‘Երբ աշխատավորն ու թմրամոլը ձայնի հավասար իրավունք ունեն’

2085

Ո՞րն է ընտրական համակարգի առավելությունը ոչ ընտրականի նկատմամբ: Այն, որ ընտրողներն ավելի համարժեք որոշումներ են կայացնում, քան միանձնյա կառավարիչը, որի խելքին, հայտնի չէ, թե ինչ կփչի: Հարց՝ ինչպե՞ս փչացնել այդ համակարգը: Պատասխան՝ ընտրողների թիվն ավելացնել այնքան, որ նրանք ո՛չ համարժեք լինեն, ո՛չ էլ բանական:

Ժամանակակից ոչ ազատական ժողովրդավարությունների էությունը՝ Ռուսաստանից մինչև Վենեսուելա, հենց դա է՝ պետության ղեկին կանգնած կառավարիչը, մի կողմից՝ խախտում է քաղաքացիների իրավունքները, իսկ մյուս կողմից՝ օգտվում մեծամասնության աջակցությունից:
Դրանում ոչ մի զարմանալի բան չկա: Բռնապետությունը մարդկության պատմության մեջ միշտ էլ եղել է բռնապետություն նրանց նկատմամբ, ովքեր սեփականություն ունեն: Այդ սեփականությունը բռնապետը խլում է հօգուտ իր բարեկամների: Խաժամուժը սովորաբար բռնապետին է պաշտպանում: Չեք կարող պատմության մեջ նշել մի բռնապետի, ով թալանել է խաժամուժին, քանի որ նրան թալանել անհնար է:Նա առանց այդ էլ երբեք ոչինչ չի ունեցել:
Ծաղկուն հասարակության մեջ խաժամուժին դրաձրեք բազմաքանակ դաս, համընդհանուր քվեարկություն սահմանեք, և կստանաք Ռուսաստանը կամ Վենեսուելան: Որտեղ խաժամուժը «կողմ» է քվեարկում, իսկ սեփականատիրոջ ձայնը ոչ մի նշանակություն չունի:
Բերեմ պարզ մի օրինակ. վերջերս ես գրել էի «տախոգրաֆի» մասին՝ դա մի սարք է, որը տրանսպորտի նախարարության նոր հրամանի համաձայն՝ պահանջվում է տեղադրել ռուսաստանյան բոլոր բեռնատարների և ավտոբուսների վրա: Սա բիզնեսը խլելու՝ չափազանց վրդովեցուցիչ միջոց է, քանի որ տրանսպորտի նախարարության մասնագիտացմանը համապատասխանող սարքն արտադրում է ռուսաստանյան ընդամենը մեկ ձեռնարկություն, և դրա տեղադրումն այժմ արժե մոտավորապես 75 հազար ռուբլի, ինչը բեռնատարի տիրոջ՝ վարորդի գրեթե մեկուկես ամսվա աշխատավարձն է: Այսինքն՝ սա անամոթ կողոպուտ է, այնպիսին, ինչպիսին իրենց թույլ էին տալիս մոնղոլները՝ նվաճված Ռուսաստանում, կամ հռոմեական տեղապահները՝ նահանգներում:
Ես զրուցել եմ մի քանի վարորդների՝ բեռնատարների տերերի հետ: « Երկրում ռեցեսիա է,- խոսակցությունն սկսեց իմ զրուցակիցներից մեկը,- ինձ համար դա նշանակում է բեռնափոխադրումների ծավալի անկում»:
Սա ասում է բեռնատարի վարորդը, մի մարդ, որը բանում է օր ու գիշեր, որպեսզի ամիսը մեկուկես հազար դոլար վաստակի: Կարո՞ղ եք պատկերացնել, որ լյումպեն Վասյան, որն օր ու գիշեր խմում է, ասի՝ «երկրում ռեցեսիա է»: Նա էդ բառն էլ չգիտի: Իսկ բեռնատարի վարորդը հրաշալի գիտի: Ընդ որում՝ նշենք, որ նա, ամենայն հավանականությամբ, չգիտի «Նավալնի», «Ընդդիմության համակարգող խորհուրդ» և նման կարգի այլ բառեր:
Պատկերացնենք՝ ինչ կլիներ, եթե ընտրական իրավունքը Ռուսաստանում, ինչպես և Ջորջ Վաշինգտոնի շրջանի ԱՄՆ-ում, կամ Դիզրաելիի ժամանակաշրջանի Բրիտանական կայսրությունում, կամ 1920-ականների Շանհայում, սահմանափակվեր ընտրական ցենզով: Ամենևին ո՛չ բարձր ցենզով, այլ այնպիսի, որն ընտրող է դարձնում ամիսը մեկուկես հազար դոլարի համար տքնող բեռնատարի սեփականատիրոջը, կամ նույնիսկ՝ բեռնատարի վարորդին, բայց այդ իրավունքից զրկում է լյումպեն Վասյային:
Բեռնատարների վարորդները – իսկ նրանց թիվը Ռուսաստանում գրեթե մեկ միլիոն է – հանկարծ կդառնան էական քաղաքական ուժ: Քաղաքական գործիչները հանկարծ կհայտնաբերեն, որ իրենց անհրաժեշտ է այդ միլիոն հոգու ձայնը: Ինչպե՞ս այն ձեռք բերել: Շատ պարզ՝ հարկավոր է խոստանալ փոխել «տախոգրաֆի» մասին օրենքը: Այդ թեման իսկույն կդառնա քննարկման կարևոր նյութ: «Մայիսի 6», «արտասահմանյան գործակալներ» և այլ թեմաների փոխարեն, որոնք շատ կարևոր են նեղ քաղաքական բանավեճերի համար, սակայն բացարձակապես կարևոր չեն բեռնատարի վարորդի համար: Ավելին, այդ թեմային արագ կմիանան նաև այլ ընտրողներ: Քանի որ, հազվադեպ բացառությամբ, մեքենա ունի գրեթե ամեն մի գիտակից ընտրող: Եւ նա հասկանում է, որ այսօր «տախոգրաֆը» հարկավոր է տեղադրել բեռնատարների վրա, իսկ վաղը կպահանջեն այն տեղադրել նաև բոլոր մարդատարների վրա:
Դրանից հետո բեռնատարների մեկ միլիոն վարորդները կհարցնեն՝ իսկ կա՞ մի քաղաքական գործիչ, ով կպաշտպանի մեր շահերը: Եւ նրանց, ենթադրենք, կպատասխանեն՝ այո, դա Ալեքսեյ Նավալնին է: Նրա օրոք տախոգրաֆներ չեն լինի: Եւ բեռնատարները երթուղի դուրս կգան «Նավալնի» մակագրությամբ:
Իսկ հիմա ի՞նչ է կատարվում: Հիմա երկրում բեռնատարի մեկ միլիոն վարորդներ կան և ինը միլիոն թմրամոլ: Ինը վարորդների ձայնը հավասարեցված է մեկ թմրամոլի ձայնի: Ցանկացած մեղսունակ վարորդ հասկանում է՝ քվեարկես, թե չքվեարկես՝ օգուտ չկա: Ընդդիմությունն այլասերվում է և մարգինալացվում: Սեփականատերերը նրան չեն սատարում, քանի որ նրան աջակցելն անիմաստ է, իսկ սեփականատերերը հիմնականում անիմաստ բաներով չեն զբաղվում:
Համընդհանուր ընտրությունները նույնպիսի անհեթեթություն են, ինչպես համաժողովրդական դատարանը:
Վերցնենք, օրինակ, երդվյալների դատարանը, երբ տասներկու երդվյալ ատենակալներ դատավճիռ են կայացնում: Այդ համակարգը համադարման չէ, սակայն ընդհանուր առմամբ՝ գործում է: Հարց՝ ինչպե՞ս այն դարձնել իր իսկ հակապատկերը: Պատասխան՝ դատավարությունը հանձնել հանրությանը:
Պատկերացրեք, թե ինչպիսին կլինի «միացյալ դատարանի այդ օրը»: Դուք գալիս եք ընտրախցիկ, ձեզ տալիս են քվեաթերթիկը՝ հազար անունների ցանկով, և դուք պետք է նշում անեք «մեղավոր է»՝ «այո» կամ «ոչ» սյունակներում: Տյուլկինը մեղավո՞ր է, թե՞ ոչ: Վասկինը մեղավո՞ր է, թե՞ ոչ: Եւ այդպես՝ հազար անգամ: Այդտեղ մոտ է վազում Վասկինի փաստաբանը և հազար ռուբլի տալիս նրան, ով կքվեարկի Վասկինի անմեղության օգտին: Եւ փականագործ Պետյան կվերցնի հազար ռուբլին, նշում կանի «ոչ» սյունակում ու կմտածի. «Ի՜նչ լավ է: Անմեղ մարդուն փրկեցի, հետն էլ հազար ռուբլի ստացա»:
Եւ այդ ամենն իրար հետ կկոչվի «այ հիմա մեզ մոտ իսկական արդարադատություն է», ոչ թե ինչ-որ տասներկու երդվյալ ատենակալներ, որոնց չգիտես ով է իրավասություն տվել:
Ընտրությունների հարցում էլ նույնն է: Պատասխանատու ընտրության մեխանիզմը պահանջում է պատասխանատու ընտրող, և պատասխանատու ընտրողների շարքերը լյումպեններով, հարբեցողներով, թմրամոլներով, անբաններով ողողելն է հենց ծնում մեր դարի ամենազարմանալի առեղծվածը՝ ժողովրադավարություն՝ կեղծ ընտրություններով, կամ՝ ազատական ժողովրդավարություն:

Յուլյա Լատինինա, Ежедневный журнал

Նախորդ հոդվածը‘Ակցիա ԱԺ-ի մոտ՝ գազի թանկացման դեմ’
Հաջորդ հոդվածը’20 ֆուտբոլիստներ, որոնք, հավանաբար, ամռանը նոր թիմ կտեղափոխվեն (մաս 2-րդ)’