‘Երևանի գլխավոր տոնածառը պատրաստված է 6000 ճյուղերից, 50 հազար լուսադիոդային սարքերից, որոնց երկարությունը 17 կմ’

1317

Երևանի երկու հրապարակներում կլինեն լուսադիոդային շատրվաններ: Ինչպես այսօր ասուլիսում նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, նման արտաքին ձևավորումը, կարելի է ասել, աննախադեպ է Երևանի համար: «Շատրվանները կվառվեն Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի հետ միասին դեկտեմբերի 20-ին: Դրանցից մեկը հենց Հանրապետության հրապարակում է լինելու, մյուսը՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում»,- ասաց նա:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը տեղեկացրեց, որ գլխավոր տոնածառի բարձրությունը 32 մետր է, պատրաստված է 6000 ճյուղերից, որոնք տեղափոխվել են սանիտարական էտման արդյունքում տարբեր մարզերից: «Ավելի քան 50 հազար լուսադիոդային սարքեր են օգտագործվել, որոնց երկարությունը 17 կիլոմետրից ավելի է: Իսկ, առհասարակ, մայրաքաղաքի ձևավորման համար օգտագործվել են 100-ից ավելի լուսադիոդային խաղալիքներ, կլինեն լուսադիոդային ձևավորմամբ շուրջ 450 ծառեր, տասից ավելի դեկորատիվ մոմեր, մի քանի պենոպլաստե տնակներ: Առնվազն երկու տեղ տոնական թեմայով 3D պրոյեկցիա է նախատեսվում, որոնցից մեկը՝ Ազատության հրապարակում, որտեղ նաև երեխաների համար խաղահրապարակ կկազմակերպվի, և երեխաները կկարողանան իրենց ժամանցն անցկացնել այդտեղ դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 13-ը»,- նշեց նա՝ հավելելով, որ ավելի շատ տեղերում նախատեսվում է 2D պրոյեկցիա:

PanArmenian.net-ի փոխանցմամբ, պաշտոնյան նաև տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի ամանորյա ձևավորման համար հատկացրել է 20 մլն դրամ: «Ձևավորման համար գումարի մնացած մասը, ինչպես նաև հենց ձևավորումներ՝ որպես այդպիսին տրամադրել են քաղաքապետարանի գործընկերները, որոնց մասին մի քանի օր անց կտեղեկանաք գովազդային վահանակներից: Ամանորյա ձևավորման համար մրցույթ էր հայտարարվել, և առաջին անգամ Երևանի համար մշակվեց ամանորյա խորհրդանիշ՝ փողով հրեշտակը՝ լուծված կապույտ և ոսկի գույներով: Գույների ընտրությունը կապված է մյուս տարվա խորհրդանիշի հետ, որը ջրային օձն է»,- նշեց Բաղդասարյանը:

Նա շեշտեց, որ արվելու է ամեն ինչ, որպեսզի մայրաքաղաքում ստեղծվի տոնական մթնոլորտ: «Քաղաքը դեռևս ամբողջովին ձևավորված չէ, ընդ որում ձևավորվելու է ոչ միայն փոքր կենտրոնը, այլև բոլոր վարչական շրջանները՝ համաձայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Երևան քաղաքի համաչափ զարգացման ծրագրի: Ամանորյա ձևավորում են ստանալու շենքերը, ծառերը, կտեղադրվեն տոնածառներ, լուսադիոդային դեկորացիաներ, որոնք խիստ վերահսկվելու են՝ վնասվելուց ապահովելու համար: Վերջնական արդյունքին ականատես կլինեք դեկտեմբերի 20-ին, երբ վառվեն Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը»,- նշեց նա՝ կոչ անելով երևանցիներին սպասել մինչև այդ օրը, որպեսզի մայրաքաղաքը ներկայանա իր ողջ տոնական տեսքով:

Նախորդ հոդվածը‘Նոր զեկույց ԵԽԽՎ-ում մամուլի մասին. Անդրադարձ նաեւ հայաստանյան մամուլին ‘
Հաջորդ հոդվածը‘«Առավոտ». Ինչո՞ւ է կառավարությունը լռում վարչապետի կնոջ՝ պատվիրակության կազմում լինել-չլինելու մասին’