‘Երրորդ պոչամբար Թուխմանուկում չի լինի ‘

848

Բնապահպանների և Մելիք գյուղի բնակիչների դիմակայությունը «Մեգո գոլդ» ընկերության հետ` կապված երրորդ պոչամբարի կառուցման ծրագրերի հետ, կարծես, ավարտվել է: Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նշել է «Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը, ՀՀ Բնապահպանության նախարարությունը շրջակա միջավայրի վրա ներգործության բացասական գնահատական է տվել նախագծին:

Երրորդ պոչամբարի կառուցման նախագիծը հարուցել էր ինչպես բնապահպանների, այնպես էլ տեղի բնակիչների դժգոհությունը: Մասնավորապես`«Մեգո գոլդ» ընկերությունը ռեկուլտիվացման աշխատանքներ չի իրականացրել Թուխմանուկի երկու`ներկայումս չգործող պոչամբարներում: Դա իր հերթին լուրջ ռիսկեր է պարունակում, քանի որ սպառնում է շրջակա միջավայր ծանր մետաղների ներթափանցմամբ:

Անցած տարի բնապահպանները գլխավոր դատախազությանը կոչ են արել` պարզել Թուխմանուկի հանքավայրի շահագործման լիցենզիայի հետ կապված իրավիճակը: 2005 թ. ընդերքօգտագործման թույլտվության համաձայն, հանքավայրը պետք է շահագործվեր բաց եղանակով 2 տարի, ինչից հետո լեռնահանքային ընկերությունը պարտավոր էր նոր նախագիծ ներկայացնել և անցնել Թուխմանուկի փակ շահագործման: Չնայած այդ պահանջին` «Մեգո գոլդ» ընկերությունը /Global Gold Mining-ի դուստր/, բնապահպանների կարծիքով, կասկածելի միջոցներով երկարացրել է բաց շահագործման լիցենզիան:

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ. Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վերականգնելու քայլերը’
Հաջորդ հոդվածը‘Սպիտակ գվարդիա. Կու-կլուքս-կալնը գովազդվում է կոնֆետների օգնությամբ’