‘Երկու վատ նորություն Սերժ Սարգսյանի համար ‘

3604

Այն, որ միջազգային հանրության, եւ մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների համար Սերժ Սարգսյանն իսկական գտածո է, այլեւս անգամ քննարկման թեմա էլ չի կարող լինել: Ճիշտ այնպես, ինչպես 2008 թվականին, այնպես էլ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ միջազգային հանրության պահվածքը հենց դա է ապացուցում: Այլ հարց է, որ 2008-ի եւ 2013-ի նախագահական ընտրությունների համեմատության պարագայում որոշակի՝ էական եւ շատ նուրբ տարբերություններ են նկատվում:

2008 թվականին Սերժ Սարգսյանը միջազգային հանրությանը ձեռնտու էր մեկ պարզ պատճառով՝ նախագահական ընտրություններում կային երկու հիմնական թեկնածուներ, (չնայած, որ առաջադրվել էին 9 թեկնածուներ), եւ նրանց միջեւ ընտրությունը, բնականաբար, պետք է որ կատարվեր հօգուտ Սարգսյանի: Մի պարզ պատճառով, Սարգսյանը չուներ, (ճիշտ այնպես, ինչպես մինչեւ հիմա էլ չունի) ԼՂ հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում սեփական տեսլական, եւ այդ իսկ պատճառով՝ հեշտությամբ համաձայնվում էր ցանկացած առաջարկի, որը կարվեր իրեն, միայն թե ճանաչվեր իր լեգիտիմությունը:

Իսկ ահա մյուս հիմնական թեկնածուն՝ ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն, ի տարբերություն Սարգսյանի, ուներ իր հստակ պատկերացումներն ու տեսլականը, եւ որ ամենակարեւորը՝ նա քաղաքական առեւտրի գնացող քաղաքական գործիչ չէր ու չէ: Շատ պարզ պատճառով՝ անհնար է նախագահ Տեր-Պետրոսյանից ազգային շահերին վնասող որեւէ զիջում կորզել:  (Ի դեպ, իրենց մասնավոր զրույցներում, օտարերկրյա դիվանագետները, եւ մասնավորապես, ամերիկացի դիվանագետները բացահայտում էին իրենց իրական տեսակետներն այդ հարցում: Մի շատ բարձրաստիճան դիվանագետ օրինակ՝ մի երկու տարի առաջ մասնավոր զրույցներից մեկում Երեւանում ասել էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի նման նախագահ իրենք դեմ չէին լինի Ամերիկայում էլ ունենալ, բայց՝ ոչ երբեք Հայաստանում): Ինչեւէ, այն, ինչ եղավ 2008-ից հետո՝ բոլորն են հիշում: Եւ այդ կապակցությամբ հատուկ շնորհակալություն ասենք  WikiLeaks-ի հիմնադիր պարոն Ջուլիան Ասանժին՝ այդ հարցում պարզություն մտցնելու եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ԱՄՆ Պետքարտուղարություն ուղարկված գաղտնի զեկուցագրերը հրապարակելու համար, որտեղից վերջապես արդեն փաստաթղթավորված տեղեկացանք, թե ինչպես էին վերջիններս ակտիվորեն աջակցում Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի ներսում ընդդիմությանը ջախջախել փորձելու հարցում, միայն թե՝ Սարգսյանը իրենց «աջակցեր» ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: 

2013 թվականի նախագահական ընտրություններում, սակայն, իրավիճակը, մեղմ ասած, մի փոքր այլ է: Ճիշտ է՝ անգամ անմրցունակ ընտրություններում Սերժ Սարգսյանը դե ֆակտո չկարողացավ առանց կեղծիքների «հաղթանակ» տանել, եւ նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում ղեկավարած կուսակցությունը 2012 թվականի ԱԺ ընտրություններում մի կերպ էլ հաղթահարել 5 տոկոսի շեմը, դե ֆակտո հաղթեց Սարգսյանին, սակայն, այժմ ամեն դեպքում՝ այլ իրավիճակ է: Հատկապես՝ միջազգային խաղացողների համար: Եւ ահա թե ինչու:

Սերժ Սարգսյանին 2008 թվականին շատ ավելի հեշտ էր միջազգային հանրության հետ բարտեր իրականացնել՝ «լեգիտիմություն-կարգավորումների դիմաց» սկզբունքով, քանի որ ընտրություններում նրան իրականում հաղթել էր այնպիսի թեկնածու, ով հստակ արտահայտել էր իր դիրքորոշումները, եւ դրանք ոչ թե ամերիկամետ կամ ռուսամետ էին, այլ՝ առաջին հերթին հայաստանակենտրոն: Սարգսյանը կարող էր առաջարկել՝ աչք փակեք իմ ոչ լեգիտիմ լինելու հանգամանքի վրա, ներքին հարցերում աջակցեք ինձ, եւ ես ԼՂ եւ հայ-թուրքական հարաբերություններում կանեմ այն, ինչ ձեզ պետք է, քանի որ՝ իմ մրցակիցը ձեզ ոչ մի այնպիսի զիջում չի անելու, որը կարող եմ անել ես: Այժմ, Սարգսյանը այդ մի խնդիրը չունի՝ գոնե ընտրություններում իր հիմնական մրցակցի առումով, քանի որ վերջինիս՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից առայսօր չեն հնչել ոչ ներքին, եւ ոչ էլ առավելեւս արտաքին քաղաքականության վերաբերյալ հստակ տեսակետներ:

Մինչ այս պահը պարոն Հովհաննիսյանը միայն հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի, (լուծարվի, որ ի՞նչ լինի, ի՞նչ է ինքը առաջարկում փոխարենը), եւ որ պետք է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Սա փաստացի նշանակում է, որ Հայաստանի առաջին ԱԳ նախարար եղած մարդը ուղղակի որեւէ պատկերացում չունի արտաքին քաղաքականության եւ հակամարտության կարգավորման նրբությունների մասին, հակառակ պարագայում՝ չէր ներկայացնի այնպիսի գաղափարներ, որոնց իրականացումը միայն ու բացառապես անկանխատեսելի հետեւանքներով են հղի: Հիշում ենք՝ Վարդան Սեդրակյանն էլ, ով հիմա կասկածելի հանգամաներով կալանավորվել է Պարույր Հայրիկյանի մահափորձը (՞) կազմակերպելու համար, հայտարարում էր, որ Հայաստանը պետք է առանց պատերազմի ցամաքային սահման ունենա ՌԴ Կրասնոդարի մարզի հետ: Ինչպե՞ս, ի՞նչի դիմաց, ի՞նչ գնով, պարզ չէ: Պետք է ունենա եւ վերջ: Այնինչ, ինչպես հայտնի է՝ սովորաբար, նման հայտարարություններ անող քաղաքական գործիչներին, միջազգային հանրությունը լուրջ չի ընդունում, հետեւաբար նաեւ, նման գործիչներից երբեւէ իրական վտանգ էլ չի տեսնում:

Այնպես որ, առաջին հայացքից դժվար է պատկերացնել, թե ի՞նչ կարող է ասել Սերժ Սարգսյանը միջազգային հանրությանը. եթե ինձ չաջակցեք, ապա Րաֆֆին ի՞նչ կանի: Նրան  կասեն՝ ո՞վ, Րաֆֆի՞ն, Րաֆֆին ի՞նչ կանի: Նման արձագանք կլիներ, եթե Սերժ Սարգսյանը ոչ թե դե յուրե, այլ՝ դե ֆակտո ունենար մեկ իրական մրցակից՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, եւ այդ պարագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները ոչ թե Սարգսյանի լեգիտիմությունն ընդունելուց հետո նրան կհիշեցնեին ԼՂ հիմնախնդրի մասին, այլ՝ բացառապես հիմնախնդիրը կբերեյին օրակարգ, իսկ լեգիտիմության հարցում առավել զգույշ կլինեին՝ ինչպես 2008-ին: Սակայն, չեղան, եւ դա նշանակում է, որ խնդիր կա: Անշուշտ, հարց է ծագում, եթե կա խնդիր, բայց այդ խնդիրը Րաֆֆի Հովհաննիսյանը չէ, ապա ո՞րն է:

