Երկուշաբթի Ղազախստանում սգո օր է հայտարարված

497

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը երկուշաբթին հայտարարել է սգո օր բողոքի ցույցերի ընթացքում զոհերի համար։

Երկրում շարունակվում է արտակարգ դրության ռեժիմը, սակայն հանրապետության գլխավոր քաղաքների փողոցները կամաց-կամաց խաղաղվում են։

BBC-ի թղթակիցը Ալմաթիից հաղորդել է, որ քաղաքում իրավիճակը դեռևս նորմալ չես համարի․ դեռ խնդիրներ կան համացանցի հետ կապված, կիրակի օրը բանկերն ու բանկոմատները չէին աշխատում, և քաղաքի բնակիչները հերթ են կանգնում՝ մեքենաները բենզինով լիցքավորելու համար։ Ժամանակ առ ժամանակ կրակոցներ են լսվում, սակայն, հավանաբար, այդ կերպ ոստիկանությունը զգուշացնում է, որ մարդիկ խումբ-խումբ չհավաքվեն կամ չմոտենան պահակակետերին։

Կանոնավոր կյանքի վերադառնալու ևս մի նշան է ավիահաղորդակցության վերականգնումը, կիրակի օրը ռուսաստանյան «Аэрофлот»-ը հաղորդել է, որ երկուշաբթի չվերթներ կիրականացվեն Մոսկվա-Նուր-Սուլթան և հակառակ երթուղիներով։

Դեռևս հայտնի չէ, թե քանի մարդ է զոհվել անկարգությունների ընթացքում։ Երկրի իշխանությունները ցուցարարներին ահաբեկիչներ էին հռչակել և հայտարարել, որ ցույցերի կազմակերպմանը առնչություն ունեն արտասահմանից վարձատրվող արմատական իսլամիստներ։ Սակայն, այլ տեսությունների համաձայն՝ կատարվածի արմատները պետք է փնտրել հենց Ղազախստանում, ազդեցության տարբեր խմբերի, այդ թվում` գործող նախագահի և «ազգի հոր»՝ Նազարբաևի միջև հակամարտությանը։

Հանգստյան օրերի գլխավոր լուրը պետական դավաճանության մեղադրանքով Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Կարիմ Մասիմովի ձերբակալությունն էր, որը նախկինում երկու անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։ Մասիմովը, որը մեծ ազդեցություն ուներ և համարվում էր նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի աջ ձեռքը, ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատվել էր Ալմաթիում անկարգության մեկնարկից անմիջապես հետո։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿարեն Խաչանովը պարտվեց եզրափակիչում
Հաջորդ հոդվածըԺնևում տեղի կունենան անվտանգության հարցերով բանակցություններ