‘Երևանի մամուլի ակումբը մտահոգված է, որ «Պարադա» ֆիլմի համար դահլիճ չեն տրամադրում ‘

979

Երևանի մամուլի ակումբը հանդես է եղել հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնում միասեռականների մասին պատմող սերբական «Պարադա» ֆիլմի ցուցադրման համար հերթական անգամ դահլիճ չտրամադրելու փաստի առնչությամբ: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ. 

«Երևանի մամուլի ակումբը կիսում է «Պարադա» ֆիլմի ցուցադրման համար հերթական անգամ դահլիճ չտրամադրելու կապակցությամբ հոկտեմբերի 23-ին նամակով հանդես եկած հայկական հասարակական կազմակերպությունների վրդովմունքը։ Նման հրապարակային միջոցառումների անցկացման խոչընդոտումը մենք գնահատում ենք որպես կարծիքների արտահայտման իրավունքի կոպիտ խախտում։ 

Հազիվ մեկ տարի է անցել այն բանից հետո, երբ մենք գոհունակությամբ նշեցինք, որ համարյա դադարել է քաղաքական նկատառումներով տարածք չտրամադրելու արատավոր պրակտիկան։ Եվ ահա, հայ հասարակությունն այսօր բախվում է նոր, ոչ նվազ ամոթալի երևույթի՝ բազմազանության և անձնական ազատության հիմնախնդիրների շուրջ տեղեկատվության տարածման արհեստական սահմանափակման։ 

Անկախության նվաճումից և երկրի զարգացման ժողովրդավարական ուղու ընտրության հռչակումից 20 տարի անց հայկական պետականությունը, պարզվում է, ի զորու չէ իր քաղաքացիներին պաշտպանել անհանդուրժողականությունից եւ այլատյացությունից։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել ցուցադրումը չեղյալ հայտարարող դահլիճների տնօրինությունների «վախվորածությունը»։ Այս առնչությամբ հնարավոր չէ չհիշել սույն թվականի ապրիլին իրավապահ մարմինների անգործությունը՝ ինչ-որ մեկին «անհաճո» ֆիլմերի ցուցադրման համար դահլիճ տրամադրած Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դեմ ագրեսիվ վերաբերմունքի դրսեւորման ժամանակ։ 

Պետական և հանրային կյանքի կազմակերպման եվրոպական նորմերին հետևել ձգտող իշխանության համար անթույլատրելի է թողտվությունն այն մարդկանց  ու խմբերի հանդեպ, որոնք իրենց իրավունք են վերապահում արգելել, սպառնալ, բռնություն կիրառել, մյուսներին պարտադրել իրենց պատկերացումներն առ այն, թե ինչն է կարելի, և ինչը՝ ոչ»։ 

Նախորդ հոդվածը‘Դի Մատեո. «Շախտյորը» ճնշել էր մեզ’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի կառավարությունը համաձայնել է տոնական զինադադար հայտարարել ‘