‘Երբ կրակում են մեկի վրա, սակայն «մեսիջ» են հղում բոլորովին այլ մարդկանց. Մամուլ’

1530

Ուժային կառույցների անցուդարձին տեղյակ մեկը երեկ, խոսելով Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի և «վրիպած» քիլլերի մասին, «Հրապարակին» ասաց, որ նման դեպքերում քիլլերը հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո, գիշերով, փորձում է դուրս գալ Հայաստանից:

Հիմնականում ցամաքային՝ Բավրայի և կամ Բագրատաշենի մաքսային ուղիով, օդային ուղին առավել վտանգավոր է և ցամաքայինի համեմատ անկանխատեսելի, որովհետև մի քանի ստուգում պետք է անցնի: Երկու դեպքում էլ հանցագործը դժվար է հայտնաբերվում, որովհետև այդ ժամանակահատվածում ոչ հստակ օպերատիվ տվյալները և ոչ էլ ֆոտոռոբոտներն են հստակեցված լինում: Ճիշտ է, նման հանցագործություններից հետո թե օդային, թե ցամաքային «sos» է հայտարարվում, այնուհանդերձ, հստակ մեխանիզմներ հանցագործներին արագ հայտնաբերելու, երկրից դուրս գալու հնարավորությունից զրկելու, որպես այդպիսին, չկան, որովհետև հայտնաբերման գործոնը զգայական դրսևորումներն են. շփոթված է տվյալ մարդը, ինչ-որ բան է թաքցնում, ինչու այսպես նայեց՝ ոչ այն կերպ և այլն:

Թերթի զրուցակիցը նաև կարծում է, որ Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը դասական քաղաքական հաշվարկի արդյունք էր. երբ կրակում են մեկի վրա, սակայն իրականում «մեսիջ» են հղում, զգուշացնում են բոլորովին այլ մարդկանց: Իսկ նման մեսիջները դրսի՞ց, թե՞ ներսից են ուղղորդված, ասաց՝ սովորաբար համատեղ պայմանավորվածությամբ է լինում:

Նախորդ հոդվածը‘Ստեփան Դեմիրճյան. ՀԱԿ-ից դուրս գալու մասին խոսակցությունները հիմնավոր չեն’
Հաջորդ հոդվածը‘Մարդու կյանքի դեմ ոտնձգությունը չպետք է նման հրճվանքի առիթ դառնա. Մամուլ’