‘Զավեշտալին, խնդալունն ու ողբերգականը’

17658

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակին:

Հարցարույցից պարզ է դառնում մի քանի բան.

Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի հետ չի հանդիպել, քանի որ քարոզչական մեքենան աշխատում էր հանուն ներքաղաքական նպատակների:

Է, էս հարցազրույցն էլ կարող է հանուն ներքաղաքական նպատակների օգտագործվել, հարցազրույց տալու իմաստը ո՞րն էր: Ցանկացած քայլ ու խոսք էլ քարոզչական մեքենան աշխատեցնելու է հանուն ներքաղաքական նպատակների: Երկրի գլխին փորձանք է կախվել, շուրջ 100 զոհ ունենք (չնայած՝ զոհի փաստարկը Մարտի 1-ի կազմակերպիչներից մեկը հանդիսացող Քոչարյանի համար դժվար թե գործոն լինի), արմատական իրավիճակ է փոխվել՝ մարդը քարոզչական մեքենայի շահարկումների մասին է մտածում: Մարդ, ով 10 տարի, հանգամանքների բերումով, ղեկավարել է երկիրը:

Պետք էր(է) զինվել: Հմմմ… ոչ ոք չէր «ֆայմել», որ պետք էր(է) զինվել: Надо с врагами бороться! С ними надо уметь бороться! Врагов надо побеждать! Ինչպիսի~ բացահայտում: Հիմա ցանկացած ութերորդ դասարանցու հարցրեք՝ ինչ է պետք անել, կասի՝ պետք է շատ զենք գնել: 10 տարի նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը նման ծանր իրավիճակում հայտնված պետության համար լուծումներ առաջարկելիս մատնացույց է անում այն, ինչ հայտնի է բոլորին, ու դրա շուրջ տարակարծություն էլ չկա հասարակության մեջ:

Ամենից խնդալուն, իհարկե, Քոչարյանի կոչն է՝ կոռուպցիայի դեմ պայքար մղել ոչ թե խոսքերով, այլ գործով: Ում «նախագահության» տարիներին կուռուպցիոն հանցագործությունների համար դատապարտված մարդկանց թիվը կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա, և որի ընթացքում կոռուպցիան վերից վար կուլ տվեց երկիրը: Եթե կախարդական փայտիկով այսօր հնարավոր դառնար գործնական պայքարը կոռուպցիայի դեմ, գործող իշխանությունն ու Քոչարյանը մի բանով հաստատ օգտակար կլինեին այս պետությանը՝ նրանցից առգրավված և բյուջե մտցված գումարներով հնարավոր կլիներ վերջնականապես զինել Հայաստանն ու Ղարաբաղը ամենանորագույն զինատեսակներով: Ու Ադրբեջանը տեսանելի ապագայում մտքով չէր անցկացնի պատերազմ սանձազերծել:

Եվ, ի վերջո, ամենաողբերգականը: Մարդ, որը 10 տարի զբաղեցրել է նախագահի աթոռը, որը պաշտոնի բերումով բանակցել է ղարաբաղյան կարգավորման գործընթացում (թե ինչպես է բանակցել, մեծ մասամբ  հայտնի է, և ժամանակն ավելի ցայտուն կդարձնի դա), ունի զրո ասելիք հասարակությանը, թե ինչ պետք է անել պետությունն այս վիճակից դուրս բերելու համար: Զրո: Զինվելը չենք հաշվում: Դրա մասին մեր հարևան Գեղամը ասել էր դեռ պատերազմի երկրորդ օրը: Ի՞նչ մարտահրավերներ են կանգնած Հայաստանի առաջ, որո՞նք պետք է լինեն իշխանության, հասարակության, քաղաքական ուժերի առաջնահերթությունները: Չնայած՝ ինչ էր պետք սպասել մի մարդուց, ով նման ասելիք չուներ իշխանության գտնվելու տասը տարիներին, և ով պատմության մեջ հիշվելու է ոչ թե պետության համար կարևոր ինչ-որ հարցում լուծում առաջարկելու, հանրությանը որևէ միտք ներկայացնելու, պետության համար որևէ մեկ ռազմավարական խնդիր լուծելու, այլ իր իշխանավարումը հոկտեմբերի 27-ով սկսելու և մարտի 1-ով ավարտելու համար:

Այս հարցազրույցն էլ լրացրեց Քոչարյանի տված բազմաթիվ դատարկ հարցազրույցների շարքը: Կարելի է հանգիստ գրազ գալ, որ մի շաբաթ հետո ում էլ հարցնես, թե ինչ էր ասել Քոչարյանը մի շաբաթ առաջ, ոչ ոք չի հիշելու:

Արմեն Եղիազարյան

 

Նախորդ հոդվածը‘Եվրոպայում մոլեգնում են ջրհեղեղները’
Հաջորդ հոդվածը‘Զինվոր է զոհվել ‘