Հարցի պատասխանը ստանալու համար պետք է ընդամենը ուսումնասիրել մամուլը. հատկապես ԱՄՆ դեսպանատան եւ Սերժ Սարգսյանի հետ առնչություն ունեցող մամուլը: Նախընտրական եւ հետընտրական շրջանում վերջիններիս պահվածքն էլ տալիս է հենց հիմնական հարցի պատասխանը: Միջազգային հանրությունը, եւ հատկապես ԱՄՆ-ն 2013-ի նախագահական ընտրությունների համատեքստում Սերժ Սարգսյանին մրցակից ու «խանգարող» է տեսնում ոչ թե նրան, ով դե ֆակտո հաղթել է Սարգսյանին այդ ընտրություններում, այլ նրան, ով հաղթել է Սարգսյանին 2008 թվականի ընտրություններում: Թիրախներից է երեւում: Իսկ այդ վերոնշյալ մամուլի թիրախը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ շարունակում են մնալ ոչ թե Սարգսյանի 2013-ի մրցակիցները, այլ՝ 2008 թվականին Սարգսյանին հաղթած Լեւոն Տեր-Պետրոսյանը, վերջինիս ղեկավարած ընդիմադիր միավորումը՝ Հայ ազգային Կոնգրեսը, եւ այսօր արդեն նաեւ ԲՀԿ-ն, ով հրաժարվելով նորից մաս կազմել իշխող կոալիցիային, առանձին մասնակցելով ԱԺ ընտրություններին, եւ նախագահական ընտրություններում չսատարելով Սերժ Սարգսյանին՝ վերջինիս համար դարձավ անվերահսկելի, հետեւաբար նաեւ վտանգ ներկայացնող: Հենց դա էլ ապացուցում է, որ Սարգսյանն այսօր ոչ թե իրեն հաղթած թեկնածուով է «վախեցնում» միջազգային հանրությանը, այլ՝ Կոնգրեսով եւ ԲՀԿ-ով:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 2013-ի նախագահական ընտրությունների ավարտին անգամ՝ Սերժ Սարգսյանը չի կարողացել դուրս գալ 2008 թվականի հետընտրական իր համար փակ շրջանից: Եւ սա իր հիմնավոր պատճառներն ունի: Ճիշտ է, 5 տարի շարունակ Սարգսյանը փորձել է մաշեցնել ընդդիմությանը, ականապատել եւ ականազերծել այն, ու չնայած որոշ հարցերում հասել էր հաջողության, այդուհանդերձ, նրան չի հաջողվել ջախջախել Կոնգրեսին: Ավելին, դրա փոխարեն Սարգսյանը ստացել է մի անակնկալ եւս՝ իրենից պոկված եւ ինքնուրույն քաղաքական գործոն դառնող ԲՀԿ-ի տեսքով: Եւ հենց այդ ուժերն էլ այսօր շարունակում են վտանգ ներկայացնել Սարգսյանի իշխանության համար, հատկապես, հիմա, երբ Կոնգրեսը փաստացի սկսել է ներքին բարեփոխումների եւ ավելի լուրջ կոնսոլիդացիայի քայլեր իրականացնել, ԲՀԿ-ն էլ՝ինչպես երեւում է այդ կուսակցության ներկայացուցիչների հայտարարություններից, արդեն այդ ճանապարհին է: Ուրեմն, ի՞նչ կարող է անել Սերժ Սարգսյանը:

Այս պարագայում Սարգսյանն ունի երկու ճանապարհ՝ արագ/անմիջապես արձագանքման եւ, պատկերավոր ասած՝ դանդաղ արձագանքման, կամ ժամանակ ձգելու ճանապարհներ: Արագ կամ անմիջապես արձագանքը դա ԼՂ հարցում, (այո, հենց ԼՂ հարցում, քանի որ հայթուրքական հարաբերություններում առանց ԼՂ հարցի կարգավորման չի կարողանալու որեւէ ռեալ քայլ կատարել), արագ ու հնարավորինս շուտ զիջումների գնալն է:

Երկրորդ ճանապարհի կամ ժամանակ ձգելու դեպքում՝ Սերժ Սարգսյանը պետք է խոստանա միջազգային հանրությանը այս անգամ ԱՆՊԱՅՄԱՆ «կարգավորել» իր առջեւ դրված խնդիրները՝ դրսի աջակցություն եւ ներքին առավելություն ստանալու հույսով:

Սակայն արձագանքներից ցանկացածի դեպքում էլ Սարգսյանին վատ նորություն է սպասվում:

Արագ կամ անմիջապես արձագանքի դեպքում՝ անգամ միջազգային հանրությունը ուղղակի չի կարողանա պահել վերջինիս իր աթոռին, քանի որ ժողովուրդը ինքը կլուծի Սարգսյանի հարցերը, քանի որ կեղծված ընտրություններով նախագահ դարձած գործիչը չի կարող ակնկալել հանրության աջակցությունը պետության համար կարեւորագույն որոշումներ կայացնելիս:  

Ժամանակ ձգելու պարագայում էլ, ժամանակը, կոպիտ ասած, կաշխատի Սարգսյանի դեմ, քանի որ հայաստանյան հիմնական ուժերի կոնսոլիդացիան կարող է առավել ակնառու դառնալ, եւ այդ պարագայում Սերժ Սարգսյանն ու յուր ՀՀԿ-ն ավտմատ դուրս կմղվեն քաղաքական պայքարից: Այս դեպքում էլ՝ միջազգային հանրությունը նրան ոչնչով օգնել չի կարողանալու: Հասկանալի պատճառներով: Քադաֆիին ու Մուբարաքին էլ սկզբից օգնեցին…

 

Քրիստինե Խանումյան

 

Նախորդ հոդվածը‘Հանրապետական պատգամավոր. Խորհրդարանական կառավարմանն անցնելու համար ճիշտ ժամանակ պետք է ընտրել’
Հաջորդ հոդվածը‘Ալո՜, զորավա՞րն է, իրավատե՛րն է անհանգստացնում ‘