‘Երևան քաղաքի ավագանու Կոնգրեսի թեկնածուները խոստանում են թափանցիկ գործել. Տեսանյութ’

1907

Մենք խնդիր ենք դրել քաղաքացուն վերադարձնել իշխանությունը ոչ թե պարզապես բառերով, այլ շատ կոնկրետ, պրակտիկ քայլերով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակի 11-րդ տեղում գտնող Արամազդ Ղալամքարյանը՝ նշելով, որ ավագանու խմբակցություններին տրված լիազորությունները պետք է ամբողջությամբ իրացվեն:

«Ցանկացած խնդրի դեպքում՝ դա կլինի մետրոպոլիտենը, կանաչ տարածքները, ավտոկայանատեղիները, շեշտակի տարբերվելու է մեր գործելաոճն այսօր գործող ավագանու գործելաոճից: Մենք պատրաստվում ենք ոչ թե ուղղակի բառերով իշխանությունը վերադարձնել քաղաքացուն, այլ քաղաքացուն ներգրավել բոլոր այդ պրոցեսներում: Քաղաքացին կարող է արտահայտվել քաղաքացիական ակտիվիստների տեսքով կամ քաղաքացիական խմբերի տեսքով: Խնդիրը հետևյալն է՝ առանց երևանցու համաձայնությունն ունենալու՝ չանել այնպիսի քայլեր, որոնք ազդում են Երևանի ու երևանցու վրա»- ասաց Ղալամքարյանը:

Նրա խոսքով՝ քաղաքացին պետք է իմանա, թե ինչպես է ծախսվել, օրինակ, 50 միլիոն դոլարը, որը քաղաքապետարանի բյուջեի մեկ երրորդն է կազմում, բայց այսօր որևէ մեկը մասնակցություն չի ունենում այդ խնդրի որոշմանը: Ավելին, Ղալամքարյանը նշեց, որ այդ միջոցների հսկայական մասը վարկային միջոցներ են, այսինքն՝ առանց մեր գիտության կամ թույլտվության վերցվում են հսկայական վարկային միջոցներ, որոնք պետք է վերադարձվեն մեր և մեր երեխաների միջոցով:

Կոնգրեսի ցուցակի 17-րդ տեղում գտնվող Եվա Թովմասյանն էլ ասաց, որ ցանկացած խնդրահարույց հարցի մասին խոսելիս պետք է խոսել քաղաքացու առաջ հաշվետվողականության մասին, որովհետև իշխանությունների գործունեության վերահսկողության միակ էական մեխանիզմը, որը կարող է ունենալ քաղաքացին, անընդհատ և թափանցիկ տեղեկատվություն ստանալն է:

«Այսինք, քաղաքացին պիտի իրազեկված լինի և պիտի ցանկանա իրազեկված լինել, իշխանության ծախսերի, իշխանության նախաձեռնությունների, գործողությունների մասին և պիտի կարողանա մասնակցել որոշումների կայացման գործընթացին նախաձեռնության մակարդակով: Քաղաքացուն ոչ թե պետք է ներկայացնել պատրաստի որոշումը, այնուհետև հարցնել նրա կարծիքը, հարուցել բողոքի ցույցեր, դժգոհություններ և այլն, այլ քաղաքացին դեռ նախաձեռնության մակարդակով պիտի տեղյակ լինի՝ ինչ են ցանկանում փոխել իր քաղաքում, ինչ են ցանկանում ստեղծել իր քաղաքում, ինչ միջոցներով է դա արվելու, որտեղից են ստացվելու այդ միջոցները, քաղաքացին պիտի կարողանա արտահայտել իր կարծիքը դրա մասին և ինչպես կարող է ազդել ու մասնակցել դրան»,- ասաց նա:

Եվա Թովմասյանի կարծիքով՝ պետություն-հասարակություն ընկալումը շրջված է. մենք պետությունն ենք ընկալում վերևում, իսկ հասարակությունը՝ ներքևում, մինչդեռ իրականում հասարակությունը պիտի իշխի ու ղեկավարի պետությունը:

Նախորդ հոդվածը‘Հանգստյան օրերի կենտրոնական հանդիպումները’
Հաջորդ հոդվածը‘Էռնեկյանը ցանկանում է քանդել Զվարթնոց օդանավակայանի հին շենքը ‘