Երեկ ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում

312
Լուսանկարը՝ artsakhpress.am-ի

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել էր ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը։ Բեռնատար մեքենաներից բացի, շարասյան մեջ եղել է մեկ մարդատար ավտոմեքենա` քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցիներով։ Տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում, որից հետո մարդատար մեքենայի ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ։

Այդ հողի վրա առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում նշված ադրբեջանցիներին միացել են նաև բեռնատար մեքենաների վարորդները և բռնություն գործադրել հայ երիտասարդների նկատմամբ։ Վեճը դադարեցնելու նպատակով նույն տեղանք են ներկայացել նաև երիտասարդների հարազատները, որի ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց։ Միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Վնասվել է նաև ադրբեջանական մարդատար ավտոմեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների, քաղաքացիական հագուստով անձինք Ադրբեջանի զինված ուժերի և ռազմական ոստիկանության ծառայողներ են, այնինչ ռուս խաղաղապահների միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերաբար կիրառումը պետք է ունենար միայն հումանիտար նպատակներ։

Արցախի Հանրապետության ոստիկանությունն այս պահին միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու և փաստագրելու ուղղությամբ։

Միջադեպի մասին տեղեկացված է նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։

Արցախի ՆԳՆ

Նախորդ հոդվածըՖրանսիան ու Անգլիան առաջին անգամ կմրցեն ԱԱ-ի կամ ԵԱ-ի փլեյ-օֆֆում
Հաջորդ հոդվածըՌուսաստանյան գազի նկատմամբ ԵՄ-ի էմբարգոն մտել է ուժի մեջ