‘Երկկողմ համաձայնագիր ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև’

849

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը  նոյեմբերի 10-ից երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն:

Նոյեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության և ԻԻՀ արդարադատության նախարարների միջև դատապարտյալների փոխանցման մասին երկկողմ համաձայնագիր է ստորագրվել:

Հայաստանի անկախ Հանրապետության արդարադատության նախարարն առաջին անգամ էր պաշտոնական այցով մեկնում Իրանի Իսլամական Հանրապետություն: Եվ ինչպես նշվել է արդարադատության երկու նախարարների հանդիպման ընթացքում, առաջին անգամ է նման համաձայնագիր ստորագրվում կողմերի միջև:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից դեռևս 2011 թվականին Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով և Հայաստանի Հանրապետության բարի կամքի դրսևորմամբ, երկու փուլով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող Իրանի քաղաքացի դատապարտյալներ են փոխանցվել ԻԻՀ՝ այնտեղ պատժի հետագա կրումն իրականացնելու պայմանով: Եվ մինչև համաձայնագիրը ստորագրելը նախարար Հրայր Թովմասյանը հանձնարարել էր նախապատրաստել ևս 11 իրանցի դատապարտյալների փոխանցումը ԻԻՀ:

ԻԻՀ կատարած այցի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հանդիպել է նաև ԻԻՀ Խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի և Դատական իշխանության ղեկավար Սադեք Լարիջանիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ իրավական օգնության և դատապարտյալների փոխանցմանը վերաբերող հարցեր: ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց գոհունակությունն են հայտնել Հայաստանի Հանրապետության հետ իրավական ոլորտում արդյունավետ համագործակցության վերաբերյալ, և երկուստեք վստահություն հայտնել, որ էլ ավելի է խորացվելու այդ ոլորտում համագործակցությունը:

Այցի շրջանակներում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և պատվիրակության անդամներն այցելել են նաև Թեհրանի անչափահասների ուղղման և վերականգնման կենտրոն քրեակատարողական հիմնարկ, ծանոթացել դատապարտյալների պահման պայմաններին:

Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ե. Կիրակոսյանը և ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը, տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան նոյեմբերի վերջին’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Նազարյանի գործով դատավարության դեմ ակցիա նախագահական նստավայրի դիմաց (տեսանյութ) ‘