‘Երիտասարդ լիբերալների միջազգային ասոցիացիան ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև’

1971

Երիտասարդ լիբերալների միջազգային ասոցիացիան (IFLRY) ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ապրիլի 24-ին աշխարհի բազմաթիվ երկրներում տեղի են ունենալու 1915 թ.-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նշման արարողությունները: Այդ ցեղասպանությանը զոհ է գնացել շուրջ 1,5 մլն. մարդ:

1915թ. մայիսի 24-ին Անգլիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Օսմանյան կայսրությունում հայ բնակչության կոտորածների փաստը, իսկ 1919–1920 թթ. Օսմանյան կառավարությունն իրականացրել է երիտթուրքական կուսակցության պարագլուխների դատավարությունը, որով կուսակցության եւ կառավարության բազմաթիվ բարձրաստիճան գործիչներ դատապարտվել են բանտարկության, իսկ ոմանց նկատմամբ կայացվել են մահապատժի դատավճիռներ։

Օսմանյան կայսրության հայ բնակչության բնաջնջումը լիովին համապատասխանում է 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած եւ 1951-ի հունվարի 12-ին ուժի մեջ մտած «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիային, որի 2-րդ հոդվածը հինգ կետով սահմանում է «ցեղասպանություն» որակված հանցագործության էությունը, որոնք բոլորն էլ առկա են 1915–1923 թթ. Ընթացքում հայ ժողովրդին բաժին ընկած համազգային ողբերգության պարագայում։

IFLRY-ին, շեշտելով բոլոր ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը որպես հետագա ցեղասպանությունների կանխման համար կարևորագույն նախապայման, հիմք ընդունելով պատմական իրողություններն ու ՄԱԿ-ի կոնվենցիան, ինչպես նաև նպատակ դնելով աջակցել հայ և թուրք ժողովուրդների հաշտեցմանը, ՀՀ և ԹՀ միջև դիվանագիտական հարաբերությունների կայացմանը և տարածաշրջանային կայունությանն ու զարգացմանն ուղղված ջանքերին՝

—          դատապարտում է Հայոց ցեղասպանությունը,

—          հույս է հայտնում, որ Թուրքիայի հասարակությունն ու թուրքական պետությունը խիզախություն կդրսևորեն առերեսվելու սեփական պատմությանհետ,

—          աջակցում է հայ և թուրք հասարակությունների միջև հաշտեցմանն ուղղված քայլերին,

—          կոչ է անում Հայաստանին և Թուրքիային դիվանագիտական հարաբերություններ հաստատել միմյանց հետ եւ մտնել համակողմանի տնտեսական, մշակութային ու քաղաքական համագործակցություն մեջ:

Բանաձևը ներկայացվել է Երիտասարդական Կոնգրեսի և թուրքական 3H (ազատություն, օրենքի գերակայություն և հանդուրժողականություն) կազմակերպության կողմից»:

Նախորդ հոդվածը‘Դժվար է վազգենմանուկյան լինելը’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիան» նվազագույն հաշվով հաղթեց «Բորուսիային»(տեսանյութ)’