Զա՛րկ, հանուն վաղվա

3118

«Գրողների քո հայրական հին տունը, անսահմանորեն սիրելի Վանո, պայծառամիտ տղա, քո բազում քույրերն ու եղբայրները Անառակ իրենց որդու եւ եղբոր քո վերադարձին չեն սպասում, զի Ավետարանը վկայում է, թե վերադառնում են հորենական եռանդն ու ոսկին մսխելուց հետո, իսկ Գրողական ընտանիքդ քո ո՛չ այդ օրն է բաղձում, այլ վերելքդ, անընդհատ ու շքեղ վերելքդ, ինչին արդեն քոյիդ ներքեւներում թողած մեր խրճիթից հետեւում ենք անատամ բաց բերաններով, խամրած աչքերի հիացումով եւ իհարկե վերջապես ինքնաճանաչմամբ՝ թե բանաստեղծի մեր խորքերում Վանոներ ենք ունեցել:

Գրողների քո հին միություն
13.XI.1996 թ.»
Հրանտ Մաթեւոսյան

Քո հայրական հին տունը` քո Կոթին ու Կարճեւանը, Ահնիձորն ու Տումին, քո Շուշին ու Երազգավորսը, Մատաղիսն ու Կապանը` մանրամասն սիրելու հայրենիք Հայաստանդ, փոքր արագությամբ, թերեւս քո ակնկալածից մի փոքր արագ, այստեղ է հասել ու այստեղ` աճյունիդ առջեւ հրաժեշտի պատվի է առած:

Եվ քո բազում քույրերն ու եղբայրները, քեզանից ավագները եւ քեզանից հետո եկածները, ու նաեւ նրանք, որ քեզ երբեւէ չեն էլ տեսել, բայց ճանաչել են իրենց ուժի ներածին չափով` ճիշտ ինչպես եւ մենք… Նրանք ահա եւ մենք Անառակ իրենց որդու եւ եղբոր քո վերադարձին այլեւս չեն սպասում…

Զի Ավետարանը վկայում է, թե վերադառնում են հորենական եռանդն ու ոսկին մսխելուց հետո — չափազանց երկար են-ենք սպասել, եւ եռանդ ու ոսկի չես մսխել, այլ պարգեւել ես թե՛ ոսկի, թե՛ եռանդ, թե՛ իմաստություն, թե՛ քաջություն համակ, եղել ես անողոք եւ իմաստուն կտրիճ, ծո՛ւռ ես եղել եւ եղել ես ՍԵ՛Ր անսահման:

Եվ ինչպե՞ս պիտի հորենական եռանդն ու ոսկին մսխեիր, եթե շրջվեցիր ու տեսար մի օր, որ Հայր էիր այլեւս ինքդ ու ինքդ` Պարգեւող ու քո առակավորներին ու անառակներին` Տե՛ր:

Անսահմանորեն սիրելի Վանո, պայծառամիտ տղա, ընտանիքդ` մենք` այստեղ եղածներս, մեր ո՛չ այս օրն էինք բաղձում, այլ վերելքդ, անընդհատ ու շքեղ վերելքդ, ինչին արդեն քոյիդ ներքեւներում թողած մեր խրճիթից հետեւելու էին անատամ բաց բերաններով, խամրած աչքերի հիացումով եւ իհարկե վերջապես ինքնաճանաչմամբ՝ թե բանաստեղծի մեր խորքերում Վանոներ ենք ունեցել, ու թե Վանոների վերեւներից մեկնած ձեռքից բռնվելով քոյիդ եռանդով ու ոսկով, անողոք քաջությամբ ու իմաստությամբ առլեցուն, ահա, երկիրն այս ու ժողովուրդն այս ոտքի կելնի ու…

