‘Ե.Բոզոյան. «Առանց իշխանափոխության՝ Հայաստանի նկատմամբ վստահություն չի լինելու»’

896

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված Զորի Բալայանի բաց նամակին, նշեց, որ դա, ըստ էության, քայլ էր, որով Հայաստանի իշխանությունները մեսիջ էին ուղարկում դեպի Ռուսաստան՝ ցույց տալու համար այդ երկրի նկատմամբ հայ հասարակության դրական տրամադրվածությունը: Երվանդ Բոզոյանը նաև նշեց, որ դա ճիշտ հաշվարկված քայլ չէր, որովհետև հասարակական արձագանքը հակառակ արդյունք տվեց, և իշխանությունները կարող են իսկապես ոչ շահավետ վիճակի մեջ հայտնվել: Անդրադառնալով նաև Մաքսային միությանը միանալու մասին որոշմանը՝ քաղաքագետը նշեց, որ Հայաստանը պետք է զերծ մնար և՛ եվրոպական, և՛եվրասիական ինտեգրացիոն պրոցեսներից, այս դեպքում նա դիրքային առավելություն կունենար և կարող էր կատարել կամրջակի գործառույթ:

Քաղաքագետը նշեց, որ բոլոր այն երկրները, որոնք բարենպաստ հարաբերություններ են հաստատել հակամարտող բևեռների միջև, օրինակ՝ Ավստրիան, Շվեյցարիան և Ֆինլանդիան, շահեկան վիճակի մեջ են հայտնվել, իսկ այն երկրները, որոնք փորձել են հակադրվել, օրինակ՝ Կուբան, Հյուսիսային Կորեան, Վրաստանը,միանշանակ կորցրել են:

 «Վրաստանը, հակադրվելով Ռուսաստանին, կորցրեց տարածքները, իսկ Հայաստանի հակադրման հետևանքով մենք կարող էինք կորցնել ոչ միայն տարածքներ, այլև պետականությունը»,-նշեց Բոզոյանը:

Ըստ Բոզոյանի՝ մենք պետք է դասեր քաղեինք մեր պատմությունից. երբ 1920թ. մենք հակադրվեցինք միանգամից տարածաշրջանային երկու խոշոր բևեռների՝ բոլշևիկյան Ռուսաստանին և քեմալական Թուրքիային և ապավինեցինք հեռու Արևմուտքին, մենք կորցրինք 60 000 քառակուսի կիլոմետր տարածքների ուղիղ կեսը և մեր պետականությունը:

«Մենք չունենք այնքան ռեսուրս, որ կարողանանք հակադրվել ռուսներին էլ, թուրքերին էլ միարժամանակ»,-հայտարարեց Բոզոյանը:

Բանախոսը նաև նշեց, որ եթե մենք չմտնեինք եվրաինտեգրացիոն գործընթացների մեջ, մեզ չէին պարտադրի մտնել Մաքսային միություն: «Մաքսային միությունը մեզ պարտադրվեց զուտ այն պատճառով, որ մենք զոռով մեզ մտցրինք նրա (Արևելյան գործընկերության — խմբ.) մեջ»,- հայտարարեց Բոզոյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ռուսները նախկինում ըմբռնումով էին մոտենում Հայաստանի իշխանությունների հայտարարություններին, թե մենք, չունենալով ընդհանուր սահման Մաքսային միության հետ, չենք կարող դառնալ այդ միության անդամ, բայց մենք ամեն ինչ արեցինք, որ մեզ ստիպեն մտնել Մաքսային միության մեջ:

Պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանափոխությունը չի՞ կարող շոշափելի արդյունքներ տալ և բարելավել հարաբերությունները թե՛ Եվրոպական Միության և թե՛ Ռուսաստանի հետ, Բոզոյանը նշեց, որ իշխանափոխությունը միանշանակ շատ դրական դերակատարություն կարող է ունենալ, եթե Հայաստանում իշխանության գան մարդիկ, որոնք չեն խաբել և «չեն քցել» իրենց գործընկերներին, նրանց խոսքերն ու հայտարարությունները ավելի արժանահավատ կլինեն: Իհարկե, նրանց համար դժվար կլինի վերականգնել վստահությունը Արևմուտքում և  Ռուսաստանում: Այնուամենայնիվ, իշխանափոխությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որպեսզի Հայաստանը դուրս գա ստեղծված իրավիճակից, սակայն առանց իշխանափոխության՝ Հայաստանի նկատմամբ վստահություն չի լինելու ո՛չ Արևմուտքում և ո՛չ էլ Ռուսաստանում, հայտարարեց Բոզոյանը:  

 

Նախորդ հոդվածը‘Լիտվայի Սեյմի փոխխոսնակ. Սերժ Սարգսյանը Վիլնյուս կգա’
Հաջորդ հոդվածը‘Լեգենդը՝ գողականների եւ ոստիկանների հետ ‘