‘Երվանդ Բոզոյան. Ստեղծված վիճակի միակ պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են ‘

1030

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, անդրադառնալով Մաքսային միությանն անդամագրվելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը, նշեց, որ Մաքսային միության մասին գաղափարը նոր չէ, Մոսկվան նախկինում էլ է առաջարկել Հայաստանին միանալ Մաքսային միությանը, սակայն Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները նրանց բացատրում էին, թե այդ դեպքում Հայաստանը ինչ խնդիրներ կարող էր ունենալ: Երվանդ Բոզոյանը համոզմունք հայտնեց, որ Մաքսային միությանը միանալու՝ Ռուսաստանի ճնշումը հակազդեցություն էր այն բանի, որ Հայաստանը փորձում էին տանել եվրոպական ճանապարհով, չլիներ դա՝ Հայաստանին ոչ մեկը չէր ստիպի անդամագրվել Մաքսային միությանը:

Երվանդ Բոզոյանը Հայաստանին ընտրության առջև կանգնեցնելը նմանեցրեց երկու տղաների միաժամանակ սիրահետող աղջկա հետ, որին տղաներից մեկը ստիպում է որոշում կայացնել թե երկուսից որ մեկի հետ է աղջիկը մտադիր ամուսնանալ: Հայաստանին, փաստորեն, ամուսնացրին, որովհետև Հայաստանը փորձում էր «խաղեր տալ» մյուսի հետ:

Բանախոսը նշեց, որ այս վիճակը Հայաստանի համար օբյեկտիվորեն շահավետ չէր, քանի որ զուտ տեխնիկական իմաստով՝ Հայաստանը ուղղակի սահման չունի Մաքսային միության անդամ երկրների հետ և չի կարող Վրաստանի  տակով թունել փորելով՝ միանալ այդ տարածքին, վիճակը բարդանում է նաև նրանով, որ Հայաստանը չունի ելք դեպի ծով, իսկ եթե մենք չունենք ընդհանուր սահման, ինչպե՞ս պետք է կարողանանք մաքսազերծել մեր բեռները, երբ դրանք անցնեն Վրաստանի տարածքով: Սա խնդիր է, որը, բանախոսի կարծիքով, լուծում չունի: Կարելի է հատուկ պայմաններ ստեղծել, հնարել Հայաստանի համար, բայց սա, ըստ էության, բարդ և դժվար իրագործելի խնդիր է: Վիճակն, ըստ էության, ավելի կբարդանա, երբ Վրաստանը Եվրամիության հետ կնքի Ասոցացման պայմանագիրը և հայտնվի Եվրոպայի հետ ազատ առևտրի գոտում:

Պարոն Բոզոյանի համոզմամբ՝ ստեղծված վիճակի միակ պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են: Հայաստանի իշխանություններին պարտադրեցին քաղաքական որոշում՝ նրանց վարած սխալ արտաքին քաղաքականության պատճառով: Եթե մենք կարողանայինք այնպիսի բանակցություններ վարել, որ մեզ իսկապես կբերեին հավասարակշռված տարբերակի Ռուսաստանի և Եվրամիության միջև, ապա Հայաստանը նման խնդրի առջև չէր կանգնի, բայց Հայաստանի իշխանությունը տանում էր սեփական իշխանության վերարտադրման խնդիր է լուծում և չի մտածում հեռահար ծրագրերի մասին, նրան այլ բան չի հետաքրքրում: Հայաստանի իշխանությունները չունեն որևէ մի սոցիալական հենարան երկրի ներսում, և դա է պատճառը, որ լեգիտիմություն են փորձում գտնել Հայաստանից դուրս, եզրափակեց քաղաքագետը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում շարունակվում են բողոքի ցույցերը’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Բադալյան. Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը պետականաշինության մասին դասախոսություն էր ‘