Davit Matevosyan, Vano Siradeghyan
Պայծառամիտ տղա, անսահմանորեն սիրելի Վանո, այդ ընտանիքդ այսօր չարչարանացդ ապաշխարանքը, ընթացքդ ի Բարձրյալը, վերելքդ, անընդհատ ու շքեղ վերելքդ է վկայում, որ Հրանտ Մաթեւոսյանի վկայությամբ սկսվել էր դեռ հեռու եւ մոտ այն տարիներին: Ոչինչ, որ ոտքերիդ տակ ընկան ու սրունքներդ կծեցին, ոչինչ որ երկիրը տապալեցին ու գնդակահարեցին մարդկանց, ոչինչ որ Մհերի Դուռը մտար դու, ոչինչ որ տգիտությունը արշավի է ելել, եւ ամբարտավանությունն այսօր թրենդ է, ու ոչինչ որ լույսի՛, լույսի՛, լույսի՛ պես երեխեք ու այրեր` մեր այդ ընտանիքի մերոնք, ընկան հանուն հաղթանակի, բայց գյադաների ու ներքինիների հետին միտքը պարտությունն էր, ու դավաճանությունն է սավառնում երկրիս սահմանների վրայով, անընդհատ կերպար ու տիպար, անուն-ազգանուն փոխելով: Ու չի երեւում, կարծես թե, վերջը:

Ոչի՞նչ: Իհարկե ո՛չ: «Էդ ոնց, է՞, ոչինչ»,- կասեիր:

Տես թե ինչ կասեմ. անցյալ դարասկզբի մեր կործանման ու Եղեռնի հանգույն, մենք մի կարճ անկախություն ունեցանք — մեր դարավոր միտքն ու զգացմունքը` հենք, անցյալ դարասկզբին մեր եղած միտքը, եղած մշակույթը, տե՛ս, որ պարպվեց ու երկու տարվա անկախություն պարգեւեց ոչնչացածներիս:

Ապա դեպի արդեն իր ավարտը գլորվող այդ նույն անցյալ դարը պարպվեց քանդվող կայսրության ներսում ծվարածներիս մեջ ու միջեւ, եւ երեսուն տարի անկախություն ունենք:

Անկախությունն այդ` պարպումն այդ անհատականությունների ձիրք, խելք ու ձեռագիր ուներ, մեղավորներ ուներ. դուք եւ մանավանդ դու մեղավոր էիք: Ու ձեզ չէր ներվելու: Բայց մինչեւ կհասցնեին հեղափոխության դասական սխեմայով ռոմանտիկներիդ ոչնչացնել, հասցրիք հաղթել, կայունացնել, սահմանել: Քի՞չ էր: Այո՛: Պետք էր ավելի՞ն: Այո՛: Բայց ա՛յն է, ինչ որ է՛: Մեր պարպումն այդ է: Մեր դառնությունն այդ է: Մեր հաղթանակն էլ այդքան է ու այդպես: Կարողացե՛լ եք: Կարողացե՛լ ես:

Ու դա է եղել քո արժանապատիվ վերելքի սկիզբը. ամենուր եւ մեկը հենց քո շուքի տակ առաջացած, ծվարած, մեջք շտկած գորշերի, բարոյական ներքինիների, գյադաների` գորշությամբ ու ստվերով լույսն օրինաչափորեն ոչնչացնելու կանոններին դու քո իռացիոնալ սիրով, իռացիոնալ մտքով, իռացիոնալ քաջությամբ վրա բերածդ հաղթանակներով «դե հիմի կերեք» ես չափալախել:

Էպոսի Փոքր Մհերը կասեր` հողը ղալբ է` ինձ ու Քուռկիկին չի պահում: Դուք ու հատկապես դու, ձեր ջանքով, արյամբ, ինքնասպանությամբ հող եք թողել, երկիր եք թողել, որ ղալբ է հնուց ի վեր ու ձեզ չի պահում, բայց կա – թողել եք: Արդ երեսուն տարի: Ու նույնիսկ ամենագորշ կառավարումն ու տգետ կառավարիչը չեն կարողանում, դեռ չեն կարողանում վերջապես կազմաքանդել այն:

