‘Երբ հայհոյում է ՀՖՖ նախագահը’

5811

Այսօր, երբ Դանիայի հավաքականի հետ վերջին խաղին կարելի է նայել սառը գլխով, շատերն են հարցնում, թե ինչո՞ւ Հայաստանի հավաքականը դանիացիների հետ Երեւանում, մեղմ ասած, լավ չխաղաց: Անշուշտ, ակնհայտ էր, որ բացակայում է մարզչական միտքը, բայց դրա հետ միաժամանակ նկատվում էր, որ տղաները խաղադաշտ են դուրս գալիս մի տեսակ անտրամադիր: Խիստ անտրամադիր էր նաեւ Հենրիխ Մխիթարյանը: Ֆուտբոլասերներից ոմանք դա բացատրում էին եւ շարունակում են բացատրել լարվածությամբ: Իսկ ահա նրանք, ովքեր մոտ են կանգնած ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին` Նեմեց Ռուբոյին, շատ լավ գիտեին եւ գիտեն, թե ինչու էր այդքան անտրամադիր Հենրիխ Մխիթարյանը:

ՀՖՖ-ին շատ մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանն անգամ չի ցանկացել մասնակցել Հայաստան-Դանիա խաղին: Ոչ, չմտածեք, թե նա պարգեւավճար է պահանջել, որ դուրս գա խաղադաշտ: Հենրիխն ընդամենը վիրավորված է եղել: Նույն աղբյուրների համաձայն՝ խաղից առաջ, ինչ-ինչ պատճառներով, կամ գուց եւ առանց պատճառի, Ռուբեն Հայրապետյանը վիրավորել եւ հայհոյել է Հենրիխ Մխիթարյանի մոտ հարազատներից մեկին: Այս ամենը իմացել է Հենրիխը եւ ցանկացել է հեռանալ: Միայն թիմակիցներն ու ընկերներն են նրան համոզել, հանուն Հայաստանի եւ հենց իր հոր հիշատակի՝ դուրս գալ խաղադաշտ: Հիմա դուք ասեք՝  կարո՞ղ էր Հենրիխը, կամ կարո՞ղ էին տղաներն այս մթնոլորտում նորմալ խաղ ցուցադրել:

Եւ սա առաջին դեպքը չէ, երբ Ռուբեն Հայրապետյանը` Նեմեց Ռուբոն իր պահվածքով վիրավորում է ֆուտբոլիստներին: Նույն Հենրիխ Մխիթարյանին նա հայհոյել եւ վիրավորել է այն բանի համար, որ չի ընդունել Սուլեյման Քերիմովի առաջարկը եւ չի համաձայնել խաղալ «Անժիում»: Երեւանում համառորեն շրջանառվող լուրերի համաձայն՝ Նեմեց Ռուբոն հայհոյել է Հենոյին եւ ասել` դու ո՞վ ես, որ ինձ տասը միլիոնից գցես: Եւ հետո հարցնում եք, թե ինչո՞ւ մեր թիմը անկայուն է խաղում:

Իսկ ի՞նչ ասես Վարդան Մինասյանին, որը ոչ թե գլխավոր մարզիչ է, այլ Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչը հավաքականում: Շատերն են հարցնում, թե ինչո՞ւ պարտվեցինք Մալթային: Իսկ ինչո՞ւ չպարտվենք, երբ խաղից առաջ պատժում են մեր առաջատարներից մեկին՝ Յուրա Մովսիսյանին: Ի դեպ, եթե հիշում եք, Ռուբեն Հայրապետյանը ասուլիսներից մեկում հենց ինքը ասեց, որ պատժել է: Մեկը հարցնի, թե ՀՖՖ նախագահի ի՞նչ գործն է միջամտել հավաքականի ներքին գործերին: Իսկ ՀՖՖ-ին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ երբ հեռավոր ԱՄՆ-ից Յուրան վերադարձել է Հայաստան, Վարդան Մինասյանի կարգադրությամբ՝ Ավանի ակադեմիայի դռները փակվել են Յուրայի առաջ: Մինասյանը շտապել է զանգահարել Ռուբեն Հայրապետյանին: Նա էլ, գալով ակադեմիա, բոլորի, այդ թվում եւ պահակների ներկայությամբ՝ ամենավերջին բառերով հայհոյել է Մովսիսյանին եւ ստիպել ներողություն խնդրել ուշանալու համար: Ահա այսպես: Եւ փառք ու պատիվ Յուրային եւ Հենոյին ու մյուս տղաներին, որ այսքանից հետո ուժ են գտնում եւ դաշտ են դուրս գալիս:

Հիմա շատերը մոռացած կլինեն մեր հավաքականի խաղացողներ Անդրեյ Մովսիսյանին եւ Ալբերտ Սարգսյանին: Մոռացած կլինեն, թե ինչու հեռացան հավաքականից: Իսկ հեռացան, քանի որ չէին հանդուրժում այդ հայհոյանքները: Ռուբեն Հայրապետյանն անգամ կարգադրել էր չվերադարձնել Ալբերտ Սարգսյանի անձնագիրը, եւ նա երկար ժամանակ խնդիրներ ուներ: Իսկ դուք ասում եք՝ չի կարող պատահել: Կարող է: Ավելին, արդեն պատահել է:

Ի դեպ, հայհոյանքների պատճառով հավաքականից հեռացան նաեւ Քարամյան եղբայրները: Հիմա հարց է առաջանում՝ հայ ֆուտբոլասերը, հայ ֆուտբոլիստն ու մրցավարը ինչքա՞ն պետք է հանդուրժեն այս հայհոյանքները եւ փողոցային պահվածքը:

Հ.Գ Չի բացառվում, որ հիմա Հենոյին եւ նրա հարազատին, Յուրային ստիպեն հանդես գալ հայտարարություններով, թե նման բան չի եղել: Բայց գիտենք՝ Հայաստանը փոքր երկիր է: Եւ երբ Ռուբեն Հայրապետյանը հայհոյում է, այդ հայհոյանքները լսում է ամբողջ երկիրը: Այնպես որ՝ չփորձեք հերքել, սիրուն բան չի ստացվի: 

Արթուր Բարսեղյան 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ի եւ չինական Կոմկուսի տարբերությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Անդրես Ինյեստան հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ’