‘Երևանում մեկնարկել է ԱՊՀ Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի 25-րդ նստաշրջանը’

793

Հոկտեմբերի 16-ին Երևանում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի 25-րդ նստաշրջանը, որին մասնակցում են ԱՊՀ 9 երկրների ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր, որոնց թվում են Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության (ՕՀԿ) գլխավոր քարտուղար  Միշել Ժարոն և կազմակերպության եվրոպական բյուրոյի տնօրեն Դիմիտար Իվանովը:

Նստաշրջանի օրակարգում ներառված են ԱՊՀ երկրների հիդրոօդերևութաբանական ազգային ծառայությունների գործունեությանը, Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության կոնվենցիայի շրջանակում համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի գործունեությանն առնչվող հարցեր:

Լրագրողների հետ զրույցում Միշել Ժարոն հույս է հայտնել, որ ՕՀԿ հետ Հայաստանի համագործակցությունն ապագահում էլ ավելի կխորանա և կամրապնդվի: «Եղանակը սահմաններ չունի, և համագործակցությունը չափազանց կարևոր է մեր հետագա խնդիրների լուծման համար», — ընդգծել է նա: ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն իր հերթին նշել է, որ Հայաստանն այսօր համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ, որոնք մեզ տրամադրում են համապատասխան տեխնիկական միջոցներ: Նախարարը հույս է հայտնել, որ Ստեփանավանի ԱԻՆ օդանավակայանում նույնպես կտեղադրվի ժամանակակից հիդրոօդերևութաբանական կայան:

Անկախ պետությունների համագործակցության Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհուրդն ստեղծվել է 1992 թվականին: Խորհրդի հիմնական խնդիրներից մեկը ԱՊՀ մասնակից պետությունների հիդրոօդերևութաբանական անվտանգության հայեցակարգի իրագործումն է, որը նախատեսում է հիդրոօդերևութաբանական բնույթի վտանգավոր բնական երևույթներից, եղանակակլիմայական պայմաններից, այլ անբարենպաստ հիդրոօդերևութաբանական և հելիոգեոֆիզիկական գործընթացներից ԱՊՀ երկրների քաղաքացիների և տնտեսությունների պաշտպանությանը նպատակաուղղված համատեղ միջոցառումներ:

Նախորդ հոդվածը‘Միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’