‘Զաուր Դադաևը խոստովանել է, որ կապ ունի Նեմցովի սպանության հետ’

1124

Ինչպես տեղեկացրել ենք, անցյալ շաբաթ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող երկու անձանց բերման ենթարկելու մասին: Կիրակի Մոսկվայի Բասմանյան դատարանը Նեմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաևին և Անզոր Գուբաշևին մեղադրանք է ներկայացրել:

Նրանցից մեկը՝ Զաուր Դադաևը, խոստովանական ցուցմունքներ է տվել, տեղեկացրել է դատավորը:

Վերջինիս խոսքով՝ կալանքի ժամկետը սահմանվել է մինչև ապրիլի 28-ը, քանի որ մտավախություն կա, որ Դադաևը կփորձի թաքնվել հետաքննությունից, կսպառնա վկաներին կամ կվերացնի իրեղեն ապացույցները:

 Բասմանյան դատարանի դատավոր Աննա Ֆադեևան հայտնել է Նեմցովի սպանության գործով ևս երեք ձերբակալվածների անուններ. նրանցից մեկը Անզոր Գուբաշևի կրտսեր եղբայրն է, ինչպես նաև՝  Ռամզատ Բախաևը և Թամերլան Էսկերխանովը: Նրանք բոլորը հերքում են իրենց մասնակցությունը սպանությանը:

Իսկ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Զաուր Դադաևին անվանել է «Ռուսաստանի իսկական պատրիոտ», ով ներքին զորքերում ծառայություն անցնելիս «ամենախիզախ և քաջ զինվորներից մեկն էր»: Կադիրովը համոզմունք է հայտնել, որ Դադաևը չէր կարող «մի քայլ անգամ անել ընդդեմ Ռուսաստանի», փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանի կորած զինվորին մահացած են գտել’
Հաջորդ հոդվածը‘ Գյումրիում փոխհրաձգության հետևանքով 6 մարդ է վիրավորվել’