Քեզ ճանաչելով, ես գիտեմ, որ քո նույնիսկ բացակայությամբ դու ներկա էիր ու վտանգ` քո Աստծո՛ւն վայել անողոք սիրով, ատածդ դասի հանդեպ ու համար: Ես գիտեմ` քո մահով էլ դու դրանց քթից ես բերում ու բերելու: Քո կարգն է այդպիսին: Բաժանարա՛ր ես, փորձաքա՛ր, լակմո՛ւս: Աճյունդ էլ սարսափելի է շնչավոր էդ մեռելների համար, եւ մահիցդ միայն երկու ամիս անց աճյունդ Հայաստան հասավ: Տե՛ս, թե դեռ ինչեր կլինեն: Հանուն Հայաստանի, հանուն մեզ: Ու դեռ ի՜նչ փորձանքներ կբերես դու դրանց գլխին: Մինչեւ որ վերանան էս երկրից, ու հեռանա պատուհասը:

Ուստի բաղձում եմ, անսահմանորեն սիրելի Վանո, պայծառամիտ տղա, որ վերելքդ, անընդհատ ու շքեղ վերելքդ Անհունի սահմաններից մեզ լույս տա այնպես, որ քոյիդ ներքեւներում թողած մանրամասնորեն սիրելու արժանի հայրենիքում այլեւս անատամ բաց բերաններով, խամրած աչքերով չհանդուրժենք դավաճանության, ձախավերության եւ տհասության դաշնի այս հաղթարշավը, այլ Բարձր Ոգուդ օրհնանքով աչքներիս փայլը ետ գա վերջապես ինքնաճանաչմամբ. չէ՞ որ բանաստեղծի մեր խորքերում Վանո ենք ունեցել:

Ուստի ես ասում եմ, ի հեճուկս չար ու չկամ մտքի, չկամ խոսքի, չկամ գործի եմ ասում եւ ի հեճուկս բացակա արարողակարգի եւ ծեսի` այստեղ է, Կոթիում է այսուհետ Հայոց մեծերի պանթեոնի մի սրբազան շիրիմը:

Ի սեր Վանո Սիրադեղյանիդ երկրային կյանքի յոթ տասնյակ տարիների, ես հիմա ասում եմ, ես հրահանգում եմ սգո եւ անպարտության զինյալ ի՛մ շքախմբին`
Զա՛րկ, հանուն ստեղծածդ բարձր գրականության,
Զա՛րկ, հանուն հայրենիքդ մանրամասնորեն սիրելու քո կարողության,
Զա՛րկ, հանուն Արցախյան շարժման եւ հանուն Արցախի,
Զա՛րկ, հանուն ձեր` հիմնադիրներիդ մեզ թողած, արդեն երեսուն տարի զարմանալիորեն կանգուն պետականության,
Զա՛րկ, հանուն Հայաստանի անկախության քո անձնվեր, հաղթական կռվի,
Զա՛րկ, հանուն հաղթահարման` որեւէ պարտություն հաղթանակ դարձնելու քո բացառիկ կարողության,
Զա՛րկ, հանուն այսօրվանից յոթանասուն տարի անց շիրիմիդ այցի եկած ջինջ աչքերով, շիտակ հասակով լուսավոր աղջիկների եւ տղաների, որ վաղը, տեսնում եմ` գիտեն` Վանոն ով է, գիտեն` ով եւ ովքեր են երեկ տեր եղել երկրին, եւ ումից են իրենք` երկրի վաղվա այդ տերերը, ժառանգել գուրգուրածդ երկիրը:

Իսկ երկրային կյանքիդ վերջին հինգ տարին, որպես տեսակիդ մանանեխահատ ու ցորեն, ես ահա բաշխում եմ երկու բռանս մեջ ու ցանում քեզ համար այստեղից յոթ տասնյակ եւ հինգ տարի առաջ սկիզբ առած Հայաստանում: Ցա՛վդ տանեմ:

Եղիցի՛ այդպես:
Ամե՛ն:

Դավիթ Մաթեւոսյան

Ալիք Մեդիա

Հ․Գ․ Դավիթ Մաթեւոսյանն իր այս խոսքը հնչեցրել է Կոթի գյուղում՝ Վանո Սիրադեղյանի հուղարկավորության ժամանակ։

Նախորդ հոդվածըՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայողի դի
Հաջորդ հոդվածըԱրագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 11 մասնակից