Երկրային կյանքին հրաժեշտ տվեց Բաբկեն Արարքցյանը

1161

Վախճանվել է Հայոց համազգային շարժման հիմնադիր-անդամ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը։

Բաբկեն Արարքցյանը ծնվել է 1944 թ. սեպտեմբերի 16-ին Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ մաթեմատիկոսի որակավորմամբ: 1966-1968-ին սովորել է ՌԴ ԳԱ Ստեկլովի անվ. մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: Ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ:

1968-71-ին աշխատել է ԳԱԱ հաշվողական կենտրոնում, 1971-1975-ին՝ մաթեմատիկայի, 1975-1977-ին՝ գիտատեխնիկական տեղեկատվության ինստիտուտներում, 1977-1990-ին՝ ԵՊՀ-ում՝ դոցենտ, կիրառական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ:

1988-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել և մինչև 1989-ի մայիսի 31-ը բանտարկվել է մոսկովյան բանտում «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ:

1990-1991-ին եղել է ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ։

Արարքցյանը 1991-1995-ին ընտրվել է ՀՀ ԳԽ նախագահ։ Նա 1991-ին եղել է Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ, 1994-1995-ին՝ ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի համանախագահ:

1995-ի հուլիսի 27-ին ընտրվել է Ազգային Ժողովի նախագահ՝ լինելով ՀՀ առաջին գումարման ԱԺ նախագահը։ Այդ պաշտոնից հրաժարական է ներկայացրել 1998 թ․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի թիմի հետ միասին։

2000–ականներին Բաբկեն Արարքցյանը հիմնադրել ու ղեկավարել է «Արմատ» հասարակական կազմակերպությունը։

Ավելի քան 30 գիտական աշխատությունների և բուհական դասագրքերի հեղինակ է:

Բաբկեն Արարքցյանը 79 տարեկան էր։

iLur–ի աշխատակազմը սգում է Բաբկեն Արարքցյանի մահը և ցավակցում նրա հարազատներին ու ընկերներին։

Նախորդ հոդվածըՌանոսը՝ ՌՊԼ տեղափոխվելու հավանականության մասին
Հաջորդ հոդվածըՀռոմի պապը ցանկություն է հայտնել հուղարկավորվել Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում