‘Երևան-Շորժա գնացքում լարված իրավիճակ է. ՀԿԵ-ն շփոթել է երկաթուղայինների օրը (տեսանյութ)’

1887

Այս պահին Երեւան-Շորժա գնացքում լարված իրավիճակ է, գնացքը հսկող ոստիկանը եւ աշխատակիցները պահանջում են ուղեւորներից իջնել հաջորդ կայարանում: Այս մասին հաղորդում է hetq.am-ը: Բանն այն է, որ հուլիսի 31-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն (ՀԿԵ) լրատվական կայքերով, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ երկաթուղայինների օրը՝ օգոստոսի 2-ին, երթեւեկությունը ընկերության ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներում ուղեւորների համար կլինի անվճար:

Սակայն գնացքի անձնակազմը պահանջում է ուղեւորներից վճարել տոմսի համար կամ իջնել գնացքից առաջիկա կանգառում: Ուղեւորներից Փառանձեմ Հովհաննիսյանը «Հետքին» հայտնեց, որ անձնակազմի պահանջը բողոքի ալիք է առաջացրել ուղեւորների շրջանում: Ողեւորները չեն ենթարկվել գնացքը հսկող ոստիկանի Չարենցավանում իջնելու պահանջին եւ այս պահին նրանք գտնվում են Չարենցավանում:

Բնականաբար, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ոչ մի մեկնաբանություն ստանալ չի հաջողվում:

Հարկ է նշել, որ , «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պարզապես շփոթել է, թե երբ է նշվում երկաթուղայինների օրը: Իսկ այդ օրը նշվում է օգոստոս ամսվա ամեն առաջին կիրակի օրը, այսինքն՝ 2014 թ.-ին դա օգոստոսի 3-ն է: 

Նախորդ հոդվածը‘Ռոնալդինյոից մինչև Սուարես.լավագույն տրանսֆերների տասնյակը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ինչու է սրվել իրավիճակը. 3+1 տարբերակ’