‘Երբ հայրենասիրությունը հակադրում են տրամաբանությանը’

1499

Հայաստանի քաղաքական դաշտի խնդիրների մեծ մասն ուսումնասիրված չէ, և որևէ փորձ էլ չի արվում դրանք ուսումնասիրել, սակայն, ես չեմ ցանկանում խոսել այն խնդիրների մասին, որոնք բոլորին էլ պարզ են: Ըստ իս՝ քաղաքական դաշտի և դրա աղճատման հիմնական խնդիրը քաղաքականությունը բարոյախոսության հետ խառնելն է կամ ավելի լայն արտահայտվելու դեպքում՝ իրերը ոչ իրենց անուններով կոչելը: Այդ իսկ պատճառով, նրանք, ովքեր փորձում են տրամաբանական որևէ միտք հայտնել` անմիջապես ընկնում են ռոմանտիզմի և պաթոսի հրետանու տակ ու քննադատվում ոչ հայրենասիրության կամ ավելին՝ հայրենիքի դավաճանության համար:

Եթե որևէ մեկը փորձում է հաշվել, ենթադրենք, թե այսպիսի տեմպերով Հայաստանի տնտեսությունը եթե զարգանա, ապա «այսքան» տարի հետո Ադրբեջանի տնտեսությունը մեզանից քանի տոկոսով ավելի  կլինի, կամ էլ` մեր բանակի սպառազինությունների այս տեմպերով համալրման դեպքում, քանի տարի հետո ինչպիսի պատկեր կստեղծվի տարածաշրջանում, անմիջապես հանդիպում են «ռոմանտիկների» հակափաստարկին` ինչո՞ւ դուք չեք հաշվում մեր ոգու ուժը, որ մենք մեր ոգեղեն պատրաստությամբ կարող ենք հաղթել մեզնից տասնապատիկ անգամ ավելի հարուստ ու զինված հակառակորդին:

Ոգու ուժը, իհարկե, նշանակություն ունի, բայց նույն ոգու ուժը սնուցվում է ոչ թե ստով ու կեղծիքով, այլ՝ ոգեղեն արժեքներով: Հայաստանի քաղաքացին որտեղի՞ց կարող է ոգու ուժ ստանալ, եթե ամենօրյա կենցաղային խնդիրներն ու երկրում հաստատված անարդարությունը նրա բոլոր ուժերը սպառում են:

Այս հարցում կարող էր որոշակի դեր ունենալ Սփյուռքը, բայց մի կողմից` ամբողջությամբ հեռացել է Հայաստանի իրականությունից, մյուս կողմից՝ Հայաստանի արտագաղթը նրան ավելի հեռու է վանում հայաստանյան գործընթացներին խառնվելուց: 

Եթե այս հարցերն էլ հաշվի չառնելով՝ մարդիկ իրենց բոլոր հույսերը դրել են ոգու ուժի վրա, ապա պետք է արձանագրել, որ որոշակի սահմանից հետո` միայն ոգու ուժի վրա հիմնվելը վերածվում է խելացնորության: Տրամաբանական ճգնաժամն ունի հիմնական երկու պատճառ. նոր մտքի ու մշակույթի կրողները չեն ցանկանում գայ Հայաստան և մասնակից դարձնել իրենց փորձին, և երկրորդ՝ Հայաստան չի մտնում բավարար քանակի ֆինանսական միջոց, որպեսզի շրջափակման պայմաններում մարդիկ կարողանան առնչվել համաշխարհային տնտեսության, մշակույթի, կրթության կամ լրատվության հետ:

Նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ստալինը հասկացել էր, որ ճահճից դուրս գալու համար նոր մարդիկ են պետք ԽՍՀՄ-ին, որոնք այլ մշակույթի կրող են ու կկարողանան ԽՍՀՄ-ը հանել այդ վիճակից: Իհարկե, Ստալինն այս հարցի շուրջ  ուներ նաև այլ հաշվարկներ (օրինակ՝ որպեսզի արագ վերականգնի ԽՍՀՄ-ի «բնական» աճը), սակայն փաստն այն է, որ նույնիսկ նա էր տրամաբանական հարթության մեջ մտածում: Իհարկե, հետո ներգաղթյալների մեծ մասին նա աքսորեց, բայց նույնիսկ այդ աքսորը տրամաբանությունից զուրկ չէր` բնակեցնել Սիբիրը և զարգացնել խորհրդային հանքարդյունաբերությունը:

ՀՀ իշխանությունների որևէ քայլի մեջ հնարավոր չէ տրամաբանություն գտնել, և ամենասարսափելին էլ հենց դա է, որ մի քայլը հակասում է հաջորդ քայլին, իսկ հաջորդը` նախորդին, և այդպես բոլոր քայլերը ջնջում են նախորդները, ու երկիրը վերածվում է աբսուրդի թատրոնի:  

Մեղադրել էլ պետք չէ ժողովրդին, որ այս իրավիճակում չի կողմնորոշվում. նրան կողմնորոշելու համար անհրաժեշտ է քաղաքական կուսակցությունների և հեղինակություն վայելող մշակութային գործիչների ուղղորդումը, սակայն, ցավոք սրտի, եզակի են այն քաղաքական կամ մշակութային գործիչները, որոնք այնպիսի տրամաբանական տեքստ են արտաբերում, որով հնարավոր կլիներ որևէ բան փոխել:

Առանց տրամաբանական հարթության մեջ Հայաստանի խնդիրները դնելու` որևէ հարց չի կարող լուծվել: Ու փոխանակ իշխանությունները հասկանան այս պարզագույն ճշմարտությունը` ամեն ինչ անում են, որպեսզի  տրամաբանական մտքին հակադրվի իրենց պատկերացրած «հայրենասիրությունը», իբր` տրամաբանությամբ ջուր է լցվում թշնամու ջրաղացին:

Իսկ ես հակառակ կարծիքին եմ. հենց էժան հայրենասիրությամբ է ջուր լցվում թշնամու ջրաղացին, իսկ ցանկացած տրամաբանական լուծման առաջարկ, ինքնին, հայրենասիրության դրսևորում է: Եվ պետք չէ Նժդեհի արևով երդվելով ու Երևանում նստած Փաշազադեին ու Բյուլբյուլօղլուին հայհոյելով՝ հայրենասիրություն խաղալ:

Հայրենասիրությունը հենց ինքը տրամաբանությունն է, որը պահանջում է տքնաջան աշխատանք, իսկ հայհոյանքն ու երդումը տրասցենդենտալ հարթությունից են, որոնք որևէ պատասխանատվություն ու ջանք չեն ենթադրում: Սակայն, սարասփելին էլ հենց այն է, որ էժան հայրենասիրության կրողներն են իշխանության գլխին, իսկ իրական հայրենասերներին ամեն կերպ փորձում են լռեցնել ու վարկաբեկել:

Միսակ Մարտինյան

 

Նախորդ հոդվածը‘Բենեդիկտոս XVI-ը հերքել է պապական գահից իրեն տապալելու մասին լուրերը’
Հաջորդ հոդվածը‘Ձմեռային համահայկական առաջին խաղերը շարունակվում են (Ֆոտոշարք)’