‘Երվանդ Բոզոյան. Միգրացիոն քաղաքականության հարցում Ռուսաստանն ունի առանձին ստրատեգիա ‘

1567

Ցանկացած մարդ, որ հանդիպում է Հայաստանի ներկայացուցչի հետ, հիմնականում խոսում է սփյուռքի կամ ցեղասպանության մասին. կոպիտ ասած՝ դրանք, ցավոք սրտի, դարձել են մեր ազգային տրենդները: iLur.am-ի հետ զրույցում Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպման մասին նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նշենք, որ Պուտինի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության համաձայն՝ Պուտինը Սերժ Սարգսյանի հետ զրույցում անդրադարձ է կատարել հայկական սփյուռքին, նշել, որ Ռուսաստանում շատ հայեր կան, որոնք «շատ պարկեշտ են եւ մեր երկրի արդյունավետ աշխատող քաղաքացիներ»: Հայտնի է, որ չի բացառվում, որ Ռուսաստանն օրենք ընդունի, որն արգելում է մինչև 2015 թվականը քաղաքացիություն չստացած անձանց գտնվել և աշխատել Ռուսաստանի տարածքում: Բոզոյանը Սարգսյան-Պուտին զրույցում որևէ ենթատեքստ չի տեսնում, ըստ նրա՝ դա ֆորմալ արարողակարգային խոսակցություն էր, իսկ հիմնական խոսակցությունը տեղի է ունեցել փակ դռների հետևում:

«Դա Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության խնդիրն է, Ռուսաստանն ունի առանձին ստրատեգիա այդ հարցում: Ռուսաստանն ունի որոշակի կարգավորման խնդիրներ այդ հարցում, որովհետև դժգոհություն կա, որ միգրանտների քանակը անվերահսկելի շատանում է, և դա լուրջ մտահոգությունների առիթ է տալիս տեղական իշխանություններին»,- ասաց քաղաքագետը:

Մեր հարցին, թե արդյոք այն երկրները, որտեղից միգրացիոն հոսքերը դեպի Ռուսաստան ավելի մեծ են, չպե՞տք է իրենց պահանջներն առաջ քաշեն, Բոզոյանը պատասխանեց, որ այդ երկրները որևէ կերպ չեն կարող միջամտել:

«Մաքսիմում՝ կարող են պայմանագրեր կնքել: Նման բան հնարավոր է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև պայմանագիր կնքվի միգրացիոն քաղաքականության վերաբերյալ: Չեմ կարող ասել՝ Հայաստանի հետ նման պայմանագիր կնքվի, թե ոչ, բայց կարծում եմ՝ մեծ դժվարություն չկա, որ հայկական կողմի հետ նման պայմանագիր կնքվի»,- կարծիք հայտնեց քաղաքագետը՝ որպես օրինակ նշելով Թուրքիայի ու Գերմանիայի միջև գործող նման պայմանագիրը:

Նախորդ հոդվածը‘Վալերի Կարպին. Չէի ցանկանա, որ Մովսիսյանին այսքան մեծարեին’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյանը նորմալ է վերաբերվում Արտակ Դավթյանի հայտարարությանը ‘