‘Երրորդ ժամկետ՝ Ալիևի համար’

1008

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նախագահի թեկնածու են առաջադրել երրորդ ժամկետով: Ինչպես հաղորդում է Trend-ը, դա տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 7-ին, «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարում: Contact.az-ի տեղեկատվության համաձայն՝ քվեարկությունն անցել է միաձայն: Համագումարի ընթացքում Ալիևը նաև վերընտրվել է իշխող կուսակցության նախագահի պաշտոնում: Նրա տեղակալներից մեկի պաշտոնում, ի դեպ, ընտրվել է նրա տիկինը՝ Մեհրիբան Ալիևան:

Նախագահական ընտրություններն Ադրբեջանում նախատեսված են 2013 թ. հոկտեմբերին: Դրանց մասնակցելու մտադրության մասին արդեն հայտարարել են ընդդիմության մի քանի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը: Ընդդիմությունը նաև քննարկում է միասնական թեկնածուով ընտրություններին մասնակցելու տարբերակը: Որպես այդպիսին կարող է հանդես գալ դրամտուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը, որն ընտրվել է Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ:

Իլհամ Ալիևը Ադրբեջանը ղեկավարում է 2003 թվականից: Նախագահի պաշտոնում նա փոխարինել է հորը՝ Հեյդար Ալիևին: 2008 թ. Ալիև կրտսերը վերընտրվեց (պաշտոնական տվյալներով՝ ստանալով ձայների 89%-ը): Իսկ հետագայում իշխող կուսակցության նախաձեռնությամբ հանրաքվե անցկացվեց, որի արդյունքներով՝ սահմանադրությունից հանվեց այն սահմանափակումը, թե միևնույն անձը երկու անգամից ավելի չի կարող նախագահ ընտրվել, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վրաց «խաչակիրներին» ջիհադ (սրբազան պատերազմ) են հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականի հավանական կազմը Մալթայի հետ խաղում’