‘Երևանում համերգներ կտա իտալացի անվանի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին (տեսանյութ)’

1276

Իտալացի անվանի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին Հայաստանում համատեղ համերգ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: «Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 30-ին կայանալիք համերգը կնվիրվի Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադրման 50-ամյա հոբելյանին: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, համատեղ համերգ կազմակերպելու մասին իրենց առաջարկը Մոնդելչին միանգամից ընդունել է: Մարտիրոսյանի խոսքով` իտալացի երաժիշտը համաձայնել է` նշելով, որ մի քանի անգամ եղել է և հասցրել սիրել հայ ժողովրդին ու հայկական երաժշտությունը:

«Համերգի համար շատ յուրահատուկ ծրագիր է ընտրված. մեկ համերգի ընթացքում կներկայացվի երաժշտության պատմության 1,5 դար` սկսելով հեշտ ունկնդրվող դասական երաժշտությունից մինչև կինոերաժշտություն, ջազ և տանգո»,- ասաց Մարտիրոսյանը:

Մեկ բաժնից բաղկացած համերգը կսկսվի Գլազունովի սաքսոֆոնի կոնցերտով: Ընդհանուր համերգին Մոնդելչին կունենա երեք մեծ մասնակցություն` սկզբում` դասական, այնուհետև կինո, իսկ վերջում ջազ և տանգո բաժիններում, նվագախումբը միջանկյալ հատվածներում «կկապի» այդ երեքն իրար: Կինոերաժշտության բաժնում ընտրվել են իտալական ֆիլմերից մեղեդիներ:

Բացի հետաքրքիր ծրագրից, հայ հանդիսատեսի համար ևս մեկ անակնկալ է պատրաստված. Մոնդելչին, լինելով հայ երաժշտության սիրահար, կներկայացնի հայկական երաժշտություն` սեփական մեկնաբանությամբ, որն առաժմ գաղտնի է պահվում: «Հայաստանում ամեն տիպի երաժշտություն հնչում է, ուղղակի հարկավոր է լավ մասնագետների ներկայություն ապահովել: Պետք է ամեն ինչ փայլուն ներկայացնել, արվեստին նվիրված մարդու գործը ներկայացնել»,- ընդգծեց հայ երաժիշտը:

Իտալացի անվանի սաքսոֆոնահար Մոնդելլչին ելույթներ է ունեցել Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում կայացած սաքսոֆոնահարների համաշխարհային փառատոներում՝ ներկայացնելով Իտալիան: Իբրև մենակատար` ելույթներ է ունեցել նաև Իտալիայի բոլոր խոշորագույն նվագախմբերի հետ, այդ թվում` Սեյջի Օզավայի ղեկավարությամբ Միլանի դելլա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և BBC ֆիլհարմոնիկի հետ: Վերջին համերգաշրջաններին նա հաճախակի հանդես է եկել Ռուսաստանում և սերտորեն համագործակցում է Մոսկվայի կամերային նվագախմբի հետ:

Նախորդ հոդվածը‘Միրչա Լուչեսկու. «Բորուսիա»-«Շախտյոր» զույգի հաղթողը կխաղա ՉԼ եզրափակիչում’
Հաջորդ հոդվածը‘Վատիկանում բացահայտել են ինքնակոչ եպիսկոպոսի’