‘Երեւան-Վանաձոր մայրուղու վրա ոստիկանության զորքեր են բերվել’

1845

Երեւան-Վանաձոր մայրուղու այն հատվածում, որտեղ 6 գյուղերի բնակիչներն ի նշան բողոքի փակել են երթեւեկությունը, Ներքին զորքերի ստորաբաժանումներ են կուտակվել: Այս մասին iLur.am-ին տեղեկացնում են բողոքի ցույցի մասնակիցները:

Բարձրաստիճան ոտիկանները կարծես թե կարողանում են համոզել ցուցարարներին` բացել երթեւեկությունևը` խոստանալով, որ Ապարանի ջրամբարից հոսող ոռոգման ջրի վրա ՀԷԿ-ի շինարարությունը կդադարեցվի:
«Ճանապարհը բացեք, եթե ձեր պահանջները չիրագործվեն, նորից կփակեք ճանապարհը», — ասել է գնդապետի համազգեստով ոստիկանը:

Քաղաքացիները պնդում են, որ անհապաղ եւ վերջնականապես  դադարեցվի ՀԷԿ-ի շինարարությունը: «Ես էստեղ ծնվել եմ, մեծացել, բոլոր նրբությունները գիտեմ` ինչը ինչի է հանգեցնելու: Երբ ես ասում եմ, որ այգիները չորանալու են, ուրեմն` գիտեմ ինչ եմ ասում, պարտադիր չէ, որ քաղաքից գան ու ինձ բացատրեն դա: Եթե հանկարծ փորձեք խաբել, էստեղի մեկի փոխարեն հարյուրս ենք գալու», — ասում է գյուղացիներից մեկը:

«Մի ամբողջ շրջանի մարդիկ, միահամուռ կանգնած, ասում են՝ «Ոչ», դուք ասում եք` չէ, պետք է կառուցենք: Էս է՞ ձեր ժողովրդավարությունը», — բացականչեց մի տարեց գյուղացի:

Որոշ մարդիկ էլ դժգոհում են, որ իրենց օրվա գործերը թողած՝ ստիպված են պայքարել ինչ-որ մարդկանց ստեղծած խնդիրների դեմ:

Տեղում է նաեւ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Նա վստահեցնում է մարդկանց, որ հասնելու է շինարարության վերջնական դադարեցմանը:

 

Նախորդ հոդվածը‘Հրապարակվել է Քեթրին Էշթոնի և Էստոնիայի ԱԳՆ ղեկավարի զրույցն Ուկրաինայի մասին’
Հաջորդ հոդվածը‘Ցուցարարները, խոստումներ ստանալով, բացեցին ճանապարհը’