‘Երկրի ամենամեծ սուտը դուրս է գալիս հենց Սերժ Սարգսյանից (ֆոտոշարք, տեսանյութ)’

2617

Ձեզ ենք ներկայացնում մի քանի հատված Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթից Գյումրի քաղաքում (2013թ. փետրվարի 9): Եթե ուշադիր կարդաք Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումները, ապա ակնհայտ կդառնա, որ երկրի ամենամեծ սուտը դուրս է գալիս հենց Սերժ Սարգսյանից, և էներգետիկայի նախարարը կամ ցանկացած այլ հանրապետական դեռ շատ «հաց ու պանիր» պետք է ուտի, որ հասնի Սարգսյանի մակարդակին: Որպես ասվածի հիմք՝ նշենք միայն այն փաստը, որ երկրաշարժից 25 տարի անց Գյումրիում մոտ 4500 ընտանիք դեռ շարունակում է ապրել տնակներում ու ինքնաշեն կացարաններում։ Թե ինչ պայմաններում են ապրում այս մարդիկ՝ կարող եք դիտել panarmenian.net-ի ֆոտոշարքում: Բայց նախ՝ հատվածներ Ս.Սարգսյանի ելույթից.

«Բարև ձեզ, սիրելի՛ գյումրեցիներ,

Շնորհակալ եմ, որ ձմռան այս օրը եկել եք այս հանդիպմանը: Ակնկալում եմ, որ եկել եք ոչ միայն լսելու, այլ նաև սատարելու:

…Երբ այցելում եմ ձեզ, միշտ ունենում եմ երկակի զգացումներ: Մի կողմից Գյումրու և գյումրեցու նկատմամբ պարտավորվածության զգացում, որն ինձ հուշում է ավելին, գուցե նաև անհնարինն անելու, որպեսզի օր առաջ Գյումրին դառնա ավելի բարեկեցիկ ու բարեկարգ` վերագտնելով իր երբեմնի հպարտությունն ու քաղաքային կյանքին բնորոշ նախանձելի որակները: Մյուս կողմից ունեմ հանգստության ներքին զգացում, քանի որ այս տարիների ընթացքում շարունակել ենք Գյումրու վերականգնման դժվարին առաքելությունը` դրա համար չխնայելով ո՛չ ժամանակ, ո՛չ միջոցներ և ո՛չ էլ հոգատարություն ու ուշադրություն:

Այստեղ էլ չեմ կարող չանդրադառնալ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, որը սարսափելի ավերածություններ առաջացրեց աշխարհի շատ` անգամ բարեկեցիկ երկրների տնտեսություններում: Ցավոք, մենք էլ անմասն չմնացինք այդ աղետի բացասական հետևանքներից ու հարվածներից, որոնց ուժգնությունն իր վրա վերցրեց հատկապես մեր տնտեսության առանցքային ճյուղերից մեկը` շինարարությունը: Արձանագրվեցին տնտեսական անկման աննախադեպ ցուցանիշներ: Բայց նույնիսկ այս պայմաններում մենք երբեք չենք դադարեցրել աղետի գոտու վերականգնմանն ուղղված շինարարական աշխատանքները` այն դիտարկելով որպես ճիշտ այնպիսի առաջնահերթություն, ինչպիսին սոցիալական ու ռազմական ծախսերն են մեր պայմաններում գտնվող որևէ պետության համար:

Իմ խորին համոզմամբ, «աղետի գոտի» արտահայտությունը գնալով ավելի քիչ է բնորոշում Գյումրի քաղաքը: Այժմ, երբ գրեթե ամբողջությամբ ավարտել ենք Գյումրու բնակարանաշինական ծրագրերը, իշխանությունների համար առաջնահերթ է զարգացման նպատակադրումները: Այսօր գյումրեցուն պետք է տանիք, կայուն աշխատանք և հավատ վաղվա օրվա հանդեպ: Մեր աշխատանքներն ու ջանքերն այս երեք ուղղություններով երբեք չպետք է դադարեն և, ամենակարևորը, պետք է լինեն փոխկապակցված: Հակառակ պարագայում` եթե մարդուն ապահովում ես բնակարանով ու զուգահեռաբար հնարավորություն չես տալիս աշխատելու և արդյունքում մատնում աղքատության, ապա կորչում է նաև վաղվա օրվա նկատմամբ հավատը: Հետևաբար, մայրաքաղաքային, մարզային ու տեղական-համայնքային իշխանությունների համադրված գործողությունների առաջնահերթություններ են դառնալու.

— արտադրական նոր հնարավորությունների ու աշխատատեղերի ստեղծումը,

— հարկային քաղաքականության նոր մոտեցումներով ներդրումները դեպի համայնքներ ուղղելը,

— քաղաքային տնտեսությունը կարգի բերելն ու քաղաքային համայնքին վայել ենթակառուցվածքների ձևավորումը,

— բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը,

— քաղաքացիների սոցիալական իրավիճակի բարելավումը և շատ ու շատ ադպիսի խնդիրներ:

Գյումրին պետք է դառնա մեր առավել արագ և դինամիկ զարգացող քաղաքային բնակավայրերից մեկը: Նաև սա է լինելու մեր ապահով հայրենիքի հիմնական ցուցիչներից մեկը:

…Տեսանելի ապագայում Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում Գյումրին Երևանին է կապված լինելու նոր, ժամանակակից արագընթաց մայրուղով: Հավատացնում եմ ձեզ, որ դա արդեն որակապես նոր Գյումրի է լինելու: Եվ դա լինելու է շատ շուտով:

Հաջողություն եմ մաղթում բոլորիդ, սիրելի գյումրեցիներ: Փետրվարի 18-ին քվեարկեք «Դեպի ապահով Հայաստան» ծրագրի համար. դա ապահով հայրենիքի, ապահով Գյումրու և բոլոր ապահովված ընտանիքների ծրագիրն է: Օգնեք ինձ` միասին մեր երկիրը դարձնենք այնպիսին, ինչպիսի երկրում արժանի ենք ապրելու և՛ դուք, և՛ մենք: Շատ շնորհակալ եմ մեկ անգամ ևս, որ դուք այսօր այստեղ եք, սիրելի գյումրեցիներ և հույս ունեմ, որ Գյումրին Հանրապետության մնացած համայնքների հետ միասին կանի ամեն ինչ, որպեսզի անցկացնենք լավագույն ընտրությունները մեր պատմության մեջ: Ու նաև այս ընտրությունների և՛ արդյունքից, և՛ որակից է կախված, թե ինչպիսի տեմպերով կզարգանա Գյումրին:

Շնորհակալություն:

Ցտեսություն:

Նախորդ հոդվածը‘Աղետի գոտի (1988-2013). Չսպիացող վերքեր (մեծ ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Հեծանիվներով բողոքի ակցիա. Ֆոտոշարք’