‘Երկրում ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է’

1705

Հայաստանում ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս տարաբնույթ տեղեկատվական առիթներ, որոնք լայնորեն լուսաբանվելով զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև իշխանական գեբելսյան քարոզչամեքենայով՝ նպատակաուղղված կամ ակամա շեղում են քաղաքացիների ուշադրությունը ու դրանով իսկ բարդացնում իշխանությունը բռնազավթած խմբակի դեմ պայքարի առաջնահերթությունների որոշումը: Հաճախ տեղեկատվական այդ առիթները կարևոր են և արժանի են քաղաքացիների ուշադրության կենտրոնում հայտնվելուն, այնուամենայնիվ, շատ հաճախ դրանք ժամանակավորապես ամբողջությամբ գրավում են մարդկանց ուշադրությունը, ինչի հետևանքով էլ ավելի կարևոր խնդիրները մղվում են երկրորդ պլան:

Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ ակտիվ քաղաքացիների ուշադրությունը զբաղված է հայտնի «օֆշորային սկանդալով», որի կենտրոնում են հայտնվել վարչապետի աթոռը զբաղեցնող Տիգրան Սարգսյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և այլք: Օֆշորային այս պատմությունն, իհարկե, պետք է արձանագրվեր ու քննարկվեր հասարակական լայն շերտերի կողմից, բայց այն արդեն կարծես թե վերածվել է Հայաստանի միակ դարդուցավի: Տպավորություն է ստեղծվում, որ եթե օֆշորային այս սկանդալը չլիներ, բոլորը պետք է մտածեին, թե Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հրեշտակ է: Իրականում առանց այս օֆշորային պատմության էլ հայտնի է, թե ինչ է իրենից ներկայացնում Տիգրան Սարգսյանը:

Ավելին, Հայաստանում ստեղծված իրավիճակի թիվ մեկ ու միակ պատասխանատուն ոչ թե Տիգրան Սարգսյանն է, այլ օֆշորային և այլ տարատեսակ սկանդալների արդյունքում քաղաքացիների ուշադրությունից մեկումեջ վրիպող ու նախագահի աթոռը բռնազավթած Սերժ Սարգսյանը: Տպավորություն է ստեղծվում, որ վերջինս հատուկ է վերանշանակել ժողովրդի կողմից ատելի Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնին՝ իշխանությունների հանդեպ ունեցած ագրեսիան իր վրայից վերջինիս վրա ուղղորդելու նպատակով:

Հայաստանի թիվ մեկ պրոբլեմը եղել և մնում է այն, որ երկրում արդեն տևական ժամանակ է՝ ձևավորվել ու գործում է հակաիրավական ռեժիմ՝ ի հեճուկս գոյություն ունեցող Սահմանադրության: Համաձայն այս փաստաթղթի՝ հանրապետության նախագահի պաշտոնին գտնվող անձն է, որ պատասխանատու է Սահմանադրության պահպանման համար և պետք է ապահովի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը, ու եթե երկրում առկա կարգերը սահմանադրական չեն, դրա թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորն այդ պաշտոնին գտնվող Սերժ Սարգսյանն է, որն, ի դեպ, պաշտոնը զբաղեցրել է նույն Սահմանադրության առաջին երկու հոդվածների ոտնահարմամբ:

Ի դեպ, վարչապետին, ըստ Սահմանադրության, նույնպես նշանակում է նախագահի պաշտոնին գտնվող անձը, և եթե այդ պաշտոնին այժմ գտնվում է օֆշորային և այլ սկանդալների կիզակետում հայտնված Տիգրան Սարգսյանը, ապա դրա մեղավորը նույնպես Սերժ  Սարգսյանն է:

Ընդհանրապես, պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ երկրում ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որի զբաղեցրած պաշտոնին Սահմանադրությամբ տրված է այնպիսի լայն լիազորություններ, որ ցանկության պարագայում նա կամ այդ պաշտոնին գտնվող որևէ մեկը կարող է շատ կարճ ժամանակում բոլոր առումներով կարգի բերել երկիրը: Հասկանալի է, որ մեղքի իրենց բաժիններն ունեն նույն Սերժ Սարգսյանի շահերը ուղղակիորեն կամ անուղղակիորեն սպասարկող թե՛ Տիգրան Սարգսյանը, թե՛ պետության երկրորդ պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանը, թե՛ նախարարները, մարզպետներն ու անգամ պետական ապարատի ամենացածր օղակները, բայց երբեք չպետք է մոռանալ թիվ մեկ մեղավորի անունը, որն էլ պետք է լինի ժողովրդավարական ուժերի առաջնային թիրախը:

Եթե Բաղրամյան 26-ում նստածներին թվում է, թե տարաբնույթ տեղեկատվական առիթներ ստեղծելով կամ ինքնուրույն ի հայտ եկող տեղեկատվությունն ինչ-որ պահից օգտագործելու միջոցով իրենց անընդհատ կհաջողվի շեղել մարդկանց ուշադրությունը Սերժ Սարգսյանի հանցավոր գործունեությունից՝ սրան-նրան քավության նոխազ դարձնելով ու արհեստականորեն բարդելով իրավիճակի պատասխանատվությունն այլոց վրա կամ ուռճացնելով այդ պատասխանատվությունը, ապա պետք է արձանագրենք, որ իրենց հաշվարկները չափազանց պրիմիտիվ են: Քաղաքացիները վաղուց արդեն փաստել են, որ երկրում ստեղծված ավազակապետական բուրգի գագաթին կանգնած է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Սերժ Սարգսյանն է:

Արթուր Մինասյան
«Չորրորդ ինքնիշխանություն»

Նախորդ հոդվածը‘Արևելագետ. Հայաստանի իշխանություններն Իրանի իշխանությունների նույնիսկ մեկ տոկոսը չարժեն’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանի տրանսֆերը «Լիվերպուլ» կարելի է համարել կայացած. CaughtOffside’