‘Երեկ. 23 – 20 = բարգավաճներ, դաշնակցականներ եւ անկուսակցականներ’

31377

Արեւածագը դեռ հեռու էր, ու ամպրոպը որ սկսվեց, գիշերը ցերեկ դարձնողները վազեցին դեպի լուսամուտները։ Ամպրոպը խաղեր տվեց մի կուշտ,, իսկ անձրեւ չկար ու չկար։ Ժամը 4-ն անց 45-ի կողմերը երեւի խիղճը տանջեց, որ բեմ ելած ամպրոպին մեն-մենակ է թողել ինձ նման անողոք հանդիսատեսի առաջ ու շոգից ճլորած մի քանի կաթիլ ճլտացրեց լուսամուտիս ապակուն։ Այդքան բան. պարզ հասկացրեց, որ ինձ էդքանն էլ է շատ։ Դե, ամպրոպն էլ տեսավ ծափ տվող չկա, ձենը փորը գցեց, ճա՞րն ինչ։

Ուրախ լուրով օրն սկսել չհաջողվեց։ Առավոտ վաղ Երեւանի կենտրոնում բեռնատարը բախվել էր պատին, վարորդը մահացել էր։

Բայց ամեն ինչ կորած չէ։ Երեկ Տուրիզմի միջազգային օրն էր, եւ Տարոն Մարգարյանն ուղերձ էր հղել «զբոսաշրջության ոլորտի հարգելի ներկայացուցիչներին» եւ բացահայտել, որ «ժամանակակից աշխարհում զբոսաշրջությունը քաղաքային տնտեսության զարգացման կարեւոր բաղադրիչներից մեկն է»։ Էլի ինչ-որ ճռճռան բաներ էր ասել, բայց երեւի շատ բազմազբաղ էր, ու մտքից թռել էր, որ ասեր, թե ինչու են ինքն ու իր տերերն ամեն ինչ անում, որ ոչ միայն զբոսաշրջիկները Հայաստանում չնկատեն այդ «կարեւոր բաղադրիչը», այլեւ Հայաստանի քաղաքացիներն ընդմիշտ բռնեն «զբոսաշրջության» ճամփան։ Ինչ որ է. ամեն դեպքում Տարոնը գիտի, որ զբոսաշրջությունը կարեւոր բաղադրիչ է, իսկ ա՛յ՝ ոնց հասկանում ենք, Վանաձորի ոստիկանության Տարոնի (ձեր իմացած Տարոնը չի) բաժնի պետ Սերգեյ Ավետիսյանը տեղյակ չէ դրա մասին, թե չէ Վանաձորի կենտրոնական փողոցի մայթի գազոնի վրա շաուրմանոց չէր սարքի գողեգող։ Դե, շաուրմանոցի աջուձախ կողմերում ոտատեղ փնտրող զբոսաշրջիկներին հո չե՞ս ասի, որ Հայաստանը ոստիկանական պետություն է, եւ այս ոստիկանապետն էլ գլուխ է գովել, որ ինքն իր ուզածին ամեն գնով հասնելու է, ինչքան ուզում են՝ թող վանաձորցիները բողոքեն։ Կհասնի, չկասկածեք, Վովայի «սթափված» տղերքից է։ Ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը։

Մեղրիի կուսբջիջի նախագահ… ներեցեք, N2 դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանն էլ առաջինը չէ։ Վերջինն էլ չէ։ Հանրապետական կուսակցության անդամ տիկինն իր ղեկավարած դպրոցի ուսուցչանոցում մանկխորհրդի… ներեցեք, ՀՀԿ կուսբջիջի նիստ է հրավիրել, անդամատոմսեր է բաժանել ուսուցիչներին։ Սա նախորդ օրն էր։ Իսկ երեկ կուսբջիջի Մերին պատասխանել է Իլուր-ի հարցերին, եւ զրույցից պարզվել է, որ այս դպրոցում կա 23 ուսուցիչ, որոնցից «գրեթե քսանը հանրապետական կուսակցության անդամ են», իսկ մնացած 3-ը՝ «բարգավաճներ, դաշնակցականներ եւ ընդհանրապես անկուսակցականներ»։ Եթե երեք հոգանոց կուսակցական բջիջներում կան ե՛ւ բարգավաճներ, ե՛ւ դաշնակցականներ, ե՛ւ ընդհանրապես անկուսակցականներ, պատկերացնու՞մ եք, թե քանի-քանի հանրապետական կա էն «գրեթե քսան հանրապետականների» կուսբջիջում։

Անհեթեթությու՞ն ստացվեց։ Իսկ ի՞նչ էիք ուզում, որ ստացվեր մի երկրում, որտեղ դպրոցներում կուսբջիջներ կան, եւ այդ կուսբջիջի նախագահ տիկինը լրագրողից պահանջում է չքաղաքականացնել իր ղեկավարած դպրոցում գործող կուսակցական կառույցի հարցը։ Դե, ինքը երեւի մեզանից լավ գիտի, որ իր դավանած կուսակցություն կոչվածը հանցախումբ է ընդամենը, իսկ հանցախմբի կատարած հանցագործությունների համար դատում են, ոչ թե քաղաքականացնում։ Նորմալ երկրում՝ իհարկե. մերը դրանցից չէ։

