‘Երրորդն ավելորդ չէ’

1459

Միացյալ Նահանգներում նախագահական ընտրապայքարի ինտրիգն ավելի է սրվում. մարտի սկզբին նախընտրական քարոզարշավին կարող է միանալ նաև Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը՝ որպես անկախ թեկնածու: Դա կխառնի թե՛ հանրապետականների և թե՛ դեմոկրատների խաղաթղթերը:

Ամերիկյան լրատվամիջոցներում աշխուժորեն քննարկվում է Բլումբերգի նախագահական հավակնությունների մասին թեման: The New York Times-ի տեղեկություններով՝ նախկին քաղաքապետն իր խորհրդականներին հանձնարարել է  մշակել իբրև անկախ թեկնածու՝ նախագահական ընտրապայքարին միանալու ծրագիր: «Մեծ խնձորի» նախկին քաղաքապետի շրջապատին մոտ կանգնած աղբյուրները նույնիսկ նշել են այն գումարը, որ նա մտադիր է տարամադրելու իր քարոզարշավին՝ մեկ միլիարդ դոլար:

73-ամյա Բլումբերգը Նյու Յորքի քաղաքապետն է եղել 12 տարի: 2013 թ.՝ լիազորությունների ավարտից մի քանի ամիս առաջ, հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ քաղաքացիները հիմնականում դրական են գնահատում իրենց քաղաքապետին, որի օրոք զգալիորեն բարելավվել է Նյու Յորքի պատկերը, ավելացել են կանաչ գոտիները, հետիոտների համար նախատեսված ճանապարհները: Նա ամբողջ քաղաքով կիլոմետրերով հեծանվային ուղիներ է կառուցել, նրան հաջողվել է 20 տոկոսով կրճատել հանցավորությունը, նվազեցնել գործազրկությունը՝ ի հաշիվ փոքր բիզնեսի խրախուսման և նոր աշխատատեղերի ստեղծման և այլն: Նրա օրոք նույնիսկ Նյու Յորքը կատակով սկսել են կոչել Բլումբուրգ:

Փորձագետների կարծիքով՝ Բլումբերգը Ամերիկային այնքան անհարժեշտ՝ փոխզիջման մարմնավորումն է: Նա հանրապետական է, որը փոխառել է դեմոկրատների ավանդական հռետորաբանությունը: Նա հանդես է գալիս զենք կրելու իրավունքի սահմանափակման օգտին և պաշտպանում է համասեռական ամուսնությունները:  Bloomberg գործակալության հիմնադիրն իրեն դրսևորել է որպես հաջողակ գործարար և արդյունավետ կառավարիչ, որը կարողացել է ոչ միայն միլիարդներ վաստակել, այլև Նյու Յորքի բյուջեն դարձնել պրոֆիցիտային:

Ամերիկայի պատմության մեջ դեռ չի եղել մի դեպք, որ երկրի ղեկավար դառնա անկախ թեկնածուն կամ մի երրորդ կուսակցության ներկայացուցիչ: Սակայն եթե ընտրողները դժգոհ լինեն թե՛ դեմոկրատների և թե՛ հանրապետականների թեկնածուներից, անկախ թեկնածուն կարող է հաջողության լուրջ հնարավորություններ ստանալ:

Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ձկնորսները Ֆիլիպինների ափի մոտ դիակով զբոսանավ են հայտնաբերել’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը անջատեց ՊԵԿ-ը Ֆիննախից’