուլի ավա՞րտ, թե մտածելակերպի սկիզբ’