‘Երեւանում այսօր չորս հեծանվային կանգառ կտեղադրվի’

857

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Սիթի փրոմոուշեն» ընկերության հետ համագործակցության շնորհիվ, մինչեւ օգոստոսի 31-ը Երեւանում տեղադրվելու է 17 հեծանվային կանգառ, որոնցից առաջին 4-ը կգործարկվեն այսօր։ Այս կապակցությամբ Շահումյանի անվան հրապարակում անցկացվելու է միջոցառում՝ պրոֆեսիոնալ եւ սիրողական հեծանվորդների մասնակցությամբ։

Հեծանվորդների խմբերը 4 տարբեր ուղղություններից արշավելու են Շահումյանի անվան հրապարակ, որտեղ հեծանվի տարբեր, այդ թվում անսովոր կիրառումներով ցուցադրություն է լինելու։

Այնուհետ՝ հեծանվորդները Շահումյանի անվան հրապարակից մեծ շրջապտույտ են կատարելու մինչեւ Հանրապետության հրապարակ՝ Վ. Սարգսյան, Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Կորյուն, Աբովյան փողոցներ երթուղով։

Միջոցառումը մեկնարկելու է երեկոյան ժամը 19։00-ին, 4 տարբեր կետերից, հետեւյալ  ուղղություններով.

1. Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից՝ Հրազդանի կիրճ, Բրազիլիայի հրապարակ, Աթենքի փողոց, Մաշտոցի պողոտա, Արգիշտի փողոց, Իտալիայի փողոցով՝ Շահումյան հրապարակ.

2. Լենինգրադյան—Հալաբյան փողոցների խաչմերուկից՝ Ծիծեռնակաբերդի խճուղի, Բրազիլիայի հրապարակ, Աթենքի փողոց, Հաղթանակ կամուրջ, Արգիշտի փողոց, Իտալիայի փողոցով՝ Շահումյան հրապարակ.

3. Մատենադարանից՝ Կորյունի, Նալբանդյան, Խանջյան, Սայաթ-Նովա փողոց, Ալեք Մանուկյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով՝ Հանրապետության հրապարակ, ապա Շահումյան հրապարակ.

4. «Սասունցի Դավիթ» կայարանից՝ Տիգրան Մեծ փողոց, Գարեգին Նժդեհի ուղեանց («Վստրեչի» կամուրջ), Արշակունյաց պողոտա, Ագաթանգեղոսի փողոցից շրջադարձ եւ նույն փողոցով՝ Խորենացի փողոց, ապա Շահումյան հրապարակ։

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը Եգիպտոսում’
Հաջորդ հոդվածը‘iLur Անոնս. Հարցազրույց Ռուզաննա Գրիգորյանի հետ’