‘Երգիծաբան Զադորնովն անպատիժ «գրոհում է» Ուկրաինան’

1054

Ռուսաստանցի հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովը Ուկրաինայի բնակիչների բուռն զայրույթն է առաջացրել՝ տեղական ռադիոկայաններից մեկի ուղիղ եթերով նրանց անվանելով՝ «եվրախախոլներ»: Երկրի ԱԳՆ-ն չի արձագանքել երգիծաբանի թույլ տված արտահայտություններին՝ համարելով, որ նա արժանի չէ մի ողջ գերատեսչության ուշադրությանը: «Радио Неформат»-ի եթերից Զադորնովն ասել է. «Եվրախախոլներն՝ այսպես կոչված, «ԵվրաԿլիչկոները», մեզ մեղադրում են, թե Ռուսաստանը գաղութացնում է Ուկրաինան», և հավելել է, թե դրա հիմքերը չկան, քանի որ ուկրաինական ապրանքներն անորակ են: «Ես ուկրաինական փրփուր ունեմ, դրանով նույնիսկ կարելի է սափրվել: Կոնֆետներն ուտել չի կարելի»,- նշել է նա: Այնուհետև անհարգալից արտահայտություններ է թույլ տվել ընդդիմադիր УДАР-ի առաջնորդ Վիտալի Կլիչկոյի հասցեին. « Իսկ Կլիչկո՜ն: Ձեզ ոնց է դուր գալիս՝ մի մարդ, որը դաստիարակվել է սովետական ընտանիքում, որին դաստիարակել է սովետական բռնցքամարտի դպրոցը՝ ի դեպ, և որը հարկերը մուծում է Գերմանիայում և ուզում է Ուկրաինան փակցնել Եվրոպային… Որն ուզում է Ուկրաինան մտցնել, փռել Եվրոպայի տակ: Մինչդեռ այնքան հիանալի հսկա էր մի ժամանակ…»: Երգիծաբանը ծաղրել է նաև Մայդանը. «Հա, ի դեպ, Մայդանը ցրվե՞լ է, թե՞ դեռ օլիգարխների փողերը հերիքում են այն պահելու համար»,- հարցրել է նա, ինչին հաղորդավարը պատասխանել է. «Ցրվել է արժանապատվորեն»:

Ռուսաստանցի երգիծաբանների անպատշաճ կատակներն Ուկրաինայի և ուկրաինացիների հասցեին առաջին անգամ չէ, որ լայն քննարկման թեմա են դառնում մամուլում և հանրության շրջանում: 2013 թ. ապրիլին սկանդալի պատճառ էին դարձել «Սմակ» հաղորդման ժամանակ հետուստահաղորդավար Իվան Ուրգանտի խոսքերը. «Ես այնպես կտրատեցի կանաչին, ինչպես կարմիր կոմիսարն էր ջարդում ուկրաինական գյուղի բնակիչներին»: Այն ժամանակ երկրի ԱԳՆ-ն բացատրություններ  պահանջեց ռուսաստանյան կողմից, և հաղորդավարը ստիպված եղավ երկու անգամ ներողություն խնդրել Ուկրաինայի բնակիչներից: Մինչդեռ Զադորնովն ամենևին էլ մտադիր չէ ներողություն խնդրել. նրա մամուլի խոսնակի հավաստիացմամբ՝ «Զադորնովն արդեն մոռացել է «եվրախախոլների» մասին, դա նրան հետաքրքիր չէ: Եւ շատերը Միխայիլ Զադորնովի անունն օգտագործում են միայն նրա համար, որ հիշեցնեն իրենց մասին»,-ասել է երգիծաբանի մամուլի քարտուղարը, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Հրայր Թովմասյան. Ես իրավաբան չեմ, ես նախարար եմ — Երթ` ի պաշտպանություն Շանթի’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Առանց լիակատար իշխանափոխության` տեղային պայքարը արդյունք չի տա’