‘Երկուշաբթի կլսվի Արտակ Նազարյանի սպանության գործով վերաքննիչ բողոքը’

770

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում Գ. Մելիք-Սարգսյանի նախագահությամբ երկուշաբթի` հուլիսի 15-ին ժամը 14:00 քննության է առնվելու 2010թ. Տավուշի մարտական հենակետերից մեկում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործը: Վերքննիչ բողոքով հանդես էին եկել տուժող կողմը եւ հինգ ամբաստանյալներից երկու սպաները: 

Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել գործը քննել վճռաբեկության կարգով, սակայն բողոք բերած կողմերը պատրաստվում են առաջին իսկ նիստի ժամանակ միջնորդել՝ գործը քննել վերաքննության կարգով:

Տուժող կողմը պահանջել է Վերաքննիչ քրեական դատարանից «բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել դատավճիռը՝ արդարացնել ամբաստանյալներին եւ գործն ուղարկել դատախազին»: Պահանջում են նաեւ «քննության ընթացքում բացահայտված օրինախախտումների կապակցությամբ քրեական գործեր հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին»:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը՝ Ս. Մարդանյանի նախագահությամբ, կայացրել էր դատավճիռ՝ հինգ ամբաստանյալներին՝ Արտակ Նազարյանի նախկին ծառայակիցներին մեղավոր ճանաչելով նրանց մեղսագրվող արարքների համար, որոնք ըստ զինդատախազության եւ դատավորի գնահատման, Ա. Նազարյանին «հասցրել են ինքնասպանության»: 

Ի սկզբանե տուժող կողմը պնդել է, որ կատարվածն ինքնասպանություն չէ, այլ սպանություն, ինչի ապացույցներն առկա են քրեական գործում եւ ի հայտ են եկել դատաքննության ընթացքում, իսկ ամբաստանյալները իրենց մեղավոր չեն ճանաչել՝ խնդրելով կայացնել արդարացման դատավճիռ: 

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում (ինչպես եւ նախաքննության ընթացքում) գործի քննությունն ընթացել է քրեադատավարական նորմերի բազմաթիվ խախտումներով, խոչընդոտվել են կողմերի փորձերը՝ լույս սփռելու այն հարցերի վրա, որոնք կարող էին պարզաբանել նախաքննական մարմնի կողմից չպարզաբանված կամ կոծկված փաստերը, դատարանը ճնշող մեծամասնությամբ իր վճիռները կայացրել է՝ հենվելով մեղադրանքը պաշտպանող դատախազների կարծիքի վրա, թեկուզ նրանց կարծիքը հակասել է մնացած բոլոր կողմերի կարծիքներին:

Նախապատմությունը: Արտակ Նազարյանը սպանվել է 2010թ. հուլիսի վերջին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի մարտական հենակետերից մեկում, որի ավագն էր: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է եւ գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչեւ ապացույցների ոչնչացում եւ կեղծում (մանրամասները տե՛ս մամուլում Ա. Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի 28.09.2011թ. բաց նամակում՝ զինդատախազ Գ. Կոստանյանին):

Դատավարության մասնակիցները: Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը: 
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց դատապարտել է համապատասխանաբար 10, 4, 4, 4, եւ 2 տարվա ազատազրկման՝ Հ. Կիրակոսյանի նկատմամբ կիրառելով փորձաշրջան:
Վերաքննիչ բողոք ներկայացրած սպաների պաշտպաններն են փաստաբաններ Հրանտ Գեւորգյանը եւ Արմինե Ղասաբողլյանը (Հակոբ Մանուկյանի պաշտպանները) եւ Լեւոն Պողոսյանը (Վահագն Հայրապետյանի պաշտպանը): 

Տուժողի իրավահաջորդն էր Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, իսկ 2011թ. նոյեմբերի 29-ից՝ քույրը՝ Ծովինար Նազարյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն են փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:

Նախորդ հոդվածը‘Բուրսասփոր-Բորուսիա 1:4 ‘
Հաջորդ հոդվածը‘Պռոշյան գյուղում այսօր գյուղապետ են ընտրում’