‘Երեւանի նորանշնակ ոստիկանապետը խոշտանգել է ընդդիմադիր գործչին. Հատված ՄԻԵԴ վճռից’

3468

Երեւանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի նշանակման առիթով փաստաբան Վահե Գրիգորյանը «Ֆեյսբուքում» հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լսված «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործի վճռից հատվածներ: Նշենք, որ հայցվոր կողմը շահել է դատը:

«17. Դիմողը հայտնում է նաեւ, որ … այն բանից հետո, երբ նրանք [դիմողին ծեծի ենթարկող երկու ոստիկանները] լքեցին սենյակը [ոստիկանության տարածքում], մեկ այլ ոստիկան, Ա. Կ.-ը (Երեւանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը-խմբ.) մտավ սենյակ եւ սկսեց մետաղյա առարկայով իրեն հարվածել ամորձիների շրջանում: Այնուհետեւ իր ձեռքերը ձեռնաշղթաներով կապվեցին, իսկ ոստիկան Ա. Կ.-ը շարունակում էր ձեռքերով եւ ոտքերով հարվածել իր [դիմողի] գոտկատեղից ներքեւ հատվածին, որից նա կորցրեց գիտակցությունը:

36. Իր 25/04/2004թ.-ի ցուցմունքում դիմողը քննիչին հիվանդանոցում (ստացված վնասվածքների արդյունքում դիմողը ծանր վիրահատություններ էր տարել) հայտնել էր. «… [դիմողին տեւական ժամանակ շարունակական խոշտանգումների ենթարկելուց հետո] որոշ ժամանակ անց [որոշ ոստիկաններ] դուրս եկան սենյակից եւ ներս մտավ Ա.Կ.-ն (ես նրա անունն իմացա դեպքերից հետո այլ ոստիկաններից) եւ սկսեց ինձ հայհոյել՝ նպատակ ունենալով ինձ ստորացնել, երկու անգամ թքեց իմ վրա եւ ձեռքով հարվածեց ամորձիներիս: Այնուհետեւ նա մի քանի անգամ հարվածեց ոտնաթաթերիս, որից հետո դուրս եկավ: Գնալուց առաջ նա բանալիներով կրկին հարվածեց ամորձիներիս: Մինչ ինձ ծեծելը, նա հրամայել էր բոլորին դուրս գալ սենյակից՝ ասելով, որ բռնանալու է իմ նկատմամբ: [խոշտանգումները նույն դաժանությամբ շարունակվել են] …»


38. 27/04/2004թ.-ին դիմողը կրկին հարցաքննվել էր քննիչի կողմից: Ի պատասխան այն հարցին, թե ինչ խոսակցություն էր ունեցել [Արտաշատի] ոստիկանության բաժնում, նա հայտնել էր, որ … միակ բանը, որ իրեն հարցնում էին այն էր, թե ինչու էր նա մասնակցում ցույցերին եւ իր հետ տանում այլոց: … Իրեն ծեծելիս Ա.Կ.-ն իրեն հարցնում էր, թե որ ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարներն էին իր հետեւում կանգնած: Նաեւ հայտնել էր, որ իր Ա.Կ.-ն հրամայել էր իր ձեռքերը շղթայել եւ այդ վիճակում շարունակել էր ծեծը:»

Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Վճիռ թիվ 40094/05 գործով
02/10/2012թ., Ստրասբուրգ
Virabyan v. Armenia

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյանը սիրիական դեպքերի զարգացման չորս սցենար է ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘2 բնակարան Կենտրոնում, 1 բնակելի տուն Ծաղկաձորում, հողամաս, շինություն. Սերժ Սարգսյանի փեսայի եղբոր հայտարարագիրը’