‘Երբ երկիրը ղեկավարում է անսկզբունքային մի մարդ’

2638

Մամուլի վերջին հրապարակումներից պարզ դարձավ, որ Պրահայում գտնվելու ընթացքում Սերժ Սարգսյանն անկեղծացել է, եւ այն էլ՝ չափից մի փոքր ավելի: Այնքան է անկեղծացել, որ խոստովանել է, թե ինչպես է մի գիշերվա ընթացքում, առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու՝ որոշումներ կայացնում:

Եւ այստեղ, ահա, ակամա հիշում ես մամուլի՝ մեկ տարի առաջվա հրապարակումները, որոնք այն ժամանակ սենսացիոն, իսկ ավելի ճիշտ՝ քիչ հավանական էին թվում, քանի որ աղբյուրները պնդում էին, թե Սերժ Սարգսյանը մեկնել է Խորվաթիա՝ Արա Աբրահամյանի առանձնատուն, որ այնտեղ նրան խնդրի հանդիպում կազմակերպել Վլադիմիր Պուտինի հետ: Հենց հանդիպման ժամանակ էլ Աբրահամյանը Սարգսյանին է փոխանցել Պուտինի մեսիջները՝ կապված ՄՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հետ:

Եւ հիմա, երբ Սերժ Սարգսյանն ասել է, թե ինչպես է որոշում կայացրել, արդեն իսկ հասկանալի է դառնում, որ մամուլի հրապարակումներն ավելի քան ճիշտ էին:

Սերժ Սարգսյանը Պրահայում եւս մեկ ուշագրավ դիտարկում է արել՝ կապված այն հարցի հետ, թե ով պետք է որոշի Հայաստանի ապագան: Անկասկած, Հայաստանի համար կարեւորագույն որոշումները պետք է կայացնի Հայաստանում ապրող ժողովուրդը, եւ այստեղ Սերժ Սարգսյանի հետ դժվար է չհամաձայնել: Բայց տարօրինակ է, թե ինչու նման մտածողության տեր մարդը ֆուտբոլային դիվանագիտության ծաղկուն օրերին բյուջեի, այլ կերպ ասած՝ մեր հաշվին աշխարհից աշխարհ էր անցնում, որ սփյուռքահայերին բացատրի, թե ինչու պետք է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, նրանց համաձայնությունն էր հայցում, որ սահմանը բացվեր: Բայց հայ-թուրքական սահմանը այստեղ ապրողին է վերաբերում, թուրքական բանակը ոչ թե սփյուռաքահայերի երեխաներին, այլ մեր երեխաներին է մոտ գտնվում, հայ-թուրքական հարաբերություններից մեր, եւ ոչ թե սփյուռքի կենսամակարդակն է կախված:

Եւ ահա, մենք հերթական անգամ գործ ունենք անկայունության եւ անսկզբունքայնության հետ: Եւ եթե այս ամենին գումարենք, որ Նյու Յորքում Սերժ Սարգսյանը հիմա էլ գրողի ծոցն է ուղարկում հայ-թուրքական համաձայնագիրը, ապա կարող ենք վերջնական եզրահանգում անել, որ գործ ունենք պահի ազդեցության տակ որոշումներ կայացնող, սկզբունքներ չունեցող մի մարդու հետ, որը կրկին մարզպետ է նշանակում մեկին, որի տանից հսկայական զինանոց դուրս բերվեց, եւ որի տանն իր ներկայությամբ մարդ սպանվեց, եւ մեկն էլ ծանր վիրավորվեց:

Հ.Գ. Էլ չենք խոսում այն մասին, որ թեեւ Սարգսյանն ասում է, թե Հայաստանի համար կարեւորագույն որոշումները պետք է այստեղ ապրող ժողովուրդը կայացնի, մի տող ներքեւ էլ ասում է, որ ինքն այդ որոշումը կայացրել է միանձնյա, քանի որ «մի գիշերվա ընթացքում չէր հասցնի բոլորի կարծիքը հարցնել»:

Արթուր Բարսեղյան 

Նախորդ հոդվածը‘Լիսկան իր «ռեպերտուարի» մեջ է. «Հոգեկան հիվանդ ե՞ս, արա»’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նախագահի գլխավորած ԼՂՀ պատվիրակությունն Աբխազիայում է’