‘Երևանի ընտրություններ. քաղաքացիական հագուստով ոստիկանը և Տարոն Մարգարյանի բացիկները ‘

1492

10:00 Epress.am-ի լրագրողը առավոտյան շրջել է Էրեբունի վարչական շրջանի մի քանի ընտրատեղամասերով:

«Էրեբունի» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղակայված 13/23 ընտրատեղամասի նախագահ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Հայկ Թոխոյանը քվերակության մեկնարկից հետո նկատել է, թե ինչպես է ոստիկաններից մեկը զրուցում քաղաքացիական հագուստով մի մարդու հետ ու վերջինից պահանջել է ներկայանալ կամ հեռանալ տեղամասից:

Ոստիկանը միջամտել է՝ նշելով, որ քաղաքացիական հագուստով անձը նույնպես ոստիկան է և ծառայություն է իրականացնելու հատուկ հատկացված սենյակում:

Թոխոյանը նշել է, որ ծառայություն իրականացնող ոստիկանը չպետք է տեղամասում գտնվի քաղաքացիական հագուստով, բացի դա, պետք է ցուցակագրված լինի և ծառայությունն իրականցնի մուտքի մոտ: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ միջադեպի դեպքում ինքը չպետք է փնտրի, թե որտեղ է գտնվում ոստիկանը՝ օգնության կանչելու համար:

Այնուամենայնիվ, ոստիկանները պնդել են, որ իրենք կմնան իրենց հատկացրած սենյակում: Քաղաքացիական հագուստով անձն այդպես էլ չի ներկայացել:

«Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի մեդիա դիտորդ Նարե Արշակյանը պատմել է Epress.am-ի թղթակցին, որ 13/05 ընտրատեղամասում առավոտյան մի մարդ է հայտնվել, ով ներկայացել է որպես ԲՀԿ ավագանու ցուցակի անդամ ու չի նշել իր անունը: Երբ հանձնաժողովի նախագահը պահանջել է հեռանալ սենյակից, ԲՀԿ-ականը հայտարարել է, որ ավելի շատ իրավունքներ ունի, քան հանձնաժողովի անդամները և պնդել է, որ պետք է մնա քվեարկության վայրում: Հետագայում, սակայն, ծանոթանալով ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածի հետ, նա հեռացել է տեղամասից:

10:10 Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներից մեկը Epress.am-ին ահազանգել է, որ երեկ իրենց տան մուտքի մոտ դրված է եղել ՀՀԿ ցուցակի առաջին համար Տարոն Մարգարյանի նամակն ընտրողներին և նախընտրական բացիկը:

Բնակիչը նշել է, որ, չնայած, ընտրություններին նախորդող օրը լռության օր է, և քարոզարշավ անցկացնել չի կարելի, սակայն Մարգարյանի նամակներն ու բացիկներն տարածվել են Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող շենքերում:

Նախորդ հոդվածը’11/7, 11/8, 11/14 տեղամասերում ընտրողներին ուղղորդում են քվեարկության’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը 12/8-ում և 12/19-ում փորձել են երկու վստահված անձ ներս մտցնել’