‘Երևանը` նորօրյա քարվանսարա’

2306

Երևանի մոտ անցյալի և առավել մոտ ապագայի քաղաքաշինական միտումների մեջ խորամուխ լինելու, գործընթացը խորքային դիտարկելու դեպքում շատ տխուր, տխուր մի միտք է ուղեղդ շամփրում` Երևանը շատ մոտ ապագայում վերջնականապես դառնալու է նորօրյա քարվանսարա:

Սկսենք մի փոքր հեռվից: 1946-49 թվականների հայրենադարձները, հիմնականում՝ ռումինահայերը և բուլղարահայերը, Երևանում կառուցեցին ներկայիս Բաղրամյան պողոտայի թիվ 43, 45, 47 երկհարկ և երկմուտք, քարե բնակելի շենքերը: Հիմա էլ այդ շենքերը կան` Արգենտինյան դպրոցի հանդիպակաց մայթին: Երեք շենքերն էլ նույնատիպ էին` պարզ ու անպաճույճ: Գրեթե 70 տարի է անցել: Այսօր միայն թիվ 43 շենքն է մնացել երկհարկ` անգամ պահպանելով ճակատային պատի սկզբնական տեսքը: Այդ շենքերը երբեք պատմամշակութային արժեք չեն ներկայացրել, բայց պահպանել են ամենամարդաշատ հայրենադարձության տարիների հուշը` մեծ ոգևորությունից մինչև մեծ հիասթափություն: Թիվ 45, 47 շենքերը դեռ խորհրդային տարիներին ձևախեղվեցին կարկատաններով` դարձան եռահարկ, բակի կողմից` քառահարկ: Կարկատանապատումն այնքան անխղճորեն կատարվեց, որ երկու մայր շենքերը վերածվեցին կցակառույցների:

Անհնար է չնկատել կցակառուցապատմամբ այլանդակված շենքերի, փողոցների առատությունը հատկապես Երևանի կենտրոնում: Երևույթը կանոնակարգող օրենք, հավանաբար, կա, սակայն կիրառողները որոշակի մարդիկ են` իրենց հայեցողությամբ, կարողություններով, շահերով… ասել է` անօրեն: Մայրաքաղաքի ճարտարապետական նկարագիրն այլանդակում են ոչ միայն կենտրոնի նորակառույց դատարկ ու կիսադատարկ բարձրահարկերը, այլև կցակառույցներով ձևախեղված հնակառույցները:

Չզարմանաք, վերոնշյալ թիվ 45 շենքի վրա այսօր մի նոր կարկատան է ավելացվում (տես լուսանկար):

Բաղրամյան 45 շենքի ճակատային տեսքը

Փույթ չէ, որ այդ շենքի ճակատային տեսքն ավերվել է: Սա հայի ճարտարապետական մտքի «փայլատակումն» է: Կարող ես հանգիստ խղճով ու հպարտորեն շենքն արժանացնել Երևան այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների բացառիկ ուշադրությանը: Առավելևս` զբոսաշրջիկները կզմայլվեն շենքի բարձունքից բացվող երևանյան համայնապատկերով` Ծիծեռնակաբերդ, «Նաիրիտ», Մասիսներ…

Երևանի ճակատագրով մտահոգ որոշ ճարտարապետներ, կես լուրջ-կես կատակ՝ առաջարկում են քանդել նշված արդեն անարժեք ու լիովին այլանդակված շենքերը և տեղանքի բաց ու որակյալ ժայռը մշակելով` ստեղծել Երևանի կենտրոնում երկրորդ բարձրորակ խճի հանքը: Առաջին հանքը` Երիտասարդության պալատի տեղում, հայտնվել է մենաշնորհային դիրքում` միայն ինքն է բարձրորակ խիճ մատակարարում Երևանի բոլոր էլիտար, հատկապես հյուրանոցային համալիների կիսակառույցներին: Եթե Երիտասարդության պալատը արժեք էր` մայրաքաղաքի ճանաչելիության տարրերից մեկը, և առանց լուրջ դիմադրության վերացվեց, ապա այս` 43, 45, 47 շենքերը «ու՞մ շունն են», որ «պետական, հանրային, գերակա շահի» մեխանիզմով քանդման չենթարկվեն: Գործընթացը առավել դյուրին կընթանա, էժան ու շահութաբեր կլինի:

Իսկ հիմա անդրադառնանք մեկ այլ` Թումանյան 25 հասցեում գտնվող շենքի ճակատագրին: Սա թամանյանական մասունք է` 1927-29թթ. իր ձեռքով նախագծված, 1936-ին կառուցված: Բայց մեր օրերում «հանրային գերակա շահի» տակ է ընկել և քանդման ենթակա է հռչակվել: Որոշ լուրջ ճարտարապետներ «Ռենշին» ՍՊԸ-ին (որոշ տեղեկատվությամբ` «Լեւ ընդ Դավ գրուպ» ՍՊ ընկերությանը) առաջարկում են Թումանյան 25-ում նախատեսվող 15 հարկանի (որոշ տեղեկատվությամբ` 17 հարկանի) հյուրանոցային համալիրը կառուցել նույնպես Երևանի կենտրոնում գտնվող, բայց իրեն լիովին սպառած տեղանքում` Բաղրամյան 43, 45, 47 շենքերի տեղում: Այս առաջարկը ինչ-որ տեղ մարդասիրական է և փոխզիջումային, որովհետև Թումանյան փողոցը չի աղքատանա իր հիասքանչ «գոհարի» կորստով, հյուրանոցն էլ` որպես երկրորդ ցցված «ժանիքատամ», իր «ակտիվ սիլուետով» վերջնականապես չի հոշոտի Օպերային թատրոնի կառույցի հմայքն ու վերհությունը:

Հասանք գլխավորին: Բաղրամյան պողատան Երևանի ամենաէլիտար մայրուղին է: Այստեղ են գտնվում պետական գլխավոր հաստատությունները: Այստեղ են բնավորվում Երևան տեղափոխվող և ապագայի վարդագույն երազանքներով տոգորված նորաթուխ իշխանավորներն ու գործարարները: Եվ ուրեմն` Թումանյան 25-ում կառուցվելիք հյուրանոցի նախագծի, «Հին Երևան» համալիրի նախագծի, Աֆրիկյանների տան տեղում նախատեսվող հյուրանոցի նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանն այդքանը շատ լավ հասկացել է կամ` շատ լավ «հուշել» են: Նա է նաև Բաղրամյան 53, 59 արդեն կառուցված 16 հարկանի շենքերի հեղինակը: Նրա՛ն ինչ, որ Բաղրամյան լայնաշունչ պողոտայի վերջնամասը` մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից մինչև Ամերիկյան համալսարան հատվածը (Պռոշյան փողոցի հետ հատվելը), աստիճանաբար նեղանում ու վեր է ածվում գինու լայն շշի նեղ ծորանի: Նշված հատվածն այլևս պողոտա չէ: Հասկանալի պատճառներով պողոտա է Ամերիկյան համալսարանից դեպի Օպերային թատրոն իջնող հատվածը: Սա ցավալի քաղաքաշինական կորուստ է, բայց դրանով արդեն որևէ մեկին չես զարմացնի: Փաստ է, որ դասական համարվող Բաղրամյան վեհաշունչ հաղորդակցության ուղին մասնատվել է: Մի հատվածը դառնում է նեղ ու խճճված փողոց, մյուսը դիմադրում է` պողոտայի իր կարգավիճակը պահպանելու համար: Բաղրամյան պողոտայի հետ կապված` քաղաքաշինական բնույթի բոլոր հարցերը, իհարկե, համաձայնեցվում և լուծվում են տեղում գտնվող պետական հաստատություններում: Այդ հաստատություններում շատ լավ գիտեն և տեսնում են, որ Երևանի կենտրոնը գերհագեցվում է էլիտար և հյուրանոցային` ոչ սոցիալական ուղղվածության համալիրներով: Նրանք լավ գիտեն, բայց գուցե չեն գիտակցում, որ Երևանն այդպիսով դանդաղ, բայց հաստատուն կերպով վերածում են նորօրյա էլիտար քարվանսարայի: Արդեն Երևանի կենտրոնում գործում են 49 մեծ ու փոքր հյուրանոցներ, և սա դեռ քի՞չ է…

Տարածված երևույթ է` «հանրային շահի» լղոզված մեխանիզմով հուշարձան-շենքը սեփականացրած ոչ պատահական պատվիրատու-ֆինանսավորող-կառուցապատողը անպայման ուզում է քանդել հուշարձանը և տեղում գերթանկարժեք «բոնբոներկա» տնկել: Նա հեշտությամբ կարողանում է հուշարձանը վերացնել, տարածքը մաքրել, կայացնել տալ «օրինականությունն» ապահովող որոշումներ, մարել բարձրացած դժգոհությունների ալիքը…

Եթե անհրաժեշտ լինի` վարձակալված ճարտարապետն ու կոնստրուկտորը երկձայն կհայտարարեն, թե հուշարձան-շենքը շատ վատ վիճակում է: Եթե դա էլ հավատ չի ներշնչի` լրջախոհ տեսքով, դողացող ձայնով կպնդեն, թե շենքը վթարային է: Հիշում եք, չէ՞, «Փակ շուկա» հուշարձանի նախադեպը: Այս կարգի խաղերում Լևոն Վարդանյանը նույնպես փորձառու է: Առավելևս, որ քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «ճարտարապետի ընտրության կամ մրցույթի անցկացման ընտրության կայացման որոշումը կառուցապատողի իրավունքն է» («Ժողովուրդ», 6 մարտի, 2015թ.): Այստեղ են ասել` «Տո՛ւր թե կտաս շան ճակատին»:

Ծիծաղելի կլիներ, թե այդքան տխուր չլիներ մեր այն պնդումը, թե Երևանը մոտ ապագայում կդառնա մի նորօրյա քարվանսարա:

 

Մարտին Ասլանյան

Արամայիս Ասլանյան

ճարտարագետ-նախագծողներ

 

Նախորդ հոդվածը‘Արթուր Գրիգորյան. Ամուլսարի հանքավայրի շահագործումն անօրինական է և անթույլատրելի’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Միմինո’