‘Երվանդ Զախարյանը «ծանրաբեռնվածության» պատճառով այսօր չի հանդիպի նաիրիտցիների հետ’

1097

Նաիրիտցիներն այսօր կրկին հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ իրենց բողոքը արտահայտելու չվճարված աշխատավարձերի կապակցությամբ:

Կառավարության շենքի առջև մեկ ժամ կանգնելուց հետո նրանք ակցիան շարունակել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության շենքի մոտ՝ նախարար Երվանդ Զախարյանի հետ հանդիպելու նպատակով: Վերջինս խնդրել է հանդիպումը տեղափոխել հաջորդ օր՝ ծանրաբեռնվածության պատճառով:
iLur.am-ի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ երկու օր առաջ իրենց ծառայությունը, ի թիվս այլոց, լուծարվել է:

«Փաստացի՝ ես, շատերի հետ միասին, աշխատանքից ազատվել էի փետրվարի 6-ի կրճատումների ժամանակ: Այժմ պարզապես դադարեցվել է մամլո ծառայության աշխատանքը»,- ասաց նա:

Անուշ Հարությունյանը նշեց նաեւ, որ իրեն այլ պաշտոն են առաջարկել, ինչից, ամենայն հավանականությամբ, ինքը կհրաժարվի:

Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց  առնվազն 18-20 ամսվա աշխատավարձերը: Տարբեր հաշվարկներով՝ գործարանը արդեն կուտակել է 300-400 մլն դոլարի պարտք:

Նախորդ հոդվածը‘Էստոնիայում Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդես է բացվել’
Հաջորդ հոդվածը‘Համանախագահները Բելառուսի հետ կքննարկեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը’