‘Երևանում տեղի է ունեցել երթ` «Ոչ պատերազմին» կարգախոսով’

1294

Այսօր վաղ առավոտից Երևանում ընթացել է քաղաքացիական նախաձեռնության երթ` «Ոչ պատերազմին» կարգախոսով: Ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի ԱԳՆ, այնուհետև` դեպի Ռուսաստանի դեսպանատուն, հետո` դեպի Ազատության հրապարակ: Ակցիայի կազմակերպիչները կարծում են, որ հայ-ադրբեջանական սահմանում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարվածության համար պատասխանատվություն են կրում Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների վարչախմբերը: Ակցիայի մասնակիցները ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման համար պատասխանատու են համարում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն զբաղվում է խնդրի կարգավորմամբ: «Անհասցե հայտարարություններով հանդես գալու փոխարեն Մինսկի միջնորդները պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն արյունահեղությունը կանխելու ուղղությամբ, մասնավորապես, դիպուկահարներին հեռացնեն հայ-ադրբեջանական սահմանից և ԼՂՀ ու Ադրբեջանի շփման գծից», — նշել են երթի մասնակիցները:

Այնուհետև նրանք հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակություններին կոչ են արել համախմբվել և ստեղծել պլատֆորմներ հասարակական քննարկումների համար` խնդրի կարգավորման խաղաղ ճանապարներ գտնելու նպատակով:

Տեղեկացնենք նաեւ, որ երթին մասնակցել է 22 մարդ: 

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Կրակոցներ եղել են, բայց համեմատաբար քիչ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը. ՊՆ’