‘Երևանում ընթանում է «Արևելյան գործընկերության» և ՍՏՀԿ երկրների կրթության նախարարների համաժողովը’

821

Հոկտեմբերի 17-ին Երևանում մեկնարկել է «Արևելյան  գործընկերության» և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) երկրների կրթության նախարարների համաժողովը, որի աշխատանքին մասնակցում են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, ԵԽ կրթության դեպարտամենտի ղեկավար Շուր Բերգենը, Եվրոպական ուսանողական միության գործադիր կոմիտեի նախագահ Ռոկ Պրիմոչիվը, ինչպես նաև պատվիրակություններ Ռումինիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Բուլղարիայից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից: Համաժողովի արդյունքում կընդունվի համատեղ հայտարարություն: Ինչպես փոխանցում է Արմինֆոն, իր ելույթում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, մասնավորապես, նշել է, որ նման միջոցառումները հարմար հարթակ են եվրոպական ողջ տարածությունում փոխգործակցության հեռանկարների քննարկման համար:

«Բարձրագույն կրթությունն արագ փոխվող աշխարհի պայմաններում հատուկ նշանակություն է ստանում: Եվ կրթական համակարգի զարգացումն «Արևելյան գործընկերության» երկրներում, ինչպես նաև արդյունավետ բարեփոխումների անցկացումը, ԵՄ ուշադրության կենտրոնում են: Եվրամիությունը ֆինանսական աջակցություն է ցույց տվել և այսուհետև էլ ցույց կտա այդ բնագավառում տարբեր ծրագրերի իրագործմանը: Այդ ծրագրերից օգտվել են հազարավոր ուսանողներ»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ 2012  թվականի հուլիսին Հայաստանը 3 տարով ստանձնել է Բոլոնյան գործընթացի քարտուղարությունը:

 

Նախորդ հոդվածը‘Սիրիայի քրիստոնյաները երազում են Ռուսաստանի քաղաքացիության մասի՞ն’
Հաջորդ հոդվածը‘Առաջարկ. Հայաստանում անցկացնել իրանական մշակույթի օրեր ‘