‘«Երիտասարդական» մետրոյին հարակից գետնանցումի գրավաճառներին «քշում են» (տեսանյութ)’

1572

Երիտասարդական մետրոյի հարևանությամբ գտնվող գետնանցումը վաճառվել է մեկ տարի առաջ, և միայն 11-12 օր առաջ են այնտեղ գործունեություն ծավալող գրավաճառներին տեղեկացրել այդ մասին: Նրանց մինչև մարտի 13-14-ը ժամանակ են տվել տարածքն ազատելու համար: Այդ մասին iLur.am-ին ասաց գրավաճառներից մեկը:

Նրա խոսքով՝ սեփականատերը ծրագրել է գետնանցումի ողջ տարածքը վերանորոգել: Այդտեղ առևտրով զբաղվող 20 գրավաճառներին տեղեկացրել են, որ վերանորոգումը կտևի երկու տարի, որից հետո հնարավոր է՝ նրանց տաղավարներ հատկացնեն:

Բայց մինչ այդ, գրավաճառները կանգնել են փաստի առաջ, քանի որ տարածք չունեն գիրք վաճառելու համար:

Մեզ հետ զրույցում նրանցից մեկը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը առաջարկել է գրավաճառներին տեղափոխվել Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գտնվող գետնանցում կամ էլ Մաշտոցի պողոտայի՝ Մաշտոցի պուրակին հարակից գետնանցում:

Գրավաճառի խոսքով՝ Սուրբ Սարգիս եկեղեցու անցումը շատ հեռու է, վաճառք չի լինի: Իսկ Մաշտոցի պուրակի մոտ գտնվող գետնանցման տարածքի վերաբերյալ մտավախություն կա.լուրեր են պտտվում, որ այն մեկ-երկու ամսից նույնպես վաճառվելու է: «Մենք էլ մինչև տեղափոխվենք, մի երկու ամիս կանցնի, գնանք՝ ի՞նչ անենք»,- տարակուսում է գրավաճառը:

Եթե վերջնական որևէ լուծում չգտվի, ապա գրավաճառները ստիպված են լինելու քաղաքի տարբեր վայրերում առանձին-առանձին զբաղվել գրքերի վաճառքով:

Նրանց խոսքով՝ ամենալավ տարածքը հենց  իրենց գետնանցումն է, քանի որ շուրջբոլորը համալսարաններ են, իսկ գրքերը վաճառվում են գրախանութներից ավելի էժան գներով:

Գրավաճառներից մեկը նկատեց, որ ամենալավը վաճառվում են հենց  ուսանողների ու աշակերտների կողմից գնվող շտեմարանները: Ստացվում է, որ տեղափոխվելու կամ հարկադրված պարապուրդի դեպքում գրավաճառները կզրկվեն իրենց ամենօրյա ապրուստի միջոցից:

Նրանց միակ ցանկությունն է, որ իրենց տրամադրեն հարմար տարածք՝ գիրք վաճառելու համար, և ավելի լավ պայմաններ, քանի որ ստիպված են լինում աշխատել ստորգետնյա խոնավ գետնանցումում:

 

Նախորդ հոդվածը‘Ռաֆայել Վարանի տրանսֆերային արժեքը կտրուկ աճել է’
Հաջորդ հոդվածը‘Բանաստեղծ Ջոն Էգարդը թագավորական ոսկե շքանշան է ստացել’