Ի դեպ, մեր մեջ ասած՝ հանրապետական պարագլուխները լավ չեն աշխատում։ Երեւի հիշում եք, ընտրարշավների ժամանակ էլ էին դրանց միջին եւ ստորին օղակների «նվիրյալները» խղճուկ վիճակում հայտնվում, եթե սրանց ճամփան համառ լրագրող էր կտրում։ «Ես իմ փողի տերն եմ» նշանաբանով գործին լծված տղերքն ու աղջկերքն ակամա «գործ էին տալիս» իրենց տերերի դեմ, որովհետեւ իրենց իմացած օրենքը «քուչի» ու «դախլի» սահմաններից չէր անցնում, չգիտեին՝ որը պետք է ասեն, որը պետք է թաքուն պահեն։ Հիմա էլ՝ այս տիկինը։ ՀՀԿ-ի «կուսբջջային» մութ գործերը փռեց լրագրողի առաջ՝ ինքն էլ չհասկանալով, որ իր տերերին եւ հատկապես «կիրիլիցացավ» կպած իր անմիջական շեֆին, որը դեռեւս փետրվար ամսին շրջաբերական էր հղել մարզպետներին ու Երեւանի քաղաքապետին «առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում», շատ անհարմար վիճակի մեջ գցեց։ Չնայած՝ էս ինչ եմ ասում։ Անհարմար վիճակի մեջ ընկնելու համար, նախ, պետք է արժանապատվություն ունենալ։ Դրանից չի ճարվում ոչ հանրապետական վերնախավի, ոչ էլ՝ դաշնակցական պարագուխների կուռ շարքերում։ Իրենք էլ են իրենց փողի տերը եւ հանուն դրա ելքը կգտնեն։ Կնստեն, օրենքը կհարմարեցնեն Մեղրիի կուսբջիջի ղեկավար Հակոբյանի հարցազրույցում արտահայտած «չքաղաքականացված» մտքի դեգերումներին, հո առաջին անգա՞մը չէ։ Կամ էլ՝ Գալուստ Սահակյանին կգործուղեն լրագրողների հարցերին պատասխանելու։ Գալուստը հավեսով կպատասխանի, լրագրողները հավեսով կգրեն, հասարակությունն էլ հավեսով կծիծաղի, կանցնի-կգնա։ Պա՛հ, կուսբջիջ դպրոցում։ Բջիջ է, էլի՛, հո կազինո կամ սաունա չէ։ Ականջալուր լինենք Մեղրիի կուսբջիջի ղեկավարի հորդորին. «Եկեք չքաղաքականացնենք»։

Եկանք։

Հասանք Երեւանի Հանրապետության հրապարակ. այստեղ մի տարեց տղամարդ ինքնահրկիզման փորձ է արել, բարեբախտաբար կանխել են։ Ասում են՝ պատճառը սոցիալական խնդիր է։ Երբ մարդը քաղցած է, ու իր ընտանիքն էլ է քաղցած, եւ մարդը չի ուզում այլեւս տեսնել իր ընտանիքի սովահար հայացքն ու որոշում է մեռնել, դրան սովորաբար ասում են՝ սոցիալական խնդիր։

«Եկեք չքաղաքականացնենք»։

Եկանք։ Հասանք Ազգային ժողովի մատույցները։ Դարպասի մոտ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն են բողոքի ցույց անում։ Ասում են՝ մենք Սամվել Ալեքսանյանին ենք ընտրել, ու՞ր է, թող գա մեր խնդիրը լուծի։ Սամվել Ալեքսանյան որ ասում են, Լֆիկին նկատի ունեն։ Բա չասե՞նք՝ իսկ կարելի՞ է իմանալ, թանկագին նաիրիտցիներ, թե ինչու եք ընտրել Սամվել Ալեքսանյանին։ Չէ, չասենք, իմաստ չունի։ Վաղը նորից իրեն են ընտրելու, իրենք էլ գիտեն, թե ինչու, մենք էլ գիտենք։

Երեկոյան անձրեւ եկավ չեմուչում անելով։ Լվացքս թրջվեց, իսկ գետինը՝ ոչ։

Հա՛, Քլոե Քարդաշյանը հղի է (մոռանալու էի, խայտառակ էի լինելու, աման)։ 

Լիզա Ճաղարյան

 

Նախորդ հոդվածը‘Ցուկերբերգը հերքել է Թրամփի մեղադրանքները՝ իր դեմ դավադրություն կազմակերպելու վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Մեսին «Բարսելոնայում» հանդիպումների քանակով կիսում է երրորդ տեղը Պույոլի